Մեկնաբանություն

29.06.2015 15:10


Հակադրությունը Բաղրամյան 1–ի և Բաղրամյան 26–ի միջև է

Հակադրությունը Բաղրամյան 1–ի և Բաղրամյան 26–ի միջև է

Երեկ հերթական անգամ ձախողվեց Բաղրամյան 26–ի ծրագիրը։ Նրանք մտածում էին, որ «Այո՛ թալանին» նախաձեռնության ակտիվիստների միջոցով հնարավորություն կունենան հավաքվածներից ազատել Բաղրամյան պողոտայի սկզբնամասը կամ, պայմանականորեն ասած, Բաղրամյան 1–ը, ինչպես նաև «լեգիտիմ» ձևով պահպանել հոսանքի գնի բարձրացման որոշումը։ Սակայն Բաղրամյան 1–ի ժողովուրդը ցույց տվեց Բաղրամյան 26–ին, որ չի ցանկանում մաս կազմել «Բարի Սերժ Սարգսյանը և ակԾիվ քաղաքացիականները» էժանագին ու «կրեաԾիվ» շոուին։

Հիմա իշխանական քարոզչամեքենան ու հնարավոր բոլոր հաճախորդները լծվել են Ազատության հրապարակի և Բաղրամյան 1–ի միջև հակադրություն ստեղծելու գործին, սակայն դա չի ստացվի։

Բաղրամյան 1–ում հավաքվածները որևէ ձևով չպետք է շեղվեն պայքարի բուն թիրախից։ Ազատության հրապարակի հետ բանավեճի մեջ մտնելը իշխանությունների ցանկությունն է։ Այդ առումով Սերժ Սարգսյանն օրիգինալ չէ։ Բոլոր ավտորիտար ռեժիմներն էլ նման իրավիճակներում այդպիսի քայլերի դիմում են՝ արհեստական հակադրություններ հրահրելով, բայց չեն հաջողում, քանզի արհեստականորեն հնարավոր չէ «Ժողովուրդը բաժանված է երկու մասի» նախագիծը կյանքի կոչել։

Պետպատվերով հավաք կազմակերպելով ու ոստիկանության հովանու ներքո Ազատության հրապարակում երիտդհոլներին մեկտեղելով՝ Բաղրամյան 26–ն ավելի լայն շրջանակների համար ընդամենը բացահայտեց ահել ու ջահել հաճախորդներին, ինչի համար պետք է շնորհակալ լինել նրանց։ Այսպիսի լյուստրացիա մեկ օրում կազմակերպելը հանրօգուտ աշխատանք է։ Ճիշտ է, Սերժ Սարգսյանի նպատակը դա չէր, բայց այդպես ստացվեց։ Հանրահայտ խիարն, ինչպես ասում են, թարս բուսնեց։

Ինչ վերաբերում է Բաղրամյան 1–ին, ապա այստեղ ամեն ինչ պետք է պահել նույն գծի վրա։ Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը չեղյալ չի հայտարարվել, հետևաբար որևէ բան չի փոխվել, և պայքարը շարունակվում է։

Սերժ Սարգսյանն անփոփոխ է թողել սակագնի բարձրացման որոշումը՝ ընդամենը փոխելով փողի գանձման մեխանիզմը։

Հարկատուներիս հաշվին սակագնի թանկացման փոխհատուցումը շատ ավելի վատ բան է, քանզի դրանով ավելի է մեծանալու հարկային տեռորը բիզնեսի բոլոր շերտերի նկատմամբ։ Բացի այդ, աուդիտը, որի մասին խոսել էր ՀՀԿ ղեկավարը, ընդամենը հաստատելու է, որ սակագնի բարձրացումն անխուսափելի է, ու դրանից հետո սկսվելու է ավելի լայնամասշտաբ թալանը։ Այս ամենը շատ լավ հասկանում են Բաղրամյան 1–ում ու դրա համար էլ կանգնել են։ Կանգնել են՝ անկախ այն հանգամանքից, որ Վլադիմիր Գասպարյանը երեկ խոստացավ երեսուն րոպեից մաքրել փողոցը։ Փողոցում հավաքվածներն, ինչպես հայտնի է, իրենց տեղում են, իսկ ահա մաքրվել են մյուսները։

Եվ այսպես, հակադրությունը Բաղրամյան 1–ի և Բաղրամյան 26–ի միջև է։ Այլ հակադրությունները կեղծ են։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը