Մեկնաբանություն

11.06.2015 00:35


Կառավարությունն՝ ընդդեմ մոծակների

Կառավարությունն՝ ընդդեմ մոծակների

Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը սիրում էր մասշտաբային ծրագրերի իրականացման մասին խոստումներ տալ։ Օրինակ՝ Գյումրին դարձնել ծովափնյա քաղաք, Դիլիջանը՝ միջազգային ֆինանսական կենտրոն, Ջերմուկը՝ միջազգային առողջարանային կենտրոն, և այդպես շարունակ։

Կային է՛լ ավելի «գլոբալ» ծրագրեր։ Օրինակ՝ Իրան–Հայաստան երկաթգծի կառուցումը, նոր ատոմակայանի շինարարությունը, Համահայկական բանկի միջոցով բազմամիլիոնանոց ծրագրերի ֆինանսավորումը, Հյուսիս–Հարավ մայրուղու կառուցումը և այլն։

Այդ ծրագրերից որևէ մեկը չիրականացվեց, բայց «զատո» դրանք շատ գեղեցիկ էին հնչում։

Ինչ պակաս հնչեղություն ուներ տուրիզմի զարգացման նպատակով երկու հատ չաշխատող բիոզուգարանի գնումը մի քանի հարյուր հազար դոլարով։ Ոչինչ, որ դրանք չէին աշխատում, փոխարենը՝ ահագին տուրիստ նկարվում էր թանկարժեք արտաքնոցների համապատկերին։ «ԿրեաԾիվ» էր, այնպես չէ՞։

Տիգրան Սարգսյանը տուրիզմի զարգացման վրա, կարելի է ասել, սևեռված էր, ու այդ իսկ նպատակով դաժան պայքար էր մղում Ջերմուկում դավադրաբար «ֆռֆռացող» մոծակների դեմ։ Հանուն այդ պայքարի հաջողության՝ նա 20 միլիոն դրամ էր հատկացրել։

Ճիշտ է, մոծակները ցուցաբերում էին ցածր «քաղաքացիական» գիտակցություն, և հաշվի չէին առնում իրենց դեմ պայքարելու համար հատկացված գումարի չափը՝ շարունակելով կծոտել Ջերմուկ այցելողներին, բայց կարևորը դա չէր։

Կարևորն այն էր, որ փողը դուրս էր գրվել բյուջեից, և ծախսվել էր։

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, որը հանդիսանում է Տիգրան Սարգսյանի կառավարության ժառանգորդը, որոշել էր մի քիչ թուլացնել մոծակների դեմ պայքարը՝ դրանով իսկ ձգտելով տարբերվել իր նախորդից։

Տիգրան Սարգսյանից տարբերվելու ձգտումն ու մոծակների հանդեպ ունեցած բարի վերաբերմունքն էր, թերևս, պատճառը, որ 2014թ. ընդամենը 4,5 միլիոն դրամի չափ էր գումար տրվել մոծակների դեմ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։ Այս տարի, սակայն, Տիգրան Սարգսյանի ուրվականը վերադարձել է Հանրապետության հրապարակ։ Արդյունքում՝ Ջերմուկում մոծակների դեմ պայքարելու համար Կառավարությունը տվեց 15 միլիոն դրամ։

Ոմանց կարող է հետաքրքրել, թե ինչն է պատճառը, որ նախորդ տարի, այս տարվա համեմատ, երեք անգամ քիչ փող է դուրս գրվել մոծակների վրա։ Ի՞նչ է, նախորդ տարի մոծակները պակա՞ս ագրեսիվ էին ու կպչուն։

Այս հարցի պատասխանը պետք է փնտրել Ջերմուկում վերջերս բացված նոր հյուրանոցում։

Տարբեր լուրեր են տարածվում դրա իրական սեփականատիրոջ հետ կապված։ Եթե համադրում ենք այդ լուրերը մոծակների դեմ պայքարելու համար հատկացված գումարի չափի հետ, ապա պարզ է դառնում, որ որդեգրվել է «Խփենք մոծակներին՝ փրկենք տուրիստներին, ու նպաստենք հյուրանոցի սեփականատիրոջ բիզնեսի զարգացմանը» կարգախոսը։

Նախորդ տարի հյուրանոցը դեռ բացված չէր, ու Ջերմուկ այցելողներն այնքան էլ չէին հետաքրքրում որոշ մարդկանց։ Այս տարի հյուրանոցը բացվեց, մոծակների դեմ պայքարի ֆինանսավորումն էլ՝ հետը։

Եթե տուրիզմն այս ճանապարհով զարգանալու է, ապա ինչպես հայտնի անեկդոտում է ասվում՝ «Տոգդա ագոնյ, ագոնյ, ի բեսպաշչադնի ագոնյ»։ Նկատի ունեմ մոծակներին խփելը։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը