Մեկնաբանություն

20.07.2015 09:55


Քաղաքական դաշտի «գույքագրումը»

Քաղաքական դաշտի «գույքագրումը»

Իշխանություններին պարբերաբար հաջողվում է լղոզել քաղաքական դաշտը։ Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը դառնում է թունդ ընդդիմադիր գործիչ, Արամ Սարգսյանը՝ ոչ պակաս թունդ ու սարսափելի արևմտամետ, և այդպես շարունակ։

Սակայն որքան էլ ջանքեր ներդրվեն, միևնույն է՝ կարևորագույն քաղաքական հարցերի ժամանակ ամեն ինչ հստակեցվում է, և դաշտը բաժանվում է երկու մասի։

Հիմա այդպիսի վիճակ է առաջացել «սահմանադրական» արկածախնդրության հարցի հետ կապված։ Մի կողմում Սարգսյանի կողմից իշխանության յուրացման փորձի բացահայտ ու քողարկված պաշտպաններն են, իսկ մյուս կողմում՝ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողները՝ «սահմանադրական» հեղաշրջման դեմ հանդես եկողները։

Երրորդ կողմ այստեղ չկա և չի կարող լինել։ Իրենց ռետինե խողովակի տեղ դնողները ոչ պակաս «շուստրի հարիֆ» են, քան, օրինակ, իրեն թունդ ընդդիմադրի տեղ դրած, սակայն կնոջը ՀՀԿ ցուցակում տեղավորած ու ադրբեջանական քարոզչամեքենային միացած Տիգրան Խզմալյանը։ Իսկ «շուստրի հարիֆ» են սրանք այն պարզ պատճառով, որ իրենց թվում է, թե բացած քամակները չեն երևում։ Ինչպիսի՜ ինքնավստահ հաճախորդություն։

Շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ եթե որևէ մեկը «ընդդիմադիր» դիրքերից մտնում է բովանդակային կամ տեխնիկական քննարկման դաշտ (բոցաշունչ ելույթներ է ունենում նոր Սահմանադրության նախագծում ստորակետի տեղը փոխելու թեմաներով՝ դա անելով «Tert.am»–ով կամ իշխանական մյուս լրատվամիջոցներով), ապա նա ՀՀԿ–ական քարոզիչների վարքագծից ոչնչով չի տարբերվում։

Եթե մեկը հայտարարում է, թե սահմանադրական փոփոխությունները համարում է կեղծ օրակարգ, և այդ իսկ պատճառով ինքն «ինստիտուցիոնալ» որոշում ունի՝ չխոսելու երկրի կառավարման համակարգին առնչվող հարցերից, ապա դա նույն գեղամյանությունն է՝ «քաղաքացիական» փաթեթավորմամբ։

Քաղաքական դաշտի «գույքագրումը» ոչ մեկին հնարավորություն չի տալու խաղեր տալ։ Քաղաքական ժուլիկները, կոմերսանտները, թափառաշրջիկներն ու մյուսները չեն կարողանալու հա՛մ հաճույք ստանալ (մանրամեծածախ գներով դհոլություն անել), հա՛մ կույս մնալ (ընկալվել որպես թունդ ընդդիմադիր)։

Ջրբաժանի ժամանակ կա՛մ այս կողմում ես հայտնվում, կա՛մ այն։ Մեջտեղում մնալուց կարող ես խեղդվել կամ դառնալ «կենդանի պատ»՝ աշոտյանական մոտիվներով։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը