Մեկնաբանություն

16.07.2015 10:50


Սերժ Սարգսյանը մտափոխվել է. բռնապետություն՝ անմարդկային դեմքով

Սերժ Սարգսյանը մտափոխվել է. բռնապետություն՝ անմարդկային դեմքով

Եվ այսպես, հրապարակվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Միայն 89րդ հոդվածի ընթերցումն արդեն հերիք է՝ սահմանադրական փոփոխությունները պետական հեղաշրջման և Հայաստանում կայուն բռնապետություն հաստատելու ծրագիր որակելու համար։

52–էջանոց այդ տեքստում մնացածը լոլոներ են՝ փաթեթավորված մարդու և քաղաքացու իրավունքների մասին գեղեցիկ ճամարտակություններով։

Նրանք, ովքեր ուշադիր կարդացել են նախորդ տարի ներկայացված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն ու այն համադրել Սերժ Սարգսյանի մեկնաբանության հետ, ապա արձանագրած կլինեն, որ երեկ ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագծով նույն Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ մտափոխվել է։

Չեմ ուզում նախագահ լինել, չեմ ուզում վարչապետ լինել. ուզում եմ «գենսեկ» լինել

Երբ ԲՀԿ–ի գործոնը հզոր էր, և Գագիկ Ծառուկյանն իր գործընկներների հետ կարողանում էր քաղաքական օրակարգ թելադրել կամ առնվազն լուրջ ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա, ՀՀԿ ղեկավարը փորձում էր սահմանադրական փոփոխությունների հարցում լեզու գտնել այդ ուժի հետ։

Ընդդիմադիր դաշտում ձևավորված «քառյակից» ՀՀԿ ղեկավարը կարողացել էր հեշտությամբ պոկել ՀՅԴ–ին, սակայն դա գրեթե զրոյական ազդեցություն էր թողել ուժերի հարաբերակցության վրա։

Սարգսյանը հասկանում էր, որ առանց ԲՀԿ–ի հետ համաձայնության գալու կամ ԲՀԿ–ն ոչնչացնելու՝ ինքը չի կարող ընթացք տալ սեփական շահերը սպասարկող սահմանադրական փոփոխություններին։

Ծառուկյանի հետ լեզու գտնելու համար Սարգսյանը գնաց իր կարծիքով խորամանկ քայլի։ Նա հայտարարեց, թե եթե սահմանադրական փոփոխությունների արդյունքում հաստատվի խորհրդարանական կառավարման համակարգ (ինչին ինքն, իբր, դեմ է), ապա ինքը չի դառնա վարչապետ, իսկ եթե մնա կիսանախագահական համակարգը, ապա ինքը չի հավակնի նախագահի աթոռին։ Նա Ծառուկյանին այդ հայտարարությամբ ուզում էր հավաստիացնել, թե ժամկետի ավարտից հետո հեռանալու է, ու պարզապես անձնական անվտանգության երաշխիքների համար է անում սահմանադրական փոփոխությունները։

Որքան մեծ էր Սարգսյանի զարմանքն ու միաժամանակ զայրույթը, երբ Ծառուկյանը նույնիսկ այդպիսի հայտարարությունից հետո մերժեց սահմանադրական փոփոխությունների հարցով բովանդակային քննարկման մեջ մտնելու առաջարկը՝ հայտարարելով, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, որ ԲՀԿ–ն դեմ է դրան, և որ մեր երկրում առկա խնդիրները պայմանավորված չեն մայր օրենքով ու կառավարման մոդելով։

Ակնհայտ էր, որ «Վարչապետ չեմ ուզում, նախագահ չեմ ուզում» օպերացիայով Սարգսյանն ուզում էր գնալ բոլշևիկյան ժամանակների «գենսեկական» մոդելով։ Մանավանդ, չէր էլ թաքցրել, որ կուսակցական գրասենյակից կարող է մասնակցել երկրի կառավարմանը։

Սարգսյանի պատկերացրածը հետևյալն էր. «Ստեղծվում է մեխի գլուխի ֆունկցիա կատարող նախագահական ինստիտուտ և փալասի ֆունկցիա կատարող վարչապետական համակարգ, իսկ երկիրն իրականում կառավարում է ԱԺ նախագահը, որը սովետական «գենսեկների» պես համատեղում է «պռեդսեդածել վեռխովնովո սովետայի» կարգավիճակը։ «Գենսեկը» ունենում է միլիոն լիազորություններ և զրո պատասխանատվություն, ինչպես նաև հնարավորություն է ստանում ցմահ կառավարել ու պետական կառավարման համակարգը լքել միայն ոտքերով առաջ տարբերակով»։

Սարգսյանը հույս ուներ, որ իր «տրյուկը» որևէ մեկը չի հասկանա, բայց ով որ պետք էր, շատ լավ հասկացել էր, թե ինչն ինչոց էր։ Արդյունքում՝ Սարգսյանի մոտ Ծառուկյանի հետ համաձայնության գալու և նրան օգտագործելուց հետո ոչնչացնելու տարբերակը չստացվեց։

Դրանից հետո տեղի ունեցան փետրվարյան իրադարձությունները։

Նրանք, ովքեր «ընդդիմադիր» ու «քաղաքացիական» դիրքերից ողջունում էին Ծառուկյանի դեմ ՀՀԿ–ական երիտոհմակի արշավը, գործնականում ծափահարում էին Սարգսյանի վերարտադրությանը միտված ու Հայաստանում անմարդկային տեսքով բռնապետություն հաստատելու ծրագրին։

Մեկ մարդու քաղաքականությունը

ՀՀԿ–ի գրասենյակում տեղի ունեցած հակասահմանադրական հայտնի «սխոդկայի» ժամանակ մի միտք հնչեց, ըստ որի՝ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները։ Նաև չափորոշիչներ սահմանվեցին, թե ովքեր կարող են զբաղվել քաղաքականությամբ։

Այդպիսով, ըստ էության, հռչակվում էր քաղաքականության մահը Հայաստանում։ Նաև ազդարարվում էր մեկ մարդու քաղաքական համակարգի ծննդյան մասին։

Ծառուկյանին քաղաքական դաշտից հեռացնելուց հետո անապատային վիճակ ստեղծվեց։ Սարգսյանը սկսեց իր նախորդ ասածներից տարանջատվելու գործընթացը՝ հայտարարելով, թե մտավախություն ունի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ներկայացրած տարբերակի կապակցությամբ, քանզի պարզ չէ, թե ով է լինելու երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, ու ճիշտ կլինի, որ կիսանախագահական համակարգի մնալու հնարավորությունը դիտարկվի։

Գագիկ Հարությունյանի գլխավորած թիմը «մի կերպ» համաձայնեց Սարգսյանի այդ մտքի հետ ու տեքստ երկնեց։

Սահմանադրական փոփոխությունների տեքստից պարզ է դառնում, որ Սարգսյանը մտադրվել է ԱԺ նախագահի փոխարեն վարչապետի աթոռը զբաղեցնել։ Իսկ այն, որ նա հայտարարել է, թե խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում չի հավակնի գործադիրի ղեկավարի պաշտոնին, ոչինչ չի նշանակում։ «Վերջի բոլշևիկը» բազմիցս ցույց է տվել, որ խոսքն իր համար զրոյական արժեք ունի, և նա, առանց աչքը թարթելու, կարող է 180 աստիճանով փոխվել ու բացահայտորեն ստել։

Նախագծի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ուզում են հաստատել հետևյալ համակարգը. «Ընտրությունները, որպես այդպիսին, դառնում են սովետականի պես՝ ձևական ու նախապես հայտնի ելքով։ Հայաստանի «բեզռազմերնի» խորհրդարանում ներկայացված է լինելու բանդան (հետագայում՝ երիտբանդան) (հոդված 89), որի «պախանը» վարչապետն է (հոդված 145)։ «Պախանին» կից աշխատում է պետության գլխի նոմինալ կարգավիճակ ունեցող մեխի գլուխը (հոդված 123), ով նշանակվում է 7 տարի ժամկետով, ու եթե հանկարծ լավ չկատարի մեխի գլխի ֆունկցիան, ապա անմիջապես նրան «նակազատ կանեն» (հոդված 140)։ Ազգային ժողովի նախագահը պետք է թամադայություն անի և ապահովի բանդայի քվեարկության գործընթացը (հոդված 104)»։

Ահա այն «բարեփոխումները», որոնք ուզում են փաթաթել հայ ժողովրդի վզին՝ վերարտադրվելու հստակ նպատակով։

«Սահմանադրական մուտիլովկաներ»

Ուշագրավն այն է, որ սահմանադրական տեքստի մեջ «մուտիլովկաներ» կան։

Փորձել են այնպես անել, որ Բաղրամյան 26–ի բոլոր հաճախորդները ծառայելու հնարավորություն ստանան։

Կիսանախագահական համակարգի կողմնակիցները կարող են իրենց էշի տեղ դնել ու ասել, որ իրենց առաջարկները հաշվի են առնվել, ու այդ իսկ պատճառով են իրենք պաշտպանում սահմանադրական փոփոխությունների գաղափարը։

Խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակիցները կարող են հայտարարել, որ սա իրենց ուզածն է, և դրա համար էլ իրենք փրփուրը բերաններին պաշտպանելու են սահմանադրական փոփոխությունները (ի դեպ, ՀՅԴ–ին դեռ պաշտոն–մաշտոն չե՞ն տվել, «Համոն» փողը չի՞ տալիս)։

Առաջարկվող Սահմանադրությունն իրականում ո՛չ կիսանախագահական, ո՛չ նախագահական, ո՛չ խորհրդարանական մոդել է նախատեսում։ Սա քաղաքական մենաշնորհ հաստատելու մոդել է։ Մենաշնորհ, որը հնարավորություն է տալու տոտալ վերահսկողություն ունենալ տնտեսական դաշտի վրա ու կատարելագործել թալանի մեխանիզմը։

Բացի այդ, ցինիզմն ու դեմագոգիան ևս տեղ են գտել սահմանադրական փոփոխությունների նախագծում։

Այսպես, պետության փաստացի կառավարումը հանձնվում է վարչապետին, բայց հանրությանը դեմ են տալու նշանակովի նախագահին ու ասեն, թե սա՛ է պետության գլուխը, և արե՛ք նրա հետ՝ ինչ ուզում եք։ Այսինքն, դեպի Բաղրամյան 26 բողոքի գնալը կարող է դառնալ ջրի ճամփա, քանզի այնտեղ, ինչպես վերևում նշեցինք, նախատեսում են նստացնել մեխի գլխի։

Քաղաքական ջրբաժան

Քանի դեռ սահմանադրկան փոփոխությունների տեքստը հրապարակված չէր, ոմանք կարողանում էին խաղեր տալ, և իրենց ռետինե խողովակի տեղ դնել, թե բա՝ դա կեղծ օրակարգ է, թե բա՝ թող տեքստը լինի, հետո կխոսենք, թե բա ...

Հիմա այդ փուլն անցավ։ «Ձևավորենք կայուն մեծամասնություն» խայտառակ ձևակերպման տակ պետական հեղաշրջման ու կայուն բռնապետության հիմքերն են դրվում։ Ընդ որում՝ կայուն մենիշխանություն հաստատելու նպատակով ներմուծվել է երկու փուլով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մարազմատիկ գաղափարը, որի միջոցով նաև «սահմանադրորեն» է ամրագրվում հաճախորդների ինստիտուտը։

Եվ ուրեմն, եկել է հստակ դիրքորոշում հայտնելու ժամանակը։ Սահմանադրական փոփոխություններին կա՛մ պետք է կողմ լինես, կա՛մ դեմ։ Ձեռնպահ չկա։ Ձեռնպահ մնալը էժանագին «տրյուկ» է, որը չի անցնում։

Հարցը Սերժ Սարգսյանը չէ։ Նա այսօր կա, վաղը չկա։ Ոչ ոք հավերժ չէ այս աշխարհում։

Հարցը Հայաստանն է, որի տակ ական է դրվում։ Ական՝ Սահմանադրության տեսքով։ Հետևաբար, նման արկածախնդրություն թույլ չտալը և դեմ արտահայտվելը մեր երկրի ապագայով մտահոգ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու գործն է։

Քաղաքական ու «քաղաքացիական» շոուները հիմա չեն անցնելու։ Օրինակ՝ հնարավոր չէ գոռալ «Ո՛չ թալանին» և միաժամանակ «Այո՛ թալանչուն» պահվածք ունենալ։ Թեթևաբարո վարքն անմիջապես աչքի է ընկնում։

Չես կարող հայտարարել, թե սահմանադրական փոփոխությունները քեզ չեն հետաքրքրում, քանզի դու կարևորում ես Բոզգեղում կուսակցական բջիջների հիմնումը, կամ «Գեբելսյան» քարոզչամեքենային կից «1in.am»–ներին «թունդ ընդդիմադիր» հարցազրուցներ տալը, կամ էլ՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ դհոլություն անելը։

Դրված է «կա՛մ, կա՛մ»–ի խնդիր։ «Ե՛վ, և՛»–ն այս դեպքում գեղամյանների համար է նախատեսված։

Սահմանադրական այսպիսի փոփոխությունն արկածախնդրություն է, որի համեմատ մանկական չարաճճիություն կարող են թվալ տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը, ասոցացման խաղերն ու եվրասիական վասալությունը։

Սահմանադրական փոփոխությունների վիժեցումը և իշխանափոխությունը, հետևաբար, այլընտրանք չունեն։

Հանուն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ պետք է փոխել այս իշխանությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը