Մեկնաբանություն

01.07.2015 19:56


Մոնոպոլիայից էլ վատ

Մոնոպոլիայից էլ վատ

Հայաստանում «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման մեխանիզմներն ու նպատակները սկսել են տեսանելի դառնալ հանրության ավելի լայն շրջանակներին։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դրա դրսևորումներից մեկն է։

«Մեկ օլիգարխի տնտեսությունը» նշանակում է, որ շուկայում մնում է ոչ միայն մեկ վաճառող, և իր բարձր գներն ու վատ որակը թելադրում (մոնոպոլիա), այլ նաև նշանակում է մեկ գնորդի առկայություն (մոնոպսոնիա)։

Մոնոպսոնիան, ի դեպ, մոնոպոլիայից էլ վատ բան է։ Դա այն դեպքն է, երբ բոլոր գործարարներին ուղղակի կամ անուղղակի ձևով բանկրոտի են ենթարկում՝ ստիպելով հրաժարվել սեփականությունից, ընդ որում՝ շատ էժան գնով, քանզի համատարած անկումների համապատկերին շատ դժվար է վաճառել բիզնեսը։ Այդ բիզնեսը կարող է գնել միայն նա, ով քաղաքական ու տնտեսական մոնոպոլիա ունի, կամ դրան հասնելու ճանապարհին է։

Հայաստանում մոնոպսոնիա է ձևավորվում իշխանության վերին շերտի ու դրան կից բիզնես օղակի, այսինքն՝ իրական իշխանություն ունեցողների մասնակցությամբ, իսկ մնացածին վերապահված է ունեզրկվելու, «տակ տալու», հարկային տեռորի ենթարկվելու և, ի վերջո, երկիրը լքելու գործառույթը (պատահական չէ, որ վատ վիճակում են հայտնվել անգամ յուրային համարվող ՀՀԿ–ական գործարարները, քանզի նեոբոլշևիկների համար յուրայիններ չկան, ու ըստ սահմանման՝ չեն կարող լինել)։ Հենց իրական իշխանություն ունեցողներն էլ գնման գին են թելադրում վարկերի, հարկերի ու ոչ ֆորմալ ֆինանսական ճնշումների տակ գտնվող «յուրային» գործարարներին, ինչպես նաև աշխատաշուկայում իրենց միակ ռեսուրսը՝ աշխատուժն առաջարկող ՀՀ քաղաքացիներին։

Մոնոպսոնիայի մեխանիզմի մասին մի առիթով արտահայտվել էր տխրահռչակ Տիգրան Սարգսյանը՝ խոշոր բիզնեսմեններից մեկին առաջարկելով էժան վաճառել սեփական բիզնեսը, քանզի, միևնույն է, այն մի օր բանկրոտի է ենթարկվելու (օֆշորային սկանդալի հերոսը շատ լավ գիտեր, թե ինչ արդյունք է ապահովելու իր «բարեշրջումը»)։

Երբ շուկայում մոնոպոլ դիրք ունեցող կա, դա վատ է։ Կրկնակի վատ է, երբ կա նաև մոնոպսոնիա՝ մեկ գնորդ։ Դա նշանակնում է, որ երկիրն ունենում է առաջընթացի զրո շանս։

Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունն այդպիսի զրոյական շանս է թողնում Հայաստանին։ Դա թույլ չտալը և հետընթացը կանգնեցնելը, բացի քաղաքականից, բարոյականից ու պատվից, նաև ՀՀ անվտանգության հարց է։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը