Լրահոս

06.11.2009 19:06


Վարդան Օսկանյան. «Ես դեմ եմ հայ–թուրքական արձանագրությունների բովանդակությանը»

Վարդան Օսկանյան. «Ես դեմ եմ հայ–թուրքական արձանագրությունների բովանդակությանը»

Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում այսօր ուսանողների և դասախոսների առջև ելույթ է ունեցել ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը: Ելույթը հիմնականում նվիրված է եղել Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը:

Նախ Վ. Օսկանյանը նշել է, որ անկախության տարիների ընթացքում մենք չենք օգտագործել մեր ազգի ամբողջ պոտենցիալը, և մեր պետության անհաջողությունները ներքին և արտաքին քաղաքական ասպարեզներում հիմնականում սուբյեկտիվ բնույթ են կրում:

Այնուհետև նախկին արտգործնախարարը, անդրադառնալով ներկայիս մարտահրավերներին, առանձնացրել է հայ-թուրքական հարաբերությունները՝ նշելով. «Կարծեք թե մեր խնդիրների լուծումը կախված է այլ երկրների ողորմածությունից, ինչ-որ սահմանների բացումից: Ես չեմ ընդունում այս մոտեցումը: Այո՛, անառարկելի է այն փաստը, որ ժամանակակից աշխարհում մենք պետք է ունենանք բաց սահմաններ բոլոր հարևանների հետ, բայց այստեղ խնդիր է ծագում, թե ինչի գնով»,- հայտարարել է Վ. Օսկանյանը՝ շարունակելով. «Այսօր մեզ ասվում է, որ մենք պետք է ձերբազատվենք զոհի հոգեբանությունից: Ես էլ եմ ուզում հրաժարվել այդ հոգեբանությունից, բայց այդ հոգեբանությունն ինչո՞վ է փոխարինվելու՝ պարտվողի հոգեբանությա՞մբ»,-հռետորական հարց է ուղղել լսարանին նախկին արտգործնախարարը:

Դահլիճից հնչած հարցին, թե կո՞ղմ է, թե՞ դեմ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, Օսկանյանն արձագանքել է. «Դեմ եմ այս փաստաթղթի բովանդակությանը: Այս գործընթացը նախապատմություն ունի: Սկսած 1992-ից, երբ բանակցում էինք սահմանի բացման շուրջ՝ թուրքերը մեր առաջ մի քանի շատ հստակ նախապայմաններ են դրել: 1992-ին դրել են հրաժարվել հողային պահանջներից և Ցեղասպանության ճանաչման հարցից, 1993-ից առաջացել է 3-րդ պահանջը՝ վերադարձնել Ղարաբաղի հարակից տարածքներն Ադրբեջանին: Եվ այս երեք նախապայմաններն անընդհատ մեր առաջ դրվել են: Ես հարց եմ տալիս՝ ի՞նչ է փոխվել այսօր, որ թուրքերը հրաժարվել են այդ նախապայմաններից: Նրանք չեն հրաժարվել: Այդ փաստաթղթում նախապայմաններից 2-ը սևը սպիտակի վրա տեղ է գտել, իսկ երրորդը՝ Ղարաբաղի խնդիրը, ամեն օր մեզ հիշեցվում է Թուրքիայի ամենաբարձր ղեկավարության կողմից: Ես դեմ եմ այս փաստաթղթերին, քանի որ վստահ եմ, որ ձգձգելու դեպքում հնարավոր էր առավել հայանպաստ ձևակերպումներ մտցնել այս փաստաթղթի մեջ, որպեսզի մեր հասարակությունը չպառակտվեր, մեր Սփյուռքը մեզանից չխռովեր»,- ասել է նախկին արտգործնախարարը:

Իսկ վերջում Վարդան Օսկանյանը եզրակացրել է, որ մեր առավել արագ և ազատ զարգացմանը խանգարող ամենամեծ խոչընդոտը մենաշնորհն է. «Եթե մեկ բառով փորձեմ պատասխանել այս հարցին, կարող եմ ասել, որ դա մենաշնորհն է, մենաշնորհը՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում: Մեր պայքարը սրա դեմ պետք է լինի»,- ամփոփել է Վ. Օսկանյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը