Մեկնաբանություն

09.06.2015 00:05


Մի տարօրինակ գործարքի պատմություն

Մի տարօրինակ գործարքի պատմություն

Եվ այսպես, փետրվարին տեղի ունեցած հակասահմանադրական գործընթացները տալիս են իրենց արդյունքները։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ՝ Կառավարությունում այսօր ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիր Հայաստանի Հանրապետության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր», «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջև:

Որոտանի հետ կապված մութ պատմությունը և գործարքը թույլ չտալը ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի, «Ժառանգության» և ՀԱԿ–ի համատեղ 12–կետանոց պահանջում կար (հիմա այդ կուսակցությունները կարծես մոռացել են իրենց իսկ պահանջի մասին ու այլ գործերով են զբաղված)։

Գագիկ Ծառուկյանի «հարցերը լուծելուց» և «քառյակից» «եռյակի» վերածված քաղաքական միավորման ֆինանսական ու կազմակերպչական ինքնաբավությանը հասցրած հարվածից հետո Սերժ Սարգսյանն անցավ կիսատ թողած գործին։

Փետրվարյան դեպքերից հետո առաջինը Որոտանի հարցը մտավ Կառավարության օրակարգ։ Մինչ այդ վաճառքի գործընթացը կանգնեցվել էր, քանզի քաղաքական դաշտում այդ գործարքին դիմադրություն ցույց տվող կար։

Այսօր արդեն վերջնականապես կայացավ գործարքը, որը, առանց չափազանցության, կարելի է գնահատել որպես նորանկախ Հայաստանի ամենամութ և ամենահակապետական ակտերից մեկը։

Այս գործարքը նաև տարօրինակ բնույթ ունի։ Տարօրինակ է այն առումով, որ առքուվաճառքի պահն արձանագրող լուսանկարներում չկան իրական վաճառողն ու գնորդը։ Այսինքն, չկա շահառու կողմը։

Լուսանկարներում շահառուն չի երևում այն պարզ պատճառով, որ գնորդն ու վաճառողը, ըստ էության, նույն մարդն են, ով գիտի, թե ինչ է արել, ու այդ իսկ պատճառով չի ուզում հանրության աչքին երևալ, թեև տեսնողը նրան տեսնում է։

Շահառուն ցանկացել է մնալ ստվերում։ Ամերիկյան գործարարը, վաճառքի թղթերը ստորագրող Երվանդ Զախարյանը, քավության նոխազի դերի համար նախապատրաստվող Հովիկ Աբրահամյանը և Կառավարության մյուս ներկայացուցիչները ձևականորեն են մասնակցել գործարքի շրջանակներում տեղի ունեցած ֆոտոսեսիային։ Միայն միամիտների համար է նախատեսված այն լուրը, թե ամերիկյան ներդրումների լավ օրինակ է սա։ Նման բան չկա։ Որոտանն այնքան ամերիկյան է, որքան ես՝ բրազիլացի։

Ինչ մնում է շահառուին, ապա նրան պետք է փնտրել Բաղրամյան 26ում։

Դե, իսկ գործարքից տուժողներին փնտրելու կարիք չկա, քանզի նրանք ամենուրեք են։ Տուժել են ՀՀ քաղաքացիները և մեր պետությունը։ Տուժել ենք բոլորս։

Ուշագրավ է, որ հոսանքի գնի թանկացման դեմ «քաղաքացիական» կռիվ տվողները ծպտուն անգամ չեն հանում Որոտանի գործարքի թեմայով, ու չեն գոռում «Ո՛չ թալանին», մինչդեռ ավելի թալանչիական գործարք Հայաստանն անկախացումից ի վեր չէր տեսել։

Ի դեպ, հոսանքի գնի թանկացումն արվում է նախ և առաջ այն պատճառով, որպեսզի ապահովվի Որոտանի համալիրի իրական տերերի գերախորժակը՝ գերշահույթի միջոցով (հայտնի է, որ Որոտանն ամենացածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա արտադրող կառույցն է)։

Ահա այսպիսի բաներ։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը