Մեկնաբանություն

10.07.2015 09:45


Սահմանադրության և էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը

Սահմանադրության և էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը

Որքան էլ Սերժ Սարգսյանը փորձի քողարկված ձևով գործել, միևնույն է, ամեն ինչ պարզ երևում է։

Նրա ձեռագիրը նույնն է բոլոր տիպի հարցերում՝ խուսափել պատասխանատվությունից, թաքնվել տարատեսակ հանձնաժողովների ու խորհուրդների հետևում, վերջում՝ գործի դնել ուժային մեթոդները։

Սերժ Սարգսյանը մշտապես առաջնորդվում է «բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով»։ Հասկանալի է, որ որևէ մեկը նրանից որևէ բան չի խնդրում, բայց նա ձև է անում, թե, իբր, ստիպված է անում այս կամ այն քայլը, իբր, չի ուզում այդ բանը, բայց եթե ուրիշներն ուզում են, ապա ինքը բարի է, ու ընդառաջ է գնում այլոց ցանկություններին։

Տեսե՛ք, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը կայացվել է Բաղրամյան 26–ում (հակառակ տեսակետ ունեցողները թող հերոսաբար պահանջեն Բիբինի հրաժարականը), բայց դա բարդվում է Ռոբերտ Նազարյանի գլխավորած ձրիակեր ու դակիչ հանձնաժողովի վրա։

Սերժ Սարգսյանը, ՀՀԿ–ականները, օդիոզ գեներալները, մականունավոր հաստագլուխները, մի խոսքով, բոլորը դեմ էին արտահայտվում սակագնի բարձրացմանը, բայց, արի ու տես, որ Նազարյանի հանձնաժողովը բռնեց ու բարձրացրեց գինը։

Սարգսյանը դեմ է արտահայտվում սակագնի թանկացմանը, բայց ջրցան մեքենայով ու ոստիկանական վայրագություններով պաշտպանեց թանկացման որոշումը։ Նա այդպես վարվեց, քանզի սակագնի հարցն իր ու իր մերձավորների անձնական շահերին է առնչվում։

Միշտ էլ այդպես է ստացվում նրա մոտ՝ սկզբում դեմոկրատ, քաղաքացիական ու բարի խաղալ, բայց հենց տեսնել, որ բանը բանից անցնում է, մի կողմ նետել դիմակն ու դիմել բիրտ ուժի։

Նույնն, ի դեպ, տեղի է ունենում Սահմանադրության մասով։

Սերժ Սարգսյանը, ՀՀԿ–ականները, պալատական մտավորականները, քաղաքական հաճախորդները դեմ են արտահայտվում պետական կառավարման մոդելի փոփոխությանը, բայց, արի ու տես, որ ՀՀԿ ղեկավարին կից սահմանադրական փոփոխություններով զբաղվող հանձնաժողովն այլ կարծիք ունի, և Սարգսյանը «ստիպված» համակերպվում է այդ կարծիքի հետ։

Բոլորն էլ հասկանում են, որ սահմանադրական փոփոխությունները որևէ կապ չունեն մարդակենտրոնության հետ։ Դրանք արվում են մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի անձնական շահերը սպասարկելու համար։ Այնպես, ինչպես էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեպքում։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը