Մեկնաբանություն

30.06.2015 10:10


Պետպատվերով թամաշան դադարեցվեց. ուղիղ եթերում Բաղրամյան 1–ն է

Պետպատվերով թամաշան դադարեցվեց. ուղիղ եթերում Բաղրամյան 1–ն է

Եվ այսպես, իշխանությունները որոշեցին ավելորդ ռեսուրսներ չվատնել ու դադարեցրեցին Ազատության հրապարակում ոստիկանության հովանու ներքո անցկացվող նստացույցը։

Մինչ այդ Բաղրամյան 26ն իր ողջ լրատվական, կազմակերպչական ու հաճախորդական ռեսուրսները ներդրել էր Ազատության հրապարակում անտիԲաղրամյանական հավաքի վրա, ապահովել էր բոլոր «կոմունալ» հարմարությունները, ստեղծել էր հարմարավետ պայմաններ, բայց, միևնույն է, չստացվեց։ Անգամ ՀՀԿ–ականներն ու ոստիկանապետ «Ես վովա Գասպարյանն եմ»–ն էին լծվել «ողջախոհ» երիտասարդների փիարի գործին, բայց դե, կեղծիքը բացահայտված էր, ու այլ բան չէր մնում անելու, քան տուն գնալը։

«Այո՛ թալանին» նախաձեռնության լյուստրացված անդամները երեկ հայտարարեցին, որ իշխանությունները կես քայլ հետ են արել (ախր, շա՜տ բարի են իշխանությունները. նրանք որոշել են սակագնի թանկացման փողը վերցնել ոչ թե ՀՀ քաղաքացիներից, այլ ... ՀՀ քաղաքացիներից, և դա որակվում է որպես կես քայլ հետ), և իրենք մտածում են ձևավորվելիք աուդիտի հանձնաժողովում աշխատանքի անցնելու մասին։

Բոլորն էլ գիտեն, որ այդ աուդիտի ելքը կանխորոշվել է ՀՀԿ ղեկավարի հայտնի ելույթով։ Նաև գիտեն, որ աուդիտը «երկխոսության» կամ գյալաջիի պես մի բան է, բայց դե, սցենարով նախատեսված էր, որ պետք է «քաղաքացիականները» բոցավառված աչքերով ընդառաջ գնային դեպի կես քայլ հետ արածին, և այդպես էլ եղավ։ Ճիշտ է, բոցավառված աչքերի փոխարեն իրականում ունեցանք «ջահելների» վախեցած ու լյուստրացված աչքեր, սակայն դա արդեն Բաղրամյան 26–ի խնդիրն է։

Լավ է, իհարկե, որ Ազատության հրապարակում թամաշան երկար չտևեց, բայց վատ է, որ ձեռքի հետ դադարեցվեց նաև լյուստրացիայի գործընթացը։

Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայի սկզբնամասը՝ Բաղրամյան 1–ը փակած բողոքավորներին, ապա երեկ մի խումբ երիտասարդներ, որոնք ստանձնել են հավաքի կազմակերպիչների գործառույթը, հայտարարեցին, որ հիմնական պահանջը մնում է նույնը՝ չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը, վերանայել սակագինը՝ այն էժանացնելու ուղղությամբ, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել այն ոստիկաններին, ովքեր բռնություններ են կիրառել խաղաղ հավաքը ցրելու ժամանակ։

Ուղիղ եթերում շարունակում է մնալ Բաղրամյան 1–ը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը