Մեկնաբանություն

12.06.2015 17:30


«Նաիրիտից» մինչև «Որոտան»

«Նաիրիտից» մինչև «Որոտան»

«Նաիրիտի» աշխատակիցների պայքարը տալիս է իր արդյունքը։ Էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ մինչև հաջորդ ամսվա առաջին կեսն աշխատողների աշխատավարձերի բոլոր պարտքերը կփակվեն։

Երվանդ Զախարյանը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե որտեղից գտնվեց նաիրիտցիներին վճարելու համար անհրաժեշտ գումարը, որը կազմում է շուրջ 5,7 միլիարդ դրամ, կամ այսօրվա փոխարժեքով՝ մոտ 12,5 միլիոն դոլար։

Լավ է, իհարկե, որ «Նաիրիտի» աշխատակիցների պարտքը երկար տանջանքներից հետո մարվելու է, բայց վատ է, որ հանրությանը չի տեղեկացվում, թե որտեղից է գոյացել պարտքը փակելու գումարը։

Ընդհանրապես, «Նաիրիտի» հետ կապված՝ միայն այս մասով չէ տեղեկատվությունը փակ։

Հանրությանն այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չտրվեց, թե որտեղից գոյացան պարտքերը, ինչու տիրություն անող չեղավ, ինչ է իրականում կատարվում այդ գործարանում, և այլն։

Իշխանությունները լռում են, բայց սա այն դեպքը չէ, երբ լռությունը ոսկի է։ Լռությունն այս դեպքում հանցագործության կոծկմանը համարժեք բան է։

Իշխանական լրատվամիջոցներով արտահոսք եղավ, որ «Նաիրիտի» պարտքերը փակվելու են Որոտանի համալիրի վաճառքից ստացված գումարներից։ Եթե դա այդպես է, ապա ստացվում է կրկնակի մութ և կասկածելի գործարք, քանզի «Որոտանի» վաճառքն արդեն իսկ խնդրահարույց էր։ Ու հիմա ստացվում է, որ մութ գործարքից ստացվող միջոցներից փակվելու են մեկ այլ մութ պատմության արդյունքում գոյացած պարտքերը։

Ուշագրավն այն է, որ և՛ «Նաիրիտի», և՛ «Որոտանի» հետ կապված՝ հոլովվում է նախկին վարչապետ և օֆշորային սկանդալի գլխավոր սուբյեկտներից մեկը հանդիսացող Տիգրան Սարգսյանի անունը (գաղտնիք չէ, որ Տիգրան Սարգսյանի հարազատը բարձր պաշտոն էր զբաղեցնում «Նաիրիտում», և աշխատակիցների աշխատավարձ չստանալու համապատկերին աստղաբաշխական աշխատավարձ ձևակերպում ինքն իր համար)։

Նախկին վարչապետի հետ են կապում «Նաիրիտի» միջոցով միլիոնավոր դոլարներ «լվանալու» գործարքները (այդ մասին բազմաթիվ բաց ֆաքսեր հրապարակվեցին)։ Տ. Սարգսյանը կանգնած է նաև «Որոտանի» վաճառքի ակունքներում։ Իսկ մեր իրավապահ համակարգն այս ամենը չի տեսնում և զբաղված է Լիսկայի որդու արդարացմամբ։

Ահա այսպիսի բաներ։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը