Մեկնաբանություն

17.07.2015 11:50


«Վերջի բոլշևիկի» առաջարկն ու մարտահրավերը

«Վերջի բոլշևիկի» առաջարկն ու մարտահրավերը

«Խորհրդարանական կայուն մեծամասնություն» ձևավորելու սերժսարգսյանական մոդելը նոր խոսք է սահմանադրագիտության մեջ։ Աշխարհի բռնապետերը կարող են տուն գնալ։ Դրանց մտքով չի անցել սահմանդրորեն ամրագրել «բեզռազմերնի» խորհրդարան ձևավորելու (ինչքան ուզենք՝ էնքան պատգամավորների թիվ գրենք), ինչպես նաև երկու փուլով խորհրդարան ձևավորելու և ցմահ իշխելու գաղափարը։

Սարգսյանը երկփուլանի խորհրդարանական ընտրությունների մոդել և «կայուն մեծամասնություն» առաջարկելով՝ փաստացի սահմանադրական նորմ է դարձնում քաղաքական մենաշնորհն ու հաճախորդների ինստիտուտը։

ՀՀԿ ղեկավարի «սահմանադրական» առաջարկը հանրությանն ու քաղաքական դաշտին հետևյալն է՝ կա՛մ դառնալ իր հարճը՝ մաս կազմելով «խորհրդարանական կայուն մեծամասնությանը», կա՛մ կատարել դեկորատիվ դեր՝ դուրս մնալով պետական կառավարման գործընթացից։ Առաջին խմբին վերապահված է Գեղամյանի դերը (մեր ջերմագին ողջույնները սահմանադրական փոփոխություններ քարոզող ՀՅԴ–ին ու Սերժի հետ «բազառների» մեջ մտած մյուս «սկզբունքայիններին»), այն է՝ Սերժի կուսակցության համամասնական ցուցակում տեղ ունենալը (դա՝ լավագույն դեպքում)։ Երկրորդների համար ոչինչ չի նախատեսված՝ բացի սովետական «գենսեկի» կարգավիճակ ունեցող ԱԺ նախագահի տեղակալի նվաստացուցիչ դերից և մանր–մունր «ուտիշիտելնի» նվերներից։

Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանն ուզում է, որ քաղաքական դաշտում լինեն կա՛մ դհոլներ, կա՛մ մարգինալներ։

Նրանք, ովքեր ՀՀԿ–ից ֆորմալ առումով դուրս գտնվելով՝ կքարոզեն սահմանադրական փոփոխությունների օգտին կամ իրենց «թունդ քաղաքացիականի» տեղ դրած կհայտարարեն, որ դա կեղծ օրակարգ է և հետևաբար՝ իրենք չեն մտնում դրա մեջ, դրանով իսկ կապացուցեն, որ համաձայնել են դիշովկի այն կարգավիճակին, որը նրանց համար նախատեսված է «մարդակենտրոն» Սահմանադրությամբ։

Նրանք, ովքեր դեմ դուրս կգան պետական հեղաշրջման ու սահմանադրական կարգի տապալման ծրագրին, դրանով իսկ ցույց կտան, որ ընդունում են «Վերջի բոլշևիկի» մարտահրավերը, և պայքարելու են նեոբոլշևիկյան «չումայի» դեմ։

Երրորդ կողմ այս դեպքում չի կարող լինել։ Չեզոք դիրքորոշումը հօգուտ «Վերջի բոլշևիկի» է։

Ամեն մեկը պետք է ընտրություն կատարի՝ ինքը դե՞մ է «գենսեկի» գլխավորությամբ թալանչիական պարտոկրատիայի ձևավորմանը, թե՞ կողմ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը