Մեկնաբանություն

30.06.2015 13:50


ՀՀԿ–ական «զնաչոկավորներն» ու նեոկոմսոմոլները

ՀՀԿ–ական «զնաչոկավորներն» ու նեոկոմսոմոլները

Հայաստանի իշխանությունները սարսափում են «քաղաքականություն» բառից։ Պատճառն այն է, որ զբաղվել քաղաքականությամբ նշանակում է վիճարկել իշխանության հարցը։

Քաղաքականությանը պատերազմ է հայտարարված, քանզի որոշվել է, որ «քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչները», այսինքն՝ միայն մեկ մարդ, այն էլ՝ ցմահ (սահմանադրական փոփոխությունները հենց այդ նպատակով են նախաձեռնվել)։

«Մի՛ քաղաքականացրեք» ձևակերպումը Բաղրամյան 26–ի համար կյանքի իմաստ ունի։ Նրանք պատրաստ են սատարել «բարի», «քաղաքացիական», «կրեաԾիվ» ամեն մի ախմախություն, միայն թե հարցը չքաղաքականացվի, այսինքն՝ առաջ չքաշվի Հայաստանում առկա բոլոր խնդիրների բուն պատճառից ազատվելու թեման։

«Գեբելսյան» քարոզչամեքենան առավոտից երեկո քարոզում է, թե ահա գալիս է առաջադեմ երիտասարդ սերունդ (նկատի ունեն իրենց բուծած «արևմտամետ» ջահելներին), որը կբարեփոխի Հայաստանը, ու պետք է սպասել նրանց հասունացմանը (դե, մինչև մեկը ցմահ մնա աթոռին, հետո աթոռը կտակի էն մյուսին, ու այդպես շարունակ)։

Ուշագրավն այն է, որ «առաջադեմ» որակված երիտասարդներն իրենց պահում են ամենաքյարթու կոմսոմոլների պես՝ խուսափելով «բոբո» քաղաքականությունից և կատարելով վերևից իջած հրահանգները ռայկոմական կատարածուների էնտուզիազմով։

Բոլշևիկների բուծած կոմսոմոլներն էլ էին մոռացել «քաղաքականություն» բառը և մնում էին «պարԾիայի» գծի մեջ։ Եթե այդ մտածողությունն է հիմա ներկայացվում որպես առաջադիմական, ապա ես ամենահետադեմ մարդն եմ, ով քաղաքական հարցերը (մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը) քաղաքականացնելու և ցուլին գլխից բռնելու կողմնակից է։

Այո՛, մենք ունենք նորմալ երիտասարդ սերունդ, որը չվախեցավ ոստիկանական բիրտ ուժից, ու միջնամատը տնկեց ջրցան մեքենայի դեմ կանգնած (դա շատ խորհրդանշական էր)։ Բայց ՀՀԿ–ական կոմսոմոլից էլ «բեթար» որոշ «քաղաքացիականների» պետք չէ խառնել նրանց հետ։

Նեոկոմսոմոլ «քաղաքացիականները» շատ ավելի հնամաշ ու հետադիմական են, քան ՀՀԿ–ական «զնաչոկով» «տասովշիկները»։ Վերջիններս նաև ավելի անվտանգ են հանրության համար, քանզի «տասովշիկին» կարելի է հինգ րոպեում «վիչիսլիտ» անել ու տեղը դնել, իսկ ահա նեոկոմսոմոլը թաքնվում է «քաղաքացիական», «ազատական» ու նմանատիպ այլ «պուպուշ» բաների տակ, ու հանրության որոշակի շերտերի համար դժվար է երիտգեղամյանին անմիջապես ճանաչելը։ Այսինքն, նեոկոմսոմոլները «կրեաԾիվ» քաղաքականություն են վարում և գործում հանրության թիկունքից՝ Գապոն քահանայի պես ժողովրդին կոչ անելով հավաքվել, իսկ իրենք թռնում են ոստիկանության համար «ստուկաչություն» անելու և դիշովի «մուտիլովկեք» տարածելու պատրաստակամությամբ։

Եվ ուրեմն, պարսատիկով «սատկացնել» է պետք այդպիսի «առաջադեմ» նեոկոմսոմոլներին։ Ընդ որում՝ «սատկացնել» շատ «կրեաԾիվ» ձևով։ Որ մյուսների համար էլ դաս լինի, ու մատաղ սերունդները չայլասերվեն։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը