Մեկնաբանություն

01.07.2015 14:31


«Էներգետիկ» թալանի մեխանիկան. Սամվել Կարապետյանին ուզում են ներգրավել

«Էներգետիկ» թալանի մեխանիկան. Սամվել Կարապետյանին ուզում են ներգրավել

Հայաստանի էներգետիկ համակարգը կարելի է բաժանել երկու խոշոր մասի՝ էլեկտրաէներգիա արտադրող և էլեկտրաէներգիան սպառողին վաճառող (ՀԷՑ)։

Տխրահռչակ ՀԷՑ–ը հոսանք արտադրողների և սպառողների արանքում հայտնված օղակ է, որը քավության լավագույն նոխազ է դարձել իշխանությունների համար։ Նրանք ուզում են պայքարի էներգիան ուղղել Բիբինի դեմ, մինչդեռ խնդիրը Բաղրամյան 26ում է։ Բիբինը շարքային կաշառակեր է ու վատ մենեջեր, բայց նա չէ թալանի մեխանիզմի կառավարիչը։

Ի դեպ, ՀԷՑ–ի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ»–ի ընկերության կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը որոշակի մասով բացել է փակագծերը՝ մեղադրելով ՀՀ իշխանություններին։

«ՀԷՑ–ում բազմաթիվ վնասները պայմանավորված են սակագների կարգավորման համակարգով և Հայաստանի էներգահամակարգի գործունեության կանոններով»,– ասել է Կովալչուկը։

Ըստ նրա՝ այդ կարգավորման համակարգը ենթադրում է էներգաարտադրող ընկերությունների ֆինանսավորում՝ ի հաշիվ ՀԷՑ–ի, ինչպես նաև ստիպում է ընկերությանն ավելի թանկ գնով էլեկտրաէներգիա գնել, քան նախատեսված է Հայաստանի էներգետիկ բալանսում՝ առանց սպառողների կողմից փոխհատուցման։

Հարցն այն չէ, որ պետք է Կովալչուկի ասելուց հետո իմանայինք, թե ինչ է կատարվում Հայաստանի էներգետիկ համակարգում, բայց ուշագրավն այն է, որ «Ինտեր ՌԱՕ»–ից սկսել են թափանցիկ ակնարկներ անել։

Իրականությունը հետևյալն է՝ էներգետիկ համակարգի հոսանք արտադրող հատվածում Սերժ Սարգսյանն իր մերձավորների միջոցով գրեթե մենաշնորհային դիրքի է հասել։ Վերջին ակորդը Որոտանի համալիրի մութ գործարքն էր։

Հոսանք արտադրողները ցածր ինքնարժեք ունեցող հոսանքը ՀԷՑ–ի վրա թանկ գնով են վաճառում՝ մտնելով համատեղ կոռուպցիոն գործարքի մեջ։ Ստեղծվել է եռաթև շղթա՝ էլեկտրաէներգիա արտադրողներ–ՀԷՑ–Բաղրամյան 26։ Հոսանքը էժան արտադրում են, թանկ վաճառում ՀԷՑ–ի վրա, հետո Բաղրամյան 26–ը ՀԷՑ–ի ու Նազարյան Ռոբերտի դակիչ հանձնաժողովի միջոցով բարձրացնում է հոսանքի գինը։ Տեղի է ունենում բացահայտ թալան։

Այդ կոռուպցիոն շղթայի գործունեության գնի վճարումը դրված է ՀՀ քաղաքացիներիս վրա։ Դա է պատճառը, որ իշխանությունների աճող ախորժակի բավարարման համար սակագինը պարբերաբար բարձրացվում է, և էլի կբարձրանա, եթե դիմադրություն չլինի։

Սերժ Սարգսյանն ատամներով է պաշտպանում սակագնի բարձրացման որոշումը, քանզի դա իր ու իր մերձավոր շրջապատի մասնավոր շահերին է առնչվում։

Հիմա ուզում են թալանածը մարսել ու քավության նոխազի նոր սեփականատեր դարձնել ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին՝ ստիպելով նրան գնել ՀԷՑ–ը։

Սամվել Կարապետյանին այդպիսով ցանկանում են, կոպիտ ասած, կթու կովի վերածել, ու հենց տեսան, որ դիմադրում է, անմիջապես սկեցին տարածել, թե Հայաստանում Մայդան է լինելու, որպեսզի Կրեմլն անհանգստանա, ու ինքն էլ իր հերթին սկսի ճնշել Սամվել Կարապետյանին։

Կարապետյանն, անշուշտ, հաջողակ գործարար է, բայց քաղաքական հարցերից գլուխ չի հանում (այլապես չէր ֆինանսավորի Հայաստանում ստեղծված «Գեբելսյան» քարոզչամեքենային, որն, ի դեպ, աշխատում է հակառուսական կոդի մեջ) և չունի համակարգային մտածողություն։ Դրա համար էլ հայտնվել է այս անմխիթար վիճակում, երբ ամեն կողմից ճնշում են, ու ստիպում առնել ՀՀ քաղաքացիների աչքի գրողը դարձած ՀԷՑ–ը։

Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայում պայքարողներին, ապա պետք է առաջ քաշվի ամբողջ «էներգետիկ» թալանի հարցը։ Այլապես, ստացվում է, որ ընկնելու ենք մանր ձկնիկների հետևից՝ մոռանալով գլխից բռնելը։

Սկզբի համար հարկավոր է տաք պահել Բաղրամյան 1ը և թույլ չտալ սակագնի թանկացում։ Հետո արդեն պետք է անցնել բուն գործին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը