Մեկնաբանություն

11.07.2015 08:30


Քաղաքական դաշտի արագաչափը

Քաղաքական դաշտի արագաչափը

Հիմա շատ մոդայիկ է դարձել կուրծք ծեծելով արագաչափերի ու տեսախցիկների միջոցով հանրությանը և պետությանը թալանելու դեմ խոսելը։

Բողոքում են ամենամոլի «արևմտամետները» և ամենաթունդ «ընդդիմադիրները», ամենանագլի գռդոնչիներն ու ամենասոսկալի «ռուսամետները»։

Իհարկե, լավ է, որ վերջապես սկսում են տեսնել ու հասկանալ, որ Հայաստանը դարձել է փողաքամիչ մեքենա բաց երկնքի տակ։ Սակայն ոչ վաղ անցյալում նույն այդ գործիչները մեղադրում էին այն քաղաքական ուժերին, որոնք արագաչափերի, տեսախցիկների ու այլ թալանչիական խնդիրների մասին էին բարձրաձայնում, և 12կետանոց պահանջ ներկայացրեցին իշխանություններին (հիմա այդ ուժերը «մոռացել» են պահանջների մասին, ու նրանց մի մասը լծվել է սահմանադրական փոփոխությունների հակապետական ծրագրի իրականացման գործին)։

12–կետանոց պահանջների առաջ քաշման համար Բաղրամյան 26–ի հաճախորդները քննադատում էին հատկապես այն ժամանակվա ԲՀԿ–ին, թե բա՝ քաղաքական հարցերը թողած՝ էս ի՞նչ կենցաղային հարցեր է բարձրացնում։ Բայց, արի տես, որ հիմա բոլորը մտել են «կենցաղային» դաշտ՝ էլեկտրաէներգիայի սակագնից սկսած՝ մինչև տխրահռչակ արագաչափեր։ Իսկ դա նշանակում է, որ հասկացել են, որ սոցիալ–տնտեսական թեմաներին վերաբերող հարցերը շատ ավելի քաղաքական են, քան այն «մուտիլովկաները», որոնք ընդունված է քաղաքական համարել։ Կամ էլ՝ վաղուց էին հասկացել, պարզապես այն օրերին հաճախորդներից այլ բան էր պահանջվում, նրանք էլ այդ այլ բանն էին անում։ Ինչևէ։

Ինչ վերաբերում է շարժական ու անշարժ արագաչափերին և տեսախցիկներին, ապա խնդիրն այն չէ, որ պետք է թողնել, որպեսզի վարորդները 160 կմ/ժ արագություն «բացեն» Երևանի Աբովյան փողոցում, ու չտուգանվեն։

Խնդիրն այն է, որ տուգանքների չափերը նվազեցվեն ու համապատասխանեցվեն ՀՀ քաղաքացիների միջին եկամտին։ Բացի այդ, փոխվի տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումներից ստացվող գումարի 70/30 համամասնությունը, որն այժմ հօգուտ մենաշնորհային կարգավիճակ ստացած մասնավոր կազմակերպության է։

Ինչո՞ւ պետք է միլիարդավոր դրամներ հոսեն Սերժ Սարգսյանի մերձավորների գրպանները։ Եվ դա այն դեպքում, երբ իշխանությունները պարբերաբար բողոքում են փողի պակասությունից։ Փողի պակասությունից դժգոհում են, բայց որտեղից կարելի է փող ստանալ, հանձնում են իրենց մերձավորներին, որպեսզի պետբյուջեի փոխարեն այլ բյուջեները լցվեն։

Մարդկանց հենց սա՛ է հունից հանում, այլ ոչ թե 160 կմ/ժ «բացել» չկարողանալը։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը