Մեկնաբանություն

11.06.2015 11:00


«Սահմանադրական» մանիպուլյացիաներ

«Սահմանադրական» մանիպուլյացիաներ

Սահմանադրական փոփոխությունների հետ կապված՝ որոշակի գաղտնիություն կա, թեև գլխավորի մասին բոլորը գիտեն։

Գիտեն, որ դա արվում է վերարտադրության և ցմահ իշխելու հնարավորության համար։ Կստացվի՞, թե՞ ոչ՝ այլ հարց է։

Փոփոխությունների մասով գաղտնիք է մնում միայն մոդելի հարցը։ Իշխանությունները երկու տիպի «մեսիջ» են բաց թողնում, ընդ որում՝ իրարամերժ «մեսիջներ»։

Տարատեսակ մարդկանց միջոցով հայտարարվում է, որ կարող են գնալ կիսանախագահական համակարգը պահպանելու ուղղությամբ (մեր ողջույնները ՀՅԴ սկզբունքային վերնախավին)։ Խոսվում է նաև խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին (մեր ողջույնները մյուս «խուրդվածներին»)։

Դատելով ամենից՝ Բաղրամյան 26–ում դեռ չեն կողմնորոշվել։ Կամ էլ՝ կողմնորոշվել են, բայց չեն ուզում այդ մասին հայտարարել։

Կա նաև երրորդ վարկածը։ Փետրվարյան հակասահմանադրական հայտնի իրադարձություններից հետո նախագահական նստավայրում հա՛մ խորհրդարանական մոդել են ուզում, հա՛մ կիսանախագահական են ուզում, հա՛մ նախագահական են ուզում, հա՛մ շեյխական են ուզում, հա՛մ խուրմա են ուզում ... Մի խոսքով, բոլորը միասին են ուզում։

Թե ինչ վերջնական տեսք կտան մայր օրենքին, կերևա առաջիկա ամիսներին։

Այս պահին մենք ականատեսն ենք մանիպուլյացիաների։ Մանիպուլացվում են ինչպես փոփոխությունների գործընթաց ներքաշված կուսակցությունները, այնպես էլ գործընթացի հանդեպ անտարբեր, հանրության լայն շրջանակները։

Մանիպուլյացիաները կդադարեցվեն, երբ իշխանություններին այլ տիպի գործընթացներ պարտադրվեն։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը