Լրահոս

12.06.2015 10:35


Բիբինն անարդյունավետ աշխատանքի համար մեղադրում է ՀՀ իշխանություններին

Բիբինն անարդյունավետ աշխատանքի համար մեղադրում է ՀՀ իշխանություններին

«Վերջին երեք տարվա ընթացքում ՀԷՑ-ի աշխատանքի վրա սկսեցին ազդել համակարգային խնդիրները, որոնք ոչ մի ձևով կապված չեն ընկերության գործունեության հետ»,–ինչպես հայտնում է «arminfo»–ն, այս մասին հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը:

Որպես համակարգային խնդիր՝ նա մատնանշել է մեծ և փոքր ՀԷԿ-երի արտադրանքի ծավալների նվազումը, Ատոմային էլեկտրակայանի վերանորոգման ժամկետների ձգձգումը, էներգահաշվեկշռի խախտումը:

«ՀԾԿՀ կողմից հաստատված էներգահաշվեկշիռը այս հանգամանքները չէր նախատեսում: Արդյունքում՝ ընկերությունը չի ստացել 37,6 մլրդ դրամ նախատեսված եկամուտը: Ահա սա է հենց ստեղծված դժվարին ֆինանսական իրավիճակի հիմնական պատճառը: Չի կարելի ասել, որ հանրապետական իշխանությունների, ՀԾԿՀ համար սա նորություն էր: Մենք տեղեկացնում էինք թե՛ Կառավարությանը, թե՛ ՀԾԿՀ-ին ստեղծված իրավիճակի մասին, սակայն, ցավոք, նրանց կողմից բոլոր ձեռնարկվող միջոցներն անարդյունավետ էին»,–ընդգծել է Բիբինը:

Նա հավելել է, որ միայն վերջին մի քանի ամսվա ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը կից ձևավորվեց աշխատանքային խումբ, որը պետք է մշակեր էլեկտրաէներգիայի իրատեսական հաշվեկշիռների հաշվարկման մեթոդիկա: Բայց արդյունքում՝ ընդունված և նախարարի կողմից հաստատված փաստաթուղթը, որը սահմանում է արտադրության կառուցվածքի պլանավորման ընթացակարգերը, աշխատանքի ռեժիմները, իմաստային առումով մեթոդիկայից վերանվանվել է կարգի.

–Սակայն այն, միևնույն է, չի պատասխանում գլխավոր հարցերին՝ ի՞նչ անել պլանավորվող ցուցանիշներից շեղվելու դեպքում, ինչպե՞ս բաշխել առաջացող ռիսկերը, և ո՞վ է պատասխանատու ֆինանսական կորուստների համար:

ՀԷՑ գլխավոր տնօրենը նաև նշել է, որ վերջնական սակագները 2013-2014թթ. համար մեծ մասամբ պայմանավորված են էներգահամակարգի՝ այլ օղակներում ծախսերի ավելացման հետ.

–Եվ ես վստահ չեմ, որ ոչ լիարժեք ֆինանսավորման խնդիրները երկրի էներգետիկայում անհրաժեշտ է լուծել միայն սակագնի միջոցով: Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Մենք մեկ տարի առաջ ներկայացրել ենք դրանք ՀԾԿՀ քննարկմանը: Չէ՞ որ 1999 թվականին հաստատված միադրույք սակագներից կազմված սակագնային համակարգը այդ ժամանակվանից չի փոփոխվել, սակագների տարբերություն սպառողների տարբեր խմբերի համար, որոնք դասակարգվում են ըստ լարման մակարդակների, չկա: Ըստ էության, 1999 թվականին (անցա՛ծ դարում) սահմանված սակագներին ավտոմատ կերպով ավելանում էր միևնույն մեծությունը: Այս ամենը հիմք է տալիս կասկածի տակ դնելու սահմանված սակագների տնտեսական հիմնավորվածությունը և արդարությունը:

ՀԷՑ-ի տնօրենն ընդգծել է, որ իրենց առաջարկներն արդեն մեկ տարուց ավելի քննարկվում են ՀԾԿՀ-ում, սակայն «բարձրացված խնդիրների լուրջ քննարկումներ անգամ չեն անցկացվում»:

Բիբինն անկեղծացել է, որ հայտը ՀԾԿՀ ներկայացնելուց իրենք ակնկալում էին քննարկել Հայաստանի ամբողջ էներգետիկ ոլորտում ստեղծված համակարգային հաշվեկշռի խախտման վերաբերյալ թեմաները, աակայն այսօր տեսնում են, որ մեծ մասամբ քննարկումները ծավալվում են մեքենաների, անշարժ գույքի և այլի վարձակալության շուրջ.

–Ըստ էության, քննարկվում է այն, ինչ սակագնում կամ ընդհանրապես չի ներառվում, կամ մեկ տոկոսից պակաս է: Իսկ համակարգային խնդիրները կրկին չեն բարձրաձայնվում, կրկին ոչ ոք ոչինչ չի ցանկանում փոխել:

Նա նաև ավելացրել է, որ ընկերությունից չկախված պատճառներով՝ առաջացել են ֆինանսական ճեղքվածքներ. ընդ որում, պետությունը ոչ մի արտահերթ միջոց չի ձեռնարկել իրավիճակը շտկելու համար:

–Իսկ խնդիրները լուծելը մայր ձեռնարկության հաշվին կնշանակեր, որ էլեկտրաէներգիայի հայաստանյան ողջ շուկան ֆինանսապես օժանդակում է ռուսական ընկերությունը, այն էլ՝ անհատույց: Եթե դուք լինեիք ղեկավարը, դուք կհամաձայնեի՞ք նշվածի հետ,–ավելացրել է Բիբինը,–վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի կառավարությանը, կարգավորողին ուղղված՝ առաջացող ֆինանսական միջոցների դեֆիցիտների հետագա ծածկման անհնարինության մասին մեր բոլոր բազմաթիվ դիմումները մնում էին անպատասխան: Եվ կրկին մենք երկար ժամանակ է, ինչ կոչ ենք անում Կառավարությանը էլեկտրաէներգիայի դիմաց պարտքերի խնդրին համակարգային լուծում տալ, առաջարկում ենք այլ երկրների կողմից ընդունված համանման միջոցառումներ, այդ թվում՝ տույժերի զգալի ավելացման և չվճարողներին պարտադիր պատժելու վերաբերյալ: Բայց և այս հարցում լուրջ առաջընթաց դեռ չի դիտվում:

ՀԷՑ–ի գլխավոր տնօրենը պնդել է, որ սակագնի բարձրացումն այսօր հարկադրված միջոց է:

–Բնականաբար, այսպիսի լուրջ աճից կարելի էր խուսափել, եթե պետությունը յուրաժամ ընդուներ որոշումներ շուկայում հաշվեկշռի խախտման մասով, և եթե փոփոխվեր համակարգը, որի պարագայում հաշվեկշռի խախտման բոլոր վնասները կրում է ՀԷՑ-ը: Այլ կերպ ասած՝ եթե Կառավարությունն այս սեգմենտում կատարեր շուկայական արդար բարեփոխումներ: Բայց, ցավոք, ինչքան էլ մենք խնդրեցինք, ամեն ինչ մնացել է նույնը, ինչի արդյունքում էներգետիկ բնագավառում կուտակվել են ահռելի պարտքեր: Եվ ներկա իրավիճակում միայն սակագնային որոշումները կարող են հուսադրել, որ էլեկտրաէներգետիկայում հուսալիության «անկում» չի լինի,–նշել է Բիբինը:

Մանրամասները՝ «arminfo»–ում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը