Մեկնաբանություն

10.06.2015 12:00


Սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը

Սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը

Հայաստանի հեռավոր գյուղերի չոբանների համար էլ է պարզ, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են ոչ թե մարդակենտրոն համակարգ ստեղծելու, ոչ թե մարդու իրավունքներն ավելի պաշտպանված դարձնելու, ոչ թե պետական կառավարման համակարգն արդյունավետ դարձնելու, այլ գործող մայր օրենքի 50–րդ հոդվածում ամրագրված խոչընդոտը վերացնելու համար։

Ըստ այդ հոդվածի երրորդ մասի՝ «Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում»:

Սահմանադրությունը փոխում են, որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա մնալ պետական կառավարման համակարգում, քանզի նա չի կարող և չի ուզում որևէ մեկին զիջել աթոռը։

ՀՀԿ ղեկավարը լավ գիտի, թե ինչպես է կառավարել, լավ գիտի, թե ինչպես է իրեն պահել իր «հարյուր տարվա ընկերոջ» հանդեպ, ու ենթադրում է, որ իր հետ էլ կարող են նույն կերպ (կամ ավելի վատ) վարվել, հետևաբար ամենամտերիմ մարդկանց էլ չի ուզում վստահել։

Սարգսյանն ուզում է պահպանել իր տեղը պետական կառավարման բուրգում։ Թե ինչպիսի կարգավիճակով, դեռ վերջնական որոշում չկա, կամ էլ՝ կա այդ որոշումը, բայց առայժմ չեն ներկայացնում հանրությանը։

Եվ այսպես, սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը վերարտադրությունն է և ցմահ իշխելու հնարավորությունը։ Կա նաև այլ կետ այդ նպատակում, այն է՝ իշխանությունը ժառանգական ու փոխանցովի դարձնելը։

Հայաստանում Անդրանիկ Մարգարյանի ձեռամբ ներդրվեց որդիներին պաշտոն նվիրելու և պետական կառավարման համակարգ մտցնելու խաղի կանոնը։ Այդ կանոնից օգտվեցին ներկայումս գեներալ–պատգամավոր աշխատող Մանվել Գրիգորյանը, ԱԺ նախագահ նշանակված Գալուստ Սահակյանը ու էլի շատ–շատերը։

Գայթակղությանը չդիմացավ նաև հանգամանքների բերումով վարչապետ դարձած Հովիկ Աբրահամյանը, ով իր որդուն «հաղթեցրեց» Արտաշատի քաղաքապետի ընտրություններում։

Նմանատիպ գործընթացներն ակնհայտորեն խրախուսվում են Բաղրամյան 26ի կողմից։ Հանրության աչքի համար ուզում են սովորական դարձնել կլանային–գիլդային համակարգը։

Սերժ Սարգսյանը խրախուսում է պաշտոնյաների որդիների առաջխաղացումը, քանզի ինքն էլ նման նպատակներ ունի։ Ահա և սահմանադրական փոփոխությունների թաքնված նպատակներից մեկը։ Այսինքն, խնդիր է դրված ադրբեջանական տիպի սուլթանատ ձևավորել մեզանում։ Թե ինչի դա կարող է հանգեցնել, դժվար չէ գլխի ընկնելը։

Հետևաբար, այս իշխանությունների վերարտադրություն թույլ չտալն ազգային անվտանգության խնդիր է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը