Մեկնաբանություն

29.06.2015 11:15


Իշխանությունը խժռում է իր հաճախորդներին

Իշխանությունը խժռում է իր հաճախորդներին

Երգի ու պարի, ծափ–ծլնգոցի, «կրեաԾիվ» թատրոնի, «ցանցային» ցանցառության, ոստիկանների հետ գործնագործ ու հալամուլա խաղալու, տեսախցիկների առաջ փողոց մաքրող աշխատելու, ուտուշ–խմուշի, Բիբինի հրաժարականի պահանջի և նմանատիպ այլ էժանագին ակցիաներն ավարտվեցին։ Հիմա Բաղրամյան պողոտայում իրական զանգվածն է, որը չի ենթարկվում «անկախ» մամուլի մշակումներին, և չի պատրաստվում մաս կազմել «Այսքան ուրախ կյանքը մեզ Սերժ Սարգսյանն է տվել» շոուին։

Դատելով ամենից՝ ճնշող մեծամասնությունը շատ լավ էլ գիտի, թե ինչն ինչոց է, ու կարողանում է թացը չորից տարբերել։ Արդյունքում՝ պետպատվերով և ոստիկանության հովանու տակ Ազատության հրապարակում տեղի ունեցածը որակվեց արթուրբաղդասարյանություն։

«Այո՛ թալանին» նախաձեռնության անդամները լքեցին Բաղրամյան պողոտան ու գնացին Ազատության հրապարակ՝ Սերժ Սարգսյանի ու ոստիկանության համար «գործ տվող» աշխատելու։ Ոչ բոլորն, իհարկե, այդ գործի մեջ մտան, բայց մտնողները լրիվ դերի մեջ էին ու կարենավագյաններից ավելի կեղտոտ գործառույթ էին կատարում։ Տեսարանը նողկալի էր։

Գործնականում ապացուցվեց այն, ինչի մասին բազմիցս գրել ենք. երբ մաքուր քաղաքական հարցը կոչ է արվում չքաղաքականացնել և մնալ, այսպես կոչված, քաղաքացիական դաշտում, ապա վերջում ստացվում է դհոլություն։

Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի փուլում իշխանությունները մարտի նետեցին բոլորին՝ նրանցից ոմանց գործուղելով «կենդանի պատ» (էդ դիշովկեքի վրա դրված էր Սերժ Սարգսյանի առաջարկը հիացական ծափահարություններով ողջունելու գործառույթը), իսկ մյուսներին՝ «քաղաքացիական» տիրույթ կամ սոցիալական ցանցեր։

Երեկ Բաղրամյան 26–ը դաժանաբար փչացրեց նաև իր երիտհաճախորդներին։ Որևէ մեկին չթողեցին կույս ձևանալ։ Բոլորին ուղարկեցին «անկախ» մամուլի էջերում կամ Ազատության հրապարակում ՀՀԿ ղեկավարի «էներգետիկ» շահերը պաշտպանելու։

Հարկ է նկատել, որ Ազատության հրապարակի ու Բաղրամյան պողոտայի հակադրության ստեղծումը ամենակեղտոտ ակցիան էր, որը կազմակերպել էին այս իշխանություններն իրենց գոյության ընթացքում։ Դա, իհարկե, արդյունք չտվեց, ու փուչիկները պայթեցին տեղում, սակայն, ամեն դեպքում, տհաճ նստվածքը մնաց։ Բոլորը տեսան, որ տարիներ շարունակ ինչ կարգի «քաղաքացիականների» են բուծել սրանք «Կեցցե՛ն առաջադեմ ու արևմտամետ ջահելները» ծրագրի շրջանակներում։

Հիմա շատերը զարմացած ու զայրացած են բոլշևիկյան կոմսոմոլների ոճով հանդես եկող «պրոգրեսիվ ջահելներից», բայց դե, դրա ժամանակը չէ։ Հիմա դիտարկումներ անելու, եզրահանգումների գալու, հետևություններ անելու և լուծումներ գտնելու ժամանակն է։ Ասողին լսող է պետք։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը