Մեկնաբանություն

03.07.2015 15:39


Կա՛մ «զագս», կա՛մ դատախազություն

Կա՛մ «զագս», կա՛մ դատախազություն

Բաղրամյան պողոտայում արդեն երկու շաբաթ է՝ բողոքի ակցիա է տեղի ունենում շուրջօրյա տարբերակով։

Հունիսի 28–ի սկսած դիրքային պայքարի փուլ է։ Կողմերը քայլ առաջ չեն անում։ Բողոքավորները շարունակում են մնալ «չքաղաքականացման» ռեժիմում, իսկ իշխանություններն ուժ չեն կիրառում։

«ԿրեաԾիվշիկների» «Օպերա» օպերացիան չստացվեց, այսինքն՝ խիարը թարս բուսնեց։ Արդյունքում՝ մի քանի նեոկոմսոմոլ «խուրդվեց» մինչև վարդապետի խազը։ Մնացածը մնացին Բաղրամյան 1–ում։

Բաղրամյան 26–ը մեծ հաճույքով կցրեր ցույցը, բայց չունի դրա ռեսուրսը։ Խոսքս ոչ թե ֆիզիկական, այլ ներքաղաքական ու նաև աշխարհաքաղաքական ռեսուրսի մասին է։

Հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող «Ես Վովա Գասպարյանն եմ»–ը սպառնաց ցրել ցույցը, իսկ Սերժ Սարգսյանը խնդրեց ազատել Բաղրամյան պողոտան, բայց շուրջօրյա բողոքի ակցիան շարունակվում է։

Այժմ Վովային այլ բան չի մնում անելու, քան «տերտերությունը»՝ գժուկական շեղումներով, ինչն արդեն դադարել է զվարճալի լինելուց։

2013–ի նախագահական ընտրությունների փողոցային փուլում «տերտերությունը» միգուցե «նոու հաու» էր, բայց հիմա վերածվել է ֆարսի։

Հարկ է նկատել, որ Սերժ Սարգսյանը մնաց իր իսկ քարոզչամեքենայի կիրառած ու իր իսկ վարած քաղաքականության «պրյոմի տակ»։

Իշխանությունները տարիներ շարունակ քարոզել են ապաքաղաքական պայքարի, «առաջադեմ երիտասարդների», ցանցային կառավարման, անառաջնորդ շարժման, բարի ակցիաների ու նման այլ «լավլավ» բաների մասին։

Նախորդ կիրակի սրանք փորձեցին աղբամանների վրա թառած «առաջադեմ երիտասարդներին» առաջնորդ սարքել ու նրանց միջոցով ցրել ցույցը, բայց հավաքվածները «ցանցային» ու «անառաջնորդ» հայեցակարգով առաջնորդվեցին՝ մնալով Բաղրամյանում և «պասլատ անելով» նեոկոմսոմոլներին ու նրանց «պապաներին»։

Ինչ վերաբերում է պայքարի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական համապատկերին, ապա այն բացահայտ տեսք է ստացել (ի դեպ, Օբամայից մինչև Պուտին քաղաքականացրել են Բաղրամյանում ծավալվող իրադարձությունները, բացի մեր տնաբույծ «քաղաքացիականներից»)։

Վերջին յոթ տարվա ընթացքում «նախաձեռնողական» քաղաքականությունը բերել է մի վիճակի, երբ Հայաստանը թուլացել է, ու հայտնվել արտաքին խաղացողների հզոր ազդեցության տակ։ Հզորները հիմա տարբեր պատճառներով հայտարարում են, որ ուժի կիրառում Բաղրամյան պողոտայում չպետք է լինի։ ՀՀԿ ղեկավարը շատ է կախված դրսի ուժերից, ու դրա համար էլ ձեռքերը կապվել են։

Այս իշխանություններն այնքան փորձեցին Կրեմլին համոզել, որ Հայաստանում Մայդանի վտանգ կա, մինչև այնտեղ հավատացին դրան ու Բաղրամյան 26–ի համար անսպասելի որոշում կայացրեցին՝ թույլ չտալ խնդրի ուժային լուծում։

ԱՄՆ–ն էլ ՀՀ–ում իր դեսպանատան միջոցով կոչ արեց ուժ չկիրառել։

Եվ այսպես, Սերժ Սարգսյանը չի կարողանում ուժով ցրել ցույցը, քանզի նախ տեսավ, որ դա օգուտ չի տալիս (շատ խոսուն է «Ինչքան ջրեք՝ այնքան կաճենք» կարգախոսը), և բացի այդ՝ խոշոր խաղացողները՝ ԱՄՆ–ը, ՌԴ–ն ու ԵՄ–ն, կտրուկ դեմ են արտահայտվել ուժի կիրառման հարցում։

Առայժմ բալանսը չի փոխվել, և այդ իսկ պատճառով էլ Բաղրամյանում եթե գիշերը անգամ քսան հոգի մնա, միևնույն է՝ ոստիկանությունը չի կարող ուժ կիրառել։ «Ցանցային» բան էին ուզում՝ իրենք հայտնվեցին ցանցում ու ոստիկանապետը ստիպված շոումեն է դարձել Բաղրամյան պողոտայում։

Ուժի կիրառումը կլինի միայն որոշակի բալանսի խախտման դեպքում։ Բայց որպեսզի չխախտվի այդ բալանսը, պետք է ապահովել մարդաշատությունը Բաղրամյան 1–ում։ Իսկ որպեսզի մարդաշատությունն ապահովվի, պետք է քաղաքական տեքստ հնչի, ու ասվի այն, ինչը բոլորի մտքում է, բայց առայժմ չի բարձրաձայնվում փողոցում։ Առայժմ քաղաքական տեքստ չկա։ Կամ, ավելի ճիշտ, կա, բայց այն տողատակերում է։

Թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները, կերևա մոտ ապագայում։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ կա երկու ելք՝ կա՛մ իշխանությունները պաշտպանում են թալանի իրավունքը՝ չչեղարկելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումն ու գնալով հետագա լայնամասշտաբ թանկացումների, կա՛մ այս ամենն ավարտվում է համակարգային փոփոխությամբ՝ ներառյալ իշխանափոխությամբ։

Հայտնի ֆիլմի հերոսներից մեկի խոսքերով՝ կա՛մ հանրությունն այս իշխանություններին կտանի «զագս», բայց ոչ թե ամուսնության, այլ ապահարզանի համար, կա՛մ իշխանությունները բոլորիս կտանեն դատախազություն՝ իրենց թալանի իրավունքի դեմ պայքարի ելնելու մեջ մեզ մեղադրելով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը