Մեկնաբանություն

23.06.2015 19:00


Սերժ Սարգսյանը վերջապես արտահայտվեց էլեկտրաէներգիայի թանկացման թեմայով

Սերժ Սարգսյանը վերջապես արտահայտվեց էլեկտրաէներգիայի թանկացման թեմայով

Երբ ՀՀԿ–ի հայտնի նիստում հայտարարվեց, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, արդեն իսկ պարզ էր մեկ բան, որ առաջ է քաշվում հետևյալ հայեցակարգը. «Հայաստանում քաղաքականությամբ պետք է զբաղվի միայն մեկ մարդ, ով պետք է քաղաքական իշխանությունը ծառայեցնի բացառապես իր ու իր մերձավոր շրջապատի մասնավոր շահերին»։

Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ ոմանք լքեցին «մարտի» դաշտը, իսկ ոմանք էլ պարզապես մանրածախ գնով «տրվեցին» Վերջի բոլշևիկին, Բաղրամյան 26–ն անցավ իր հիմնական գործին։

Նախ՝ շտապ կարգով գլուխ բերվեց Որոտանի համալիրի սեփականաշնորհման գործընթացը։ Դրան հաջորդեց արդեն էլեկտրաէներգիայի թանկացումը, ու դա դեռ վերջը չէ. նոր թանկացումներ են լինելու, որպեսզի գերշահույթներ ապահովվի էներգետիկ համակարգը «ձեռք գցած» «հակաօլիգարխիստների» համար։

Ռոբերտ Նազարյանի «կանտորան» հնազանդորեն դակեց նախագահականից իջեցրած որոշումը և հոսանքի գինը թանկացրեց։

Ուշագրավն այն է, որ ՀԷՑ–ի հայտի վերաբերյալ արտահայտվել էին բոլորը՝ Բիբինից մինչև ԱԺ մեծամասնություն, սակայն ծպտուն չէր լսվում թանկացման գլխավոր պատասխանատուից։

«Գեբելսյան» քարոզչամեքենան փորձում էր շեղող «մուտիլովկաներ» հրապարակել ու հոսանքի գնի թանկացման համար մեղադրել ՀԷՑ–ի տնօրեն Բիբինին, Պուտինին, Ռոբերտ Քոչարյանին, ՀԷՑ–ին, Ռոբերտ Նազարյանին, Կառավարությանը, ԱԺ–ին, ԵՏՄ–ին։ Մի խոսքով, բոլորին, բացի Սերժ Սարգսյանից։ Բայց դե, Հայաստանի քաղաքացիներն արդեն ահագին փորձ ունեն, ու դժվարացել է մարդկանց ոխչարի տեղ դնելը։

Ճնշող մեծամասնությունը շատ լավ հասկանում է, որ հոսանքի թանկացման գլխավոր պատվիրատուն ու շահառուն Սերժ Սարգսյանն ու իր երիտշրջապատն են (Բիբինն այդ մասով շատ թափանցիկ ակնարկներ արեց՝ հասկացնելով, որ թույլ չի տա իր մասնակցությամբ թատրոններ կազմակերպել)։ Հենց նրանք են թանկացրել հոսանքի գինը։

ՀՀԿ ղեկավարը մինչև երեկ լռում էր, բայց երբ անկառավարելի զարգացումներ եղան, ու պարզ դարձավ, որ Բաղրամյան փողոցում հնարավոր չի լինելու խաղարկել «Տարո՛ն ջան, գեղեցի՛կ չէ» էժանագին շոուի պես մի բան (Սերժ Սարգսյանը երեկ ցուցարարներին առաջարկել է մի քանի հոգանոց խումբ կազմել ու գալ իր մոտ, սակայն ցուցարարները, ի պատիվ իրենց և ի հեճուկս ներդրված դհոլների, մերժել են այդ առաջարկը), անմիջապես գործի դրվեց բռնության մեքենան։

«Բարի և արևմտամետ Սերժը» ուժ կիրառեց։ Նա այդպիսով վերջապես արտահայտվեց էլեկտրաէներգիայի թանկացման թեմայով։ Հանրությանն ուղղված նրա «մեսիջը» հետևյալն էր. «Այո՛, ե՛ս եմ հրահանգել թանկացնել հոսանքի գինը։ Ու այդպես եմ անելու այնքան ժամանակ, քանի դեռ բռնության մեքենան կարողանում եմ հօգուտ ինձ աշխատեցնել։ Ես իշխանությունը վերցրել եմ հենց մասնավոր շահերս բավարարելու նպատակով և կզիջեմ միայն հակադրվող իրական ուժի առկայության դեպքում։ Որքան ուզում եք՝ ձեր պայքարը պահեք, այսպես կոչված, քաղաքացիական տիրույթում. դրանից ինձ վտանգ չկա։ Ես միայն քաղաքական պայքարից եմ վախենում։ Եթե դա չկա, ապա գնալու եմ սահմանադրական փոփոխությունների, որպեսզի ցմահ իշխեմ, ու ոչ միայն հոսանքը, այլ նաև մյուս բաներն էլ թանկացնեմ ու վայելեմ տնտեսաքաղաքական մենաշնորհը»։

Պարզ է, որ Սարգսյանի այս «մեսիջին» պետք է հակամեսիջ ուղարկվի։ Իսկ թե ովքեր պետք է դա անեն և ինչպես, արդեն այլ խոսակցության թեմա է։

Այս պահին միայն նշենք, որ դաշտում առկա քաղաքական ուժերն ահագին «խուրդվել» են, և հանրային լայն կոսնոլիդացիա ապահովելու համար քաղաքական նոր լոկոմոտիվ է պետք։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը