Մեկնաբանություն

15.06.2015 13:30


«Էներգետիկ» թատրոն

«Էներգետիկ» թատրոն

Շատերը նկատած կլինեն, որ որքան անողոք են իշխանության տարատեսակ ներկայացուցիչները ՀԷՑ–ը ղեկավարող Բիբինի նկատմամբ, որքան թունդ են նրանք քննադատում էներգետիկ համակարգում տիրող իրավիճակի անմիջական պատասխանատուին, նույնքան էլ փրփուրը բերաններին պաշտպանում են ՀԷՑ–ի՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտը։

Հայ ժողովրդին աչքալուսանք են տալիս, թե բա՝ ուրախացեք, որ ոչ թե 17 դրամով է բարձրանալու հոսանքի գինը, այլ 6,93–ով, թեև «էն գլխից» էլ պարզ էր, որ հայտով բարձր գին է պահանջվել, որպեսզի իրենց ուզածի չափով թանկացնեն, ու հետո դա մատուցվի որպես հերոսական պայքարի արդյունք և լավություն բազմաչարչար սպառողներին։

Հարց կարող է առաջանալ՝ եթե նախագահականին կից Ռոբերտ Նազարյանի «կանտորան», ԱԺ ՀՀԿ–ական պատգամավորները, գործադիր իշխանությունը ներկայացնող դեմքերը դեմ են հոսանքի գնի բարձրացմանը, ինչո՞ւ են ձայնները գլուխները գցել։ Թող սուսուփուս չբավարարեն ՀԷՑ–ի հայտը, դրանից հետո դիմեն դատարան, ու պարզեն, թե ինչու է ՀԷՑ–ը կասկածելի գործարքներ անում, ու հետո դրանք մտցնում սակագնի մեջ։

Նման բան իշխանությունները չեն անում (այլապես իրենց ունեցած «ատկատներն» էլ ջրի երես դուրս կգան), քանզի Բիբինին քննադատելը թատրոն է, որին, ի դեպ, չուզեցավ մասնակցել ՀԷՑ–ի տնօրենը։ Իսկ ահա էլեկտրաէներգիայի թանկացման հարցում ՀԷՑ–ից ոչ պակաս շահագրգռված են Բաղրամյան 26–ում, ու այդ իսկ պատճառով էլ հայտը բավարարվում է։

Որոտանի համալիրի ձեռքբերումից հետո դրա իրական տերերին ձեռնտու է հոսանքի գնի բարձրացումը, քանզի գերշահույթներ ստանալու ախորժակ կա։

Իշխանություններին է պատկանում նաև ՀԷԿ–երի մեծ մասը, և նրանք այդ մասով էլ են շահագրգիռ գների բարձրացման մեջ։

Այնպես որ, թող ՀՀԿ–ականներն ու Նազարյան Ռոբերտը դեմագոգիայով չզբաղվեն։ Ամեն ինչ պարզ է ու հասկանալի։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը