Մեկնաբանություն

04.07.2015 11:15


Իշխանական բուրգի էրոզիան

Իշխանական բուրգի էրոզիան

Եթե մի կողմ թողնենք «Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժումը ներկայացնող մի քանի հոգու դհոլային վարքագիծը, ապա պետք է արձանագրել, որ այդ նախաձեռնությունն ահագին դրական բան արեց։ Ճահճացած քաղաքական դաշտում հնարավոր եղավ մարդկանց կրկին փողոց հանել։

Իշխանություններն արդեն կանխավայելում էին էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, և հանկարծ ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։

Ճիշտ է, Բաղրամյան 26–ից փորձում են միջամտել Բաղրամյան 1–ում տեղի ունեցողին, և հունիսի 28–ին ուզում էին մեկ–երկու նեոկոմսոմոլի միջոցով փչացնել շարժումը, սակայն ոչինչ չստացվեց։ Տվյալ դեպքում իշխանական միջամտությունների հարցը երկրորդական է։

Կարևորն այն է, որ Բաղրամյան փողոցը շարունակում է մնալ փակ, և շուրջօրյա բողոքի գործողությունը, անկախ մասնակիցների քանակից, շարունակվում է։

Բաղրամյան 1ը կամաց–կամաց վերածվում է մշտական քաղաքական գործոնի, ինչն էրոզիայի է ենթարկում իշխանական բուրգը։

Սերժ Սարգսյանը չի կարողանում ուժ կիրառել, քանզի հասկանում է, որ դա միայն կկոնսոլիդացնի ամբողջ հանրությանը։ Բացի այդ, դրսի խոշոր խաղացողներն են նրանց արգելում ուժ կիրառել (այս ամենի արանքում ծիծաղելի կերպարի վերածվեց «Ես Վովա Գասպարյանն եմ»–ը)։

Բաղրամյան 26–ին այս պայմաններում այլ բան չի մնում, քան քաղքենիական զանգվածի, հին ու նոր հաճախորդների, շոու–բիզնեսի էժանագին հատվածի և «բնակիչների» միջոցով քննադատել երկու շաբաթ փողոցը փակած մարդկանց։ Բայց դրանք զուր ջանքեր են։

Նկատենք, որ Բաղրամյան փողոցում ընթացող բողոքի գործողությունը դելեգիտիմացնում է իշխանական բուրգի վերնախավին։ Խոսքս հանրային դելեգիտիմացման մասին չէ. այդ առումով Սարգսյանը մշտապես խնդիրներ է ունեցել։ Խոսքս իշխանության ներսում տեղի ունեցող դելեգիտիմացման գործընթացի մասին է։

ՀՀԿ–ականները հիմա տեսնում են, որ Սարգսյանը չի կարողանում ապավինել իր միակ ռեսուրսին՝ ուժի կիրառման հնարավորությանը։ Բաղրամյան 1–ն ամեն օր մաշեցնում է Սարգսյանի այդ ռեսուրսը, և հենց դա էլ հունից հանում է ՀՀԿ ղեկավարին։

Երիտասարդներն, ըստ այդմ, արեցին ամենակարևորը՝ ցույց տվեցին, որ «թագավորը մերկ է»։ Մնացածն արդեն քաղաքական խնդիր է, որը պետք է քաղաքական նոր ուժի օգնությամբ լուծվի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը