Մեկնաբանություն

15.07.2015 08:35


Իրանական գազը և Հայաստանի շահերը

Իրանական գազը և Հայաստանի շահերը

«Վեցնյակի» և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունն իրանական միջուկային խնդրի հարցով ենթադրում է նաև գազային տրանզիտի համաձայնություններ։ Կողմերը բանակցային սեղանին էին դրել խաղաղ ատոմին առնչվող տեքստը։ Ենթատեքստում գազի հարցն էր։ Հայաստանի շահերին հենց գազային մասով է առնչվում այդ գործընթացը։

Արևմուտք–Ռուսաստան հակամարտության պայմաններում առաջինն ամեն ինչ անում է, որպեսզի այլընտրանքային գազ ստանալու հնարավորություն ունենա, ու թուլացնի իր կախվածությունը երկրորդից։ Խոսքը մոտ 60 միլիարդ խորանարդ մետր գազի մասին է։

ԵՄ երկրների պահանջարկը զգալի մասով կարող է բավարարել Իրանը՝ մրցակցելով ռուսական գազի հետ։

Արևմուտքն այնքան է շահագրգռված ՌԴ–ին թուլացնելու խնդրով, որ անտեսում է անգամ մերձավորարևելյան իր դաշնակից Իսրայելի դիրքորոշումը (այդ երկրի վարչապետն արդեն իսկ իր խոր մտահոգությունն է հայտնել «վեցնյակի» ու Իրանի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքի վերաբերյալ), և Իրանի հետ գնում է պատմական նշանակության պայմանավորվածությունների։ Պայմանավորվածություններ, որոնց տուժող կողմ կարող են դառնալ Հայաստանը, Ռուսաստանը և Իսրայելը։

Մեզ համար թիվ մեկ խնդիրը գազային տրանզիտի աշխարհագրությունն է։

Եթե իրանական գազն անցնի Թուրքիայով (ըստ ամենայնի՝ հենց այդպես էլ կլինի), ապա դա նշանակում է «Նաբուկո» ծրագրի վերակենդանացում, ինչն ուղղակի սպառնալիք է ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը։ Թուրքիան ու Իրանը (բնականաբար, նաև Ադրբեջանը) այդ դեպքում կհայտնվեն ռազմավարական շահերի միևնույն տիրույթում։ Կտրուկ կմեծանա Թուրքիայի դերը մեր տարածաշրջանում և աշխարհում։ Իսկ թե ինչ է դա նշանակում, լրացուցիչ բացատրության կարիք չունի. Թուրքիան մշապես բացահայտորեն պրոադրբեջանական դիրքորոշում է հայտնել ու Սերժ Սարգսյանի վարած «նախաձեռնողական» քաղաքականության արդյունքում է՛լ ավելի է կոշտացրել իր հակահայկական գիծը։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն Ադրբեջան–Իրան–Թուրքիա ընդհանուր շահային գոտու ստեղծման և Արևմուտքի համար գերկարևոր նշանակություն ձեռք բերած Թուրքիայի գործունեության արդյունքում։ Հայաստանը գործնականում կհայտնվի թշնամական (Թուրքիա, Ադրբեջան) ու սառը տրամադրված հարևանների (Իրան, Վրաստան) արանքում, այսինքն՝ մեկուսացման մեջ։ Ճիշտ է, Իրանի ու Վրաստանի սահմանը բաց կլինի, բայց այդ երկրների հետ մենք, ըստ էության, հակադիր շահերի գոտում կհայտնվենք, քանզի մեր անվտանգության համակարգը ՀԱՊԿ–ի շրջանակներում է, իսկ հակառակ ճամբարն այս տարածաշրջանում ներկայացված է ի դեմս Թուրքիայի։

Միամտություն է կարծելը, թե ԱՄՆ–ը կամ ԵՄ–ն թույլ չեն տա, որպեսզի թուրք–ադրբեջանական զույգն աքցանի մեջ վերցնի Հայաստանը։ Իսկ եթե Հայաստանը որոշի մտնել արևմտյան ու հակառուսական նախագծերի մեջ, ապա մենք կարող ենք ուկրաինական սցենարի կրկնությունն ապրել՝ կորցնելով ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Հայաստանը։

Թուրքիայի տարածքով իրանական գազի արտահանման միակ խոչընդոտը կարող է լինել քրդական գործոնը, որը որոշակի ապակայունացման պոտենցիալ ունի, և կարող է վտանգ ներկայացնել գազատարի համար։ Դա հաշվի առնելով՝ Թուրքիան ամեն կերպ խրախուսում ու նաև ֆինանսավորում է «Իսլամական պետությանը»՝ խնդիր դնելով վերացնել քրդական գործոնը։

Մեզ համար ցանկալին այն կլիներ, որ իրանական գազի արտահանումը կազմակերպվեր Հայաստանի տարածքով, ինչը կբավարարեր և՛ մեր, և՛ Իրանի, և՛ ՌԴ–ի, և՛ Վրաստանի շահերը, սակայն դրա հավանականությունն այս պահին գրեթե զրոյական է և կմեծանա միայն տարածաշրջանում հայկական գործոնի էական բարելավման պարագայում, ինչն այս իշխանությունների օրոք անհնար է։

Հայաստանի քաղաքական դաշտում և հատկապես իշխանական հատվածում այս տիպի հարցերի մասին մտածելու ժամանակ, հավես ու կարողություն չունեն։ Բաղրամյան 26–ում մասնագիտացած են բացառապես «մուտիլովկաների» և վերարտադրության ծրագրի հարցերով։

Գավառական պատկերացումների տեր և օրվա կուրսով ապրող մարդկանցից այլ բան չէր էլ սպասվում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը