Մեկնաբանություն

02.07.2015 13:10


Նեոկոմսոմոլ «քաղաքացիականի» դիմանկարը

Նեոկոմսոմոլ «քաղաքացիականի» դիմանկարը

Այս իշխանությունների գործած ավերածությունների մասշտաբները շատ ավելի մեծ են, քան կարելի է պատկերացնել։

Տնտեսական անկման, արտագաղթի և մյուս բացասական երևույթների կողքին ունենք նաև «չշոշափվող» վնասներ։ Խոսքս վերաբերում է քաղաքական ու լրատվական դաշտին։

Եթե նախկինում մեկ–երկու գեղամյանատիպ երևույթ կար, ապա հիմա քաղաքական դաշտը լցված է տարատեսակ ժողգործիքներով։ Դրանք պարզապես վխտում են ամենուրեք։

Նույնը տեղի է ունեցել նաև լրատվական դաշտում։ Հաճախորդացվել ու «Գեբելսյան» քարոզչամեքենային են կցվել «անկախից» մինչև «թունդ ընդդիմադիրները»։

Վերջին օրերի իրադարձությունները շատերի համար բացահայտեցին նաև այն, որ դհոլացման գործընթացի մեջ է մտել նաև, այսպես կոչված, առաջադեմ երիտասարդությունը, որն իրականում մարտնչող նեոկոմսոմոլ է, և որին վերապահված է շարմազանովներին ու կարենավագյաններին փոխարինելու գործառույթը։ Սարսափելին այն է, որ այս նոր «բազեները» շատ ավելի նողկալի կերպարներ են, քան «Բազե» հավաքներից դուրս եկած քծնողներն ու պնակալեզները, քանզի «բազեականները» գոնե կենացների մակարդակով կպած են Հայաստանին, իսկ ահա նեոկոմսոմոլը անհայրենիք արարած է։

«Այո՛ թալանին» նախաձեռնության անդամներից ոմանց պահվածքը Բաղրամյան պողոտայում բոլորի աչքի առաջ է, բայց միայն դրանք չեն բուծվածները։

Տարբերելու համար բուծվածներին՝ ներկայացնենք նրանց ընդհանուր գծերը, կամ, այլ կերպ ասած, դիմանկարը։

Բաղրամյան 26–ի հովանու ներքո գործող նեոկոմսոմոլներն ունեն իրենց հստակ կոդը, որով էլ կարելի է նրանց առանձնացնել այլ՝ նորմալ և իրապես անկախ երիտասարդներից ու քաղաքացիական արժեքների իրական կրողներից։

Ներկայացնենք այդ կոդի մի քանի ենթակոդեր։

1. Նեոկոմսոմոլը սիրում է հանդես գալ, այսպես կոչված, քաղաքացիական դիրքերից ու սարսափում է «քաղաքականություն» բառից այնպես, ինչպես սատանան խունկից։ Քաղաքականությունը տաբու է նրա համար, քանզի զբաղվել քաղաքականությամբ նշանակում է վիճարկել իշխանության հարցը։ Իսկ «պապան» նեոկոմսոմոլին փող չի տալիս նրա համար, որ իր իշխանությունը վիճարկեն (հաչի՛ր՝ որքան ուզում ես, բայց միայն «քաղաքացիական» դիրքերից)։

2. Նեոկոմսոմոլը «թունդ արևմտամետ» է, բայց իրականում առաջնորդվում է բոլշևիկյան գաղափարախոսությամբ և սատարում մեզանում թուրքմենբաշիզմի կայացմանը, այն է՝ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը։

3. Նեոկոմսոմոլի համար Հայաստանի Հանրապետությունը պայմանական միավոր է։ Նա իրեն «աշխարհի քաղաքացի» է զգում ու պատրաստ է մեր երկիրը «խուրդել» «գեոպոլիԾիկ» խաղերի մեջ։ Նեոկոմսոմոլը Ղարաբաղը հանձնող, հայ–թուրքական հարաբերություններում Հայաստանը մանրադրամի վերածող և տարածքային կորուստների գնով ԵՄ–ի հետ ասոցացման գնացող տիպ է։

4. Նեոկոմսոմոլն ամեն ինչի հետևում Կրեմլի դավադրությունն է տեսնում և Հայաստանի ունեցած բոլոր խնդիրների համար մեղադրում է ՌԴ–ին («Սերժ Սարգսյանն ի՞նչ անի. սաղ էդ չար Պուտինն է մեղավորը»)։ Այս բանաձևը Բաղրամյան 26–ին անհրաժեշտ է ներքին ու արտաքին քաղաքական դաշտում սեփական խայտառակ ձախողումներն այլոց վրա դուրս գրելու և կեղծ օրակարգեր հանրությանը մատուցելու համար։

5. Նեոկոմսոմոլը մոլի հակաօլիգարխիստ է, բայց իրականում ծառայում է սուպերօլիգարխին ու նրա նեղ շրջապատին։ Նեոկոմսոմոլը կարող է նաև այդ ամենն անել առանց համապատասխան վճարի, այսինքն՝ «ազնիվ քյարփինջի» կարգավիճակով, բայց դրանից նրա էությունը չի փոխվում։

6. Նեոկոմսոմոլը «բարի» է, «չի սիրում լիդերությունը», «ցանցային» է, «կրեաԾիվ» է, արտաքուստ ընդդիմադիր է, բայց կատաղի կռիվ է տալիս Սերժ Սարգսյանի համար իրական սպառնալիք ներկայացնող սուբյեկտների դեմ, ինչպես նաև կարծում է, որ պետք է գնալ ՀՀԿ ղեկավարի հետ «երկխոսության» (աուդիտի, քննարկման և այլն)։ Կարճ ասած՝ նեոկոմսոմոլը երիտդհոլ է։

Սրանք էին այն հիմնական բնութագրիչները, որոնց միջոցով կարելի է անմիջապես ճանաչել նեոկոմսոմոլ «քաղաքացիականին»։ Եվ ուրեմն, հենց որ մեկը կոչ է անում քաղաքական հարցը չքաղաքականացնել, նրան անմիջապես «պասլատ արեք» Աշոտյանի մոտ կամ, ավելի ճիշտ, Աշոտյանի ուղղությամբ։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը