Լրահոս

06.11.2009 16:25


Ա. Սաղաթելյան. «Դուք տեսնում եք փղի պոչն ու փորձում նկարագրել կենդանուն» կամ Սաղաթելյանի առաջարկը լրագրողներին

Ա. Սաղաթելյան. «Դուք տեսնում եք փղի պոչն ու փորձում նկարագրել կենդանուն» կամ Սաղաթելյանի առաջարկը լրագրողներին

-Խոսքը տարածքներ հանձնել-չհանձնելու մասին չէ, և պետական քարոզչության տարր «տարածքներ հանձնել» բառակապակցության մեջ ես չեմ տեսնում,-ասել է Արա Սաղաթելյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե պետական քարոզչության տա՞րր է, երբ Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցի մասին խոսելիս տարբեր իշխանական քաղաքական գործիչներ ասում են, թե տարածքներ պետք է հանձնվեն։

-Որքան գիտեք, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այսօր կարգավորվում է մադրիդյան սկզբունքների շուրջ։ Դրանք պարունակում են շուրջ 16 կետ։ Մադրիդյան սկզբունքների շուրջ աշխատանքն ընթանում է «քանի դեռ ամենը համաձայնեցված չէ, ոչինչը համաձայնեցված չէ սկզբունքով»։ Մինչ օրս քննարկվել է 1-ին կետը։ Կարծում եմ՝ իմ մեսիջը բոլորին պարզ էր։ Առաջարկում եմ ինձ քաղաքական հարցեր չտալ, քանի որ սա մասնագիտական ասուլիս է,-նկատել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Ա. Սաղաթելյանը։

Փոխարենը բանախոսը լրագրողներին այլ առաջարկ է արել։ Երբ հարց է հնչել, թե հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանն ունի՞ մշակած պետական քարոզչության հայեցակարգ, Ա. Սաղաթելյանն ասել է.

-Առաջարկում եմ «պետական քարոզչական հայեցակարգ» և «ինֆորմացիոն պատերազմ» տերմիններից դուրս գալ և հասկանալ, որ մենք այսօր ունենք շատ հստակ խնդիր՝ պետական քաղաքականության պատշաճ տեղեկատվական սպասարկում։ Այո՛, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված պատշաճ տեղեկատվական սպասարկման  հայեցակարգ գոյություն ունի։

Հարցին, թե մենք կարո՞ղ ենք ծանոթանալ դրա հետ, Ա. Սաղաթելյանը պատասխանել է.

-Դուք չե՛ք կարող այն տեսնել։ Տեղեկատվական անվտանգության ոլորտում փաստաթղթերի մեծ մասը տեսնելու համար չէ. դրանք ներքին գործառույթներ բովանդակող փաստաթղթեր են և կարող են փոփոխվել։

-Մենք դրանց արդյունքն ենք տեսնում,-հեգնանքով բարձրաձայնել է լրագրողը։

-Բա պետք է տեսնեք։ Դուք տեսնում եք փղի պոչն ու փորձում նկարագրել կենդանուն։ Մենք պրոբլեմ ունենք. մենք լուրջ մասնագիտական հարցերին նայում ենք կենցաղային տեսանկյունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը