Մեկնաբանություն

07.07.2015 09:45


Մեկ քայլ առա՞ջ, թե՞ երկու քայլ հետ

Մեկ քայլ առա՞ջ, թե՞ երկու քայլ հետ

Ոստիկանությունը բացեց Բաղրամյան պողոտան։

Ի տարբերություն հունիսի 23–ի՝ այս անգամ իրավապահներն իրենց «կուլտուրական» պահեցին. չկային հատուկ միջոցներ, չկային քաղաքացիական հագուստով ոստիկանների լկտիությունները, չկար հայտնի ջրցան մեքենան։

Իշխանություններն ուզում էին Բաղրամյանը բացել հունիսի 28–ին, բայց իրենց կողմից կառավարվող երկու–երեք ջահելները տեղում «խուրդվեցին», և «Օպերա» օպերացիան «փոզմիշ եղավ»։

«Փոզմիշ եղավ» նաև «Սերժ Սարգսյանն ընդունում է ըմբոստ երիտասարդներին ու երկխոսում նրանց հետ» շոուն։

Հունիսի 28–ից հետո Բաղրամյանը կրկին մնաց «պաշարված», ինչը հունից հանում էր ինչպես Սերժ Սարգսյանին, այնպես էլ Վովա Գասպարյանին, սակայն մի շարք ներքին ու արտաքին հանգամանքներից ելնելով՝ նրանք չէին կարողանում բիրտ ուժ կիրառել։

Չկարողանալով Օպերա, իսկ այնտեղից էլ տուն ուղարկել ցուցարարներին՝ իշխանություններն ընտրեցին «բարի» մարտավարություն և սկսեցին աշխատել այլ ձևով, որպեսզի համ կարողանան փողոցն ազատել, համ էլ այնպես անել, որ ազատմանն աջակցողների «դեմքը փրկվի», քանզի հունիսի 28–ից հետո դժվար էր Օպերա ուղարկելու ուղղակի կոչեր հնչեցնող գտնելը (Վաղինակ Շուշանյանի ու նրա հուշարարների հետ տեղի ունեցածը բոլորի աչքի առաջ էր)։ Իշխանությունների կիրառած «կացնային» մեթոդը չաշխատեց, ու պետք եղավ «նուրբ» տեխնոլոգիայի ներմուծում։

Այդ «նուրբ» տեխնոլոգիայի օգնությամբ ցույցը ցրելու և բողոքավորներին Ազատության հրապարակ ուղարկելու հնարավորությունը ստեղծվեց։

Ֆորմալ առիթը հուլիսի 4–ին առաջ քաշված «Մեկ քայլ առաջ» անբովանդակ ծրագրի մասին բարձրաձայնումն էր, որի շրջանակներում պետք է ամեն օր մեկ քայլ առաջ տարվեին բարիկադի դեր կատարող աղբամանները։

Առաջին հայացքից դա վճռական մարտավարություն էր (հենց այդպես էլ հայտարարվեց), ինչը թույլ էր տալիս հունիսի 28–ին աղբամանների վրայի երկու–երեք երիտասարդ տղաների պես չփչանալ, բայց նաև հնարավորություն և ֆորմալ առիթ էր տալիս ոստիկանությանը՝ դիմել գործողությունների ու բացել Բաղրամյան պողոտան (մինչ այդ գրեթե պատային վիճակ էր, ինչը ձեռնտու չէր Բաղրամյան 26–ին)։

Եվ այսպես, «Մեկ քայլ առաջ» ծրագրի արդյունքը Բաղրամյան պողատայի բացվելը դարձավ, և ինչպես իշխանություններն էին հունիսի 28–ին ուզում, ցուցարարները տեղափոխվեցին Ազատության հրապարակ։ Այսինքն՝ այն ինչ հունիսի 28–ին չհաջողվեց անել աղբամանների վրա թառած նեոկոմսոմոլների միջոցով, արվեց երեկ այլ երիտասարդի մջոցով։ Ոչինչ չենք ակնարկում, պարզապես փաստն ենք արձանագրում։

Իշխանություններին պետք էր բացել Բաղրամյան պողոտան, քանզի ամեն մի օրը էրոզիայի էր ենթարկում բուրգը։ Եվ ահա, պողոտան բացվում է «Մեկ քայլ առաջ» ծրագրի շրջանակներում, ու ստացվում է, որ ցուցարարները, պատկերավոր ասած, երկու քայլ հետ են ընկնում։

Իսկ հիմա «ա լյա» Րաֆֆի հացադուլ հայտարարելն ու լղոզված պահանջներ հնչեցնելն արդեն ֆարսի է վերածում ամբողջ գործընթացը, որի մեջ լիքը ազնիվ երիտասարդներն էին մտած։ Կարևորն արդյունքն է, այլ ոչ թե հռետորաբանությունը։ Արդյունքը բոլորիս աչքի առաջ է։

Մնացածի մասին դեռ կհասցնենք խոսել։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը