Մեկնաբանություն

16.07.2015 13:35


Սերժ Սարգսյանի «նոու հաուն»՝ ընտրություններ չեն լինելու

Սերժ Սարգսյանի «նոու հաուն»՝ ընտրություններ չեն լինելու

Մինչև փետրվար ամիսը Սերժ Սարգսյանը չէր համարձակվում մինչև վերջ բացվել։ Պարզ էր, որ նա ուզում է վերարտադրվել, բայց կոնկրետ մեխանիզմների մասին լռում էր։

Հիմա նա ձեռքերն ազատել է ու հրապարակել Գագիկ Հարությունյանի գլխավորած տխրահռչակ հանձնաժողովի ստեղծած նախագիծը։

Նախագիծը ոչ միայն ցույց է տալիս, թե ինչպես է ուզում Սարգսյանը վերարտադրվել, ու ցմահ անձնիշխանություն հաստատել, այլ նաև ներկայացնում է Հայաստանն անասնաֆերմայի վերածելու ճանապարհային քարտեզը։

Ըստ այդմ՝ ընտրությունները գործնականում վերանում են։

Որպեսզի ավելի հասկանալի դառնա ասվածը, մեջբերեմ նախագծի 89րդ հոդվածն ամբողջությամբ (Ազգային ժողովի կազմը և ընտրության կարգը)՝

« 1.Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից։

2.Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար։

3.Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով։ Ազգային ժողովի ընտրակարգը պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը։

4.Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները։

5.Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթներ։

6.Մանրամասները սահմանվում են Ընտրական օրենսգրքով»։

Ահա այն թյուրիմացությունը, որը մեզ է ներկայացվում որպես բարեփոխում։

Եթե 89–րդ հոդվածը թարգմանենք հայերենից «սերժերենի», ապա կստացվի հետևյալը. «Սերժ Սարգսյանը ծամոնի պես ձգվող պատգամավորական քանակի հետ մանիպուլյացիաներ անելով՝ ձևավորում է «խորհրդարանական կայուն մեծամասնություն» և սուլթանի կարգավիճակով կառավարում երկիրը։ Եթե Սերժ Սարգսյանին ԱԺ ընտրությունների առաջին փուլում ընտրակեղծիքների միջոցով չի հաջողվում կայուն հնազանդությամբ աչքի ընկնող խորհրդարան ձևավորել ու բանդայի պարագլուխ դառնալ, ապա տեղի է ունենում ընտրության երկրորդ փուլը, որից առաջ նա հնարավորություն է ստանում հավաքել բոլոր հաճախորդներին ու «Սահմանադրության» շրջանակներում «երկխոսացնել» ու ցմահ «քշել» պետական մեքենան»։

Եթե հիմա որևէ անհատ, քաղաքական ուժ կամ քաղաքացիական շարժում մտնի բովանդակային քննարկման մեջ ու կտրուկ դեմ չարտահայտվի այս մարազմին, ապա կծառայի Հայաստանի անասնաֆերմայացման ծրագրին։

Առաջարկվող փոփոխությունները ՀՀ–ի դեմ իրականացված ամենամեծ ոտնձգություններից է 1991–ից այս կողմ։ Անգամ ադրբեջանցիների հարձակումներն այնքան վտանգավոր չեն, որքան պետության հիմքերը ոչնչացնող այս փաստաթուղթը, որի ստեղծման մասնակիցներն ու աջակիցները ոչ պակաս պատասխանատվություն են կրում ու կրելու այս խայտառակության համար, որքան «Վերջի բոլշևիկը»։

Այս փոփոխություններից հետո Հայաստանում կարող է երկու բան լինել՝ կա՛մ գերեզմանային կայունություն, կա՛մ պերմանենտ ցնցումներ՝ հեղափոխական արյունահեղությունների և պալատական հեղաշրջումների տեսքով, քանզի ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքը փաստացի չեղյալ է հայտարարվել։

Երկու դեպքում էլ լուրջ հարված է հասցվում ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը, որովհետև նման համակարգի ձևավորման դեպքում Հայաստանից արտագաղթը կհասնի սարսափելի չափերի, տնտեսության ծավալները կկրճատվեն անդառնալիության աստիճանի, ու մենք հեշտ թիրախ կդառնանք թուրք–ադրբեջանական զույգի համար։

Եթե այս հակապետական փաստաթուղթն անցնի, ապա մենք իրավունք չենք ունենա անկախ պետություն ունենալ և ազգ կոչվել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը