Քաղաքական

11.11.2009 18:10


Հայ–թուրքական հարաբերությունների ներկա փուլը քաղաքագետի ու վերլուծաբանի տեսանկյուններից

Հայ–թուրքական հարաբերությունների ներկա փուլը քաղաքագետի ու վերլուծաբանի տեսանկյուններից

Վերջին ժամանակներս Հայաստանի արտաքին քաղաքականությունն ամեն կերպ կապվում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի հետ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նշել է, որ Հայաստանն ու Թուրքիան  շատ ուշադիր հետևում են միմյանց քայլերին, որովհետև դեռ անվստահության խնդիր կա։ Նա նաև պնդել է, որ այս իրավիճակում Հայաստանը ճիշտ կանի՝ առաջինը վավերացնի արձանագրությունները՝ չնայելով Թուրքիայի գործողություններին։

-Հայաստանը նախաձեռնողն էր և պետք է շարունակի այդ քաղաքականությունը։ Մեր ԱԺ-ի պրոկառավարական ուժերն ունեն գերակշռող մեծամասնություն՝ մոտ 75%,  և բոլորը գիտեն, որ նրանք կանեն այն, ինչ պետք է գործադիր մարմնին, ու խաղալն այս դեպքում չի ընկալվի միջազգային հանրության կողմից,-ասել է նա։

Նույն հարցի վերաբերյալ քաղաքագետ, «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն էլ ասել է, թե Հայաստանի քաղաքական որոշումը եղել է Թուրքիայի քայլերին սպասելը, և դա շատ տրամաբանական է։

-Մյուս կողմից էլ ես հասկանում եմ Ստեփան Գրիգորյանին, որն այլ տեսանկյունից է նայել այս հարցին։ Այդտեղ ևս կա տրամաբանություն, բայց երկրի որոշման բնույթն այնպիսին է, որ երկիրը կսպասի Թուրքիայի գործողություններին։ Եղել է այն, ինչ եղել է, և հիմա  պետք է տեսնել, թե ինչ կլինի,-ասել է քաղաքագետը։

Շուտով Թուրքիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պետք է եզրակացություն տա հայ-թուրքական արձանագրություններին։ Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ դրանից շատ բան է կախված։ Նա նշել է, որ շատ բան էլ կախված է միջազգային հանրությունից, մասնավորապես ԱՄՆ-ից։ Իսկ վերլուծաբան Ստեփան Գրիգորյանն այս կապակցությամբ ասել է, թե շատ բան կախված է հենց Հայաստանից։

-Թուրքիայի քայլերը կախված կլինեն Հայաստանի քայլերից։ Շատ բան  կախված է Հայաստանից. եթե մենք ձգձգենք վավերացումը, ապա, այո՛, անսպասելի բաներ կարող են կատարվել, և, Աստված չանի, կարող է՝ չվավերացնեն։ Զարմանալի բան  կարող է թվալ, բայց այսօր Թուրքիան ավելի շատ կախված է Հայաստանից, քան Ադրբեջանից,-նշել է վերլուծաբանը։

Նա նշել է, որ եթե Հայաստանը չվավերացնի, Թուրքիայի ընդդիմությունը, կարող է ստիպել չվավերացնել արձանագրությունները։ Իսկ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ ասել է, թե շփվելով իր թուրք գործընկերների հետ՝ մի բան է հասկացել՝ եթե Թուրքիայի կառավարող  էլիտան ցանկանա, կարող է խորհրդարանով անցկացնել ցանկացած  բան։

Հեղինե Հարությունյան

 

Այս խորագրի վերջին նյութերը