Մեկնաբանություն

09.07.2015 13:49


Ովքեր են օգտվում սակագնի թանկացումից (տուժողները հայտնի են)

Ովքեր են օգտվում սակագնի թանկացումից (տուժողները հայտնի են)

ՀԷՑ–ի տնօրեն Բիբինը գրեթե ոչնչով չի տարբերվում Բաղրամյան 26–ի ենթականեր Գալուստ Սահակյանից, Հովիկ Աբրահամյանից և մյուսներից։ Տարբերությունն այն է, որ ՀԷՑ–ի տնօրենի անուն ազգանունը հայկական չէ, ու նա, իբր, մասնավոր կառույց է ներկայացնում, ինչն էլ հնարավորություն է տալիս նախագահական նստավայրին կից գործող «արևմտամետ» մամուլին հակառուսական թեմաներով բազմաթիվ մանիպուլյացիաներ անել ու պայքարել իրական թալանչիների իրավունքների պահպանման համար։

ՀԷՑ–ն էներգետիկ համակարգի վերջին օղակն է, որն առնչվում է սպառողների հետ։ Մինչ այդ կան էներգաարտադրող կազմակերպություններ, որոնք իշխանության վերին օղակի շատ հայտնի դեմքերին են պատկանում։

ՀԷՑ–ին վերապահված է փչանալու և գանձումներ ապահովելու գործառույթը։

Գործում է հետևյալ մեխանիզմը՝ էներգաարտադրողները թանկ գնով ստիպում են ՀԷՑ–ին իրենցից հոսանք գնել՝ Նազարյան Ռոբերտի «կանտորայի» միջոցով զուգահեռաբար ապահովելով էլեկտրաէներգիայի սակագնի շարունակական բարձրացում (վերջին երկու տարում՝ մոտ 40 տոկոսով)։ Բիբինն էլ արտադրողներին (իմա՝ իշխանություններին) ասում է, որ եթե պետք է հոսանքը թանկ առնեմ, որպեսզի ձեր ախորժակը բավարարեմ, ապա դուք ինձ բանկերից վարկեր ապահովեք։ Բանկերն էլ ասում են, որ եթե այդ վատ կառավարվող կազմակերպությունը վարկ է ուզում, ապա մենք կտանք միայն պետական երաշխիքի դեպքում։ Պետությունը (դե՛, Սերժ Սարգսյանը, էլի՛) տալիս է երաշխիքը, բանկերը տալիս են վարկը, ՀԷՑ–ն էլ իր հերթին թանկ գնով հոսանք է առնում արտադրողներից ու նաև, իշխանությունների հետ համատեղ, «ատկատների» հսկայական գործարանի վերածում այդ կառույցը։ Սակայն փողը, իշխանավորների աճող ախորժակի պատճառով, կրկին քչություն է անում։ Բնականաբար, ինչ–որ մեկը պետք է վճարի այդ թալանի համար։ Իշխանությունները որոշում են, որ պետք է վճարի ՀՀ քաղաքացին, փչանա Բիբինը, իսկ շահույթը վայելեն իրենք։ Ահա՛ և ամբողջ պատմությունը։

Որոտանի համալիրը, որը շատ ցածր ինքնարժեքով հոսանք է արտադրում, սեփականաշնորհվեց, որպեսզի գերշահույթներ ապահովի «ամերիկյան» կազմակերպության համար։ Կազմակերպություն, որի հետևից շատ հայտնի հայկական ականջներ են երևում։

Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն ամեն կերպ պաշտպանում է սակագնի բարձրացման որոշումը, քանզի դա իր ու իր մերձավորների մասնավոր շահերին է առնչվում։ Ու երբ հայտարարվում է, որ սակագնի թանկացումն այլընտրանք չունի, և որ հակառակ դեպքում էներգետիկ համակարգը լուրջ խնդիրների առաջ կկանգնի, պետք է հասկանալ, որ իրականում խոսք է գնում էներգաարտադրողների գերշահույթներն ապահովելու մասին։

Հիմա ամեն ինչ շատ ավելի վատ վիճակում է հայտնվել, ու որոշել են գործի մեջ ներգրավել նաև բախտավոր խոպանչի Սամվել Կարապետյանին։ Նա էլ ասում է՝ հոսանքի գինը թանկացրեք, նոր գնեմ ՀԷՑ–ը։ Սրանք էլ պատասխանում են, թե եղբա՛յր, ահագին «շուխուր» կա, արի դու առ, հետո մի բան կմտածենք։ Արդյունքում՝ գործարքը ձգձգվում է։ Էներգաարտադրողները նյարդայնանում են այդ ձգձգումից, ու դրա համար էլ տեղեկատվական արտահոսքեր են կազմակերպում «անկախ» և «թունդ ընդդիմադիր» մամուլի միջոցներով։

Էներգաարտադրողների հետ կապված խնդիրներին անդրադարձել էր «Ինտեր ՌԱՕ»–ի ներկայացուցիչ Կովալչուկը։ Այսօր փակագծերը բացել է նաև կառավարման խորհրդի անդամ, Ռազմավարության և ներդրումների հատվածի ղեկավար Իլնար Միրսիյապովը։

Ըստ նրա՝ սպառողական սակագների բարձրացման արդյունքում լրացուցիչ եկամուտները ստացել են էներգաարտադրող ընկերությունները, այլ ոչ թե ՀԷՑ–ը։ Եվ սակագների բարձրացման 73%–ը գալիս է Հայաստանի էլեկտաէներգետիկ այլ ընկերություններից։

Միրսիյապովի խոսքերով՝ ՀԷՑ–ն իր վրա է կրում հիմնական ռիսկերը և էլեկտրաէներգետիկ ոլորտում ի հայտ եկած դիսբալանսները, ինչն էլ հանգեցրել է ընկերության ամենամյա կորուստների՝ սկսած 2012 թվականից։

«Դրա պատճառով ՀԷՑ–ը ստիպված է պարտքեր վերցնել, ինչը լրացուցիչ խորացնում է ընկերությունում առկա ծանր վիճակը»,– պատկերն ամփոփել է «Ինտեր ՌԱՕ»–ի կառավարման խորհրդի անդամը։

Մի խոսքով, ՀՀ իշխանություններն էներգետիկ համակարգը (և ոչ միայն այդ համակարգը) կառավարում են «Այո՛ թալանին» կարգախոսով։ Նորություն չենք ասում։ Պարզապես հիշեցնում ենք։ Եվ բոլոր նրանք, ովքեր հերոսաբար ու «քաղաքացիականորեն» պահանջում են Բիբինի հրաժարականը, պետք է լավ իմանան, որ այդ էժանագին «տրյուկները» չեն անցնում։ Ձուկը գլխից է հոտած, և պետք է գլխից բռնել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը