Մեկնաբանություն

13.06.2015 11:00


ԱԺ–ն՝ «դո լամպոչկի»

ԱԺ–ն՝ «դո լամպոչկի»

ՀԷՑ–ը ղեկավարող Բիբինը երեկ զրկեց ՀՀԿ–ական շոումեններին ինքնադրսևորվելու հնարավորությունից՝ արտոնված «հանրահավաքում» աքլորանալու շանսից։

Ինչպես հայտնի է, ԱԺ–ում լսումներ էին կազմակերպվել էլեկտրաէներգիայի սակագնի թեմայով։ Հրավիրված էր նաև Բիբինը, բայց նա չեկավ՝ ցույց տալով, որ խորհրդարանն իր համար «դո լամպոչկի»։

Բիբինը ԱԺ չեկավ, բայց փոխարենն ընդարձակ մեկնաբանություն էր ներկայացրել մամուլի միջոցով՝ մեղադրելով ՀՀ իշխանություններին։

«Սակագնի բարձրացումն այսօր հարկադրված միջոց է: Բնականաբար, այսպիսի լուրջ աճից կարելի էր խուսափել, եթե պետությունը յուրաժամ ընդուներ որոշումներ շուկայում հաշվեկշռի խախտման մասով, և եթե փոփոխվեր համակարգը, որի պարագայում հաշվեկշռի խախտման բոլոր վնասները կրում է ՀԷՑ-ը: Այլ կերպ ասած՝ եթե Կառավարությունն այս սեգմենտում կատարեր շուկայական արդար բարեփոխումներ: Բայց, ցավոք, ինչքան էլ մենք խնդրեցինք, ամեն ինչ մնացել է նույնը, ինչի արդյունքում էներգետիկ բնագավառում կուտակվել են ահռելի պարտքեր»,– մասնավորապես Նշել է Բիբինը։

ՀԷՑ-ի տնօրենն ընդգծել է, որ իրենց առաջարկներն արդեն մեկ տարուց ավելի քննարկվում են ՀԾԿՀ-ում, սակայն բարձրացված խնդիրների լուրջ քննարկումներ անգամ չեն անցկացվում:

Այն, որ Հայաստանի էներգետիկ համակարգում վիճակը, մեղմ ասած, օրհասական է, գիտենք առանց Բիբինի ասելու։ Վերջինս պարզապես ուզեցել է ցույց տալ օրհասականության հիմնական պատասխանատուին՝ ձեռքի հետ պայթեցնելով Ռոբերտ Նազարյանի գլխավորած կամակատար հանձնաժողովին։

Ինչ վերաբերում է Բիբինի՝ ԱԺ հրավերն արհամարհելուն, ապա սա, բացի պաշտոնական ձևակերպումից, այլ բացատրություն էլ ունի։

ՀԷՑ–ի տնօրենն իր քայլով փաստացի հայտարարեց հետևյալը. «Այո՛, ՀԷՑ–ը վատ է կառավարվում, և կա թալան, բայց դա Բաղրամյան 26–ի հետ համաձայնեցված է՝ սկսած «ատկատներից», վերջացրած սակագնի թանկացմամբ։ Հիմա ինձ այդ պայմաններում կանչում եք ԱԺ, որ ի՞նչ անեք։ Որ շոո՞ւ սարքեք ու իմ վրա «աչոկնե՞ր» հավաքեք։ Որ բոլոր մեղքերն ի՞մ վրա բարդեք։ Ես դա թույլ չեմ տա, և ինձ «դո լամպոչկի», թե ինչ է խոսվելու ԱԺ–ում»։

Ահա և ամբողջ «բազարը»։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը