Մեկնաբանություն

15.07.2015 10:35


Ադրբեջանցու և ամերիկացու համատեղ գրոհն ընդդեմ Ղարաբաղի

Ադրբեջանցու և ամերիկացու համատեղ գրոհն ընդդեմ Ղարաբաղի

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան ներկայացուցիչը գրեթե միաժամանակ հակահայկական հայտարարություններով հանդես եկան։

Ադրբեջանցին սպառնաց խոշոր տրամաչափի զինատեսակով գնդակոծել հայկական տարածքները, իսկ ամերիկացին հերթական անգամ խոսեց Ղարաբաղի խնդրի մասին։

Ուորլիքը հայտարարել է, որ «օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»։

Ճիշտ է, նա նշել է, որ հակամարտության կարգավորումը միայն այդ հարցը չի ներառում, և պետք է լինեն համալիր լուծումներ, որոնք կվերաբերեն ԼՂՀ կարգավիճակին, փախստականներին, անվտանգության երաշխիքներին, սակայն փաստն այն է, որ հիմնական շեշտադրումն արել է տարածքների հանձնման վրա։

Ամերիկացի դիվանագետն անդրադարձել է խաղաղապահների թեմային։ Ըստ նրա՝ հակամարտության կարգավորումը ենթադրում է նաև միջազգային խաղաղապահների առկայություն։ Ուորլիքը, սակայն, չի կարողանում կամ չի ուզում պատասխանել այն հարցին, թե եթե կողմերը խաղաղ համաձայնագիր են կնքում, ապա ինչո՞ւ պետք է խաղաղապահներ տեղակայվեն հայերի ու ադրբեջանցիների արանքում, իսկ եթե խաղաղությունը լինելու է միայն թղթի վրա, ապա ինչո՞ւ պետք է հայերը միակողմանի զիջումների գնան ու հույսը դնեն խաղաղապահների վրա, ինչպես որ ամերիկացի դիվանագետն է ուզում։

Տեղին է հիշեցնելը, որ նմանատիպ հայտարարություններ Ուորլիքն ինտենսիվորեն անում էր նաև անցած ամռանը, որին հաջորդեցին ադրբեջանցիների հարձակումները և բավական լուրջ սահմանային բախումները։

Թե ինչ է այս անգամ հետևելու «կկվի» կանչին, դժվար է ասել։

ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը՝ նշելով, որ եթե խոշոր տրամաչափով գնդակոծություններ լինեն, ապա պատասխանը լինելու է անհամարժեք և անդառնալի կորուստներով հղի:

Ահա թե ուր ենք հասել Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» ու «խաղաղասիրական» քաղաքականության արդյունքում։

Եթե նախորդ ամառվա պես լարվածությունը մեծանա, ապա ՀՀԿ ղեկավարն, ամենայն հավանականությամբ, կրկին կանհայտանա։ Ինչպես միշտ։

Սարգսյանը հայտնվում է միայն այն դեպքերում, երբ խնդիրը միայն իր անձնական շահերին է վերաբերում։ Օրինակ՝ սահմանադրական փոփոխությունների գնալու, ահել ու ջահել «պայքարիստներին» դհոլացնելու և հանրությունից փող հավաքելու նախաձեռնությունների ժամանակ։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Ուորլիքը Ղարաբաղի հողերը հանձնելու կոչով է հանդես եկել, սակայն Բաղրամյան 26–ին կից «արևմտամետ» մամուլը դա ներկայացնում է որպես պրոհայկական հայտարարություն ու մեղադրում Ռուսաստանին։ Սա արդեն մարազմ էլ չէ։ Սա ուրիշ բան է։

Հարցն այն չէ, որ պետք է Հայաստանը հակաամերիկյան կուրս որդեգրի։ Դա նույնքան վտանգավոր ու հիմար քայլ կլինի, որքան հակառուսական քաղաքականություն վարելը։ Հարցը տվյալ դեպքում այն է, որ «արևմտամետ» մամուլը արհեստականորեն հակառուսական քարոզ է տանում և կողմ արտահայտվում հայ–ռուսական հարաբերությունների վատացմանը՝ ամբողջությամբ տեղավորվելով թուրք–ադրբեջանական քարոզչակոդի մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը