Քաղաքական

07.11.2009 16:46


Թուրքագետ Արտակ Շաքարյանն այնքան էլ լավատես չէ

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այնքան էլ լավատես չէ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Արտակ Շաքարյանն ասել է, որ հարևանների հետ հարաբերությունների հաստատմանն ուղղված ցանկացած քայլ դրական է գնահատում։

-Մենք կարիք ունենք թուրք հասարակության հետ ուղիղ հարաբերության։ Ցանկալի է, որ երկու ժողովուրդները փոխազդեն, ու եթե ուզում ենք, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցը շատ արծարծվի, պետք է հարաբերություններ ստեղծենք թուրք հասարակության հետ։ Ընդհանուր առմամբ, արձանագրությունների ստորագրումն ու սահմանի բացումը շատ դրական բաներ են, եթե հասցնենք միչև սահմանի բացելը փոփոխել  մեր օրենսդրությունը,-ասել է նա։

Ըստ Արտակ Շաքարյանի՝ մենք ունենք շատ թույլ զարգացած միգրացիոն օրենսդրություն, որը չի կարող կանոնակարգել Թուրքիայից ներմուծվող հոծ զանգվածների մուտքը Հայաստան։  Թուրքագետը նաև նշել է, որ մեր մաքսային օրենսգիրքը ևս կանոնակարգված չէ, և այս բոլոր փոփոխություններն անելու համար առնվազն մեկ տարի է պետք։

«7օր»-ի այն հարցին, թե ի՞նչ կանխատեսումներ ունի՝ ե՞րբ կվավերացնի Թուրքիայի խորհրդարանը հայ-թուրքական արձանագրությունները, նա պատասխանել է, որ լավատես չէ. մինչև տարեվերջ դա տեղի չի ունենա։

-Անկարան այդքան հեշտ զիջման չի գնա։ Կարծում եմ՝ ամենակրիտիկական պահը փետրվար-մարտ ամիսներին է լինելու՝ ապրիլի 24-ի նախօրեին։ Այդ ժամանակաշրջանում նրանք որևէ բան հաստատելով՝ կփորձեն  ևս մեկ ապրիլի 24–ից սողոսկել, սակայն եթե մինչև ապրիլի 24 -ը թուրքերը չհաստատեն, հետագա ընթացքը շատ ավելի վատ կլինի, որովհետև 2011-ին սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և արձանագրությունների վավերացումը խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ինքնասպանություն կլինի այսօրվա իշխանությունների համար։ Արձանագրությունների հաստատումը կամ փետրվար-մարտ ամիսներին կլինի, կամ մի քանի տարի հետո,-նշել է թուրքագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը