Մեկնաբանություն

15.06.2015 15:46


Ի՞նչ է սպասվում Թուրքիայում

Ի՞նչ է սպասվում Թուրքիայում

Հունիսի 7–ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կարող են դառնալ կառավարական ճգնաժամի պատճառ։

Ինչպես հայտնի է, վերջին 13 տարվա մեջ առաջին անգամ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չունի հսկիչ փաթեթ խորհրդարանում (ստացել է ձայների մոտ 44%–ը)։ Իսկ դա նշանակում է, որ պետք է արդեն լինի կոալիցիոն կառավարություն, որն այնքան էլ հեշտ չէ ձևավորելը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ եթե կոալիցիոն կառավարություն հնարավոր չլինի ձևավորել, ապա տեղի կունենան նոր ընտրություններ։

Ինչ վերաբերում է հնարավոր կոալիցիաներին, ապա «Արդարություն և զարգացում» կուսակցության համար գաղափարական ու կոնյունկտուրային տեսանկյունից ամենահարմարը կլիներ երկրորդ տեղը զբաղեցրած և ավելի քան 25 տոկոս հավաքած Ժողովրդա–հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելը։ Սակայն վերջինս, որպես իշխող ուժի հիմնական ընդդիմախոս, չի ուզում մտնել կոալիցիա, քանզի կարծում է, որ ժամանակն իր օգտին է աշխատում, և առաջիկայում կկարողանա ամբողջական իշխանություն վերցնել, ուստի չի ուզում պորտֆելները փոխել քաղաքական հեռանկարի հետ։

Մյուս երկու ուժերը, որոնք անցել են խորհրդարան, ազգայնականներն ու քրդամետներն են։

Եթե «Արդարություն և զարգացում»–ը որոշի դաշինք կազմել ազգայնականների հետ, ապա դրանով իսկ կդավաճանի իր էլեկտորատին, ու լուրջ լարվածություն կառաջացնի այդ երկրի ներսում։ Կոալիցիայի այս տարբերակն, ի դեպ, ցանկալի չէ Հայաստանի համար։

Կոալիցիայի ամենահարմար տարբերակը, որը կողջունվի և՛ թուրք հասարակության լայն շրջանակների, և՛ միջազգային հանրության կողմից, մոտ 13 տոկոս հավաքած քրդամետ ժողովրդա–դեմոկրատական ուժերի հետ դաշինքի գնալն է (սա Հայաստանի համար ամենաձեռնտու տարբերակն է)։

Քրդամետների հայտնվելը Թուրքիայի խորհրդարանում մեծ մասամբ «Արդարություն և զարգացում» կուսակցության վարած ներքին քաղաքականության հետևանք է։ Քաղաքականություն, որը համեմատաբար ազատական կարելի է որակել։ Ու տրամաբանականն այն կլինի, որ այդ քաղաքականության արդյունք հանդիսացող խորհրդարանական ընտրություններից հետո Էրդողանը հենց ա՛յդ ուժի հետ դաշինք կազմի։

Թե ինչպիսի զարգացումներ կլինեն իրականում, կիմանանք շատ շուտով։ Թուրքիայի օրենսդրությունը 45–օրյա ժամկետ է սահմանում նոր կառավարության ձևավորման համար։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում պարզ կդառնա՝ կձևավորվի կոալիցիո՞ն կառավարություն, թե՞ կլինեն նոր ընտրություններ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը