Մեկնաբանություն

26.06.2015 03:55


Ինչո՞ւ են պահում Հովիկ Աբրահամյանին

Ինչո՞ւ են պահում Հովիկ Աբրահամյանին

Վարչապետը Կառավարության նիստում անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմային։ Նա այդպիսով, ինչպես Լիսկայի վերանշանակման ժամանակ, հանդես է եկել Բաղրամյան 26–ի հակապետական ու հակահասարակական որոշումներն իր վրա վերցնելու և այդ որոշումները հիմնավորելու դերով։

Ինչպես հայտնի է, Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակեցին «էքստրեմալ» պայմաններում։ Նրան Կառավարության ղեկավար դարձրեցին՝ լուծելու համար այն խնդիրները, որոնց առկայությունը պատճառ դարձավ Տիգրան Սարգսյանի հեռացման համար։

Հովիկ Աբրահամյանի ուժերից, բնականաբար, վեր էր նման խնդիրների լուծումը։ Բաղրամյան 26–ում դա հասկացան ու ապավինեցին սեփական ուժերին։

Հիմա Հովիկ Աբրահամյանը, ով փաստացի չունի թիմ, ինչպես նաև գործնականում չունի հենարան ո՛չ քաղաքական հատվածում, ո՛չ հանրային դաշտում, ո՛չ խորհրդարանում, ոչ էլ նախագահական նստավայրում, մնում է իր պաշտոնին լրիվ այլ պատճառով։ Նրա միջոցով ուզում են կյանքի կոչել բոլոր «կեղտոտ» ծրագրերը։ Ահագին բան արդեն արել են։

Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո անմիջապես կնքվեց Որոտանի համալիրի մութ գործարքը, Կառավարությունը նոր պարտքի տակ մտավ՝ թողարկելով եվրաբոնդերի հերթական խմբաքանակը, պարտադիր կուտակայինը հիմնականում ներդրվեց և այլն։

Հովիկ Աբրահամյանին է վերապահված, ինչպես վերևում նշեցի, էլեկտրաէներգիայի թանկացման «ավետիսը» հանրության փոխանցելու և այդ թանկացումը պաշտպանելու գործառույթը (հոսանքի գնի թանկացումից շահելու են Սերժ Սարգսյանը և նրա մերձավոր շրջապատը, բայց թանկացման անհրաժեշտության մասին Մատրոսովի պես հայտարարում է վարչապետը)։

Հերթն արդեն հասել է հարկերի բարձրացմանը։ Կառավարության ձեռքերով ուզում են բարձրացնել ակցիզային հարկը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է գների աճին և կենսամակարդակի հերթական անկմանը։

Այս ամենից օգտվում է մեկ մարդ, իսկ «խուրդվում» է Կառավարությունը՝ իր ղեկավարով հանդերձ։ Ահա դրա համար էլ պահում են Հովիկ Աբրահամյանին՝ հետագայում որպես «քավության նոխազ» տուն ուղարկելու համար։

Դատելով ամենից՝ Աբրահամյանին այդ դերակատարումը դուր է գալիս։ Նա, թերևս, մտածում է, որ եթե Սերժ Սարգսյանին լավ ծառայի և բոլոր վատ բաներն իր վրա վերցնի, ապա իրեն լավ աչքով կնայեն։ Քաղաքական կարճատեսությունը, փաստորեն, չափ ու սահման չունի։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը