Մեկնաբանություն

21.07.2015 11:00


Իշխանություն և պաշտոն

Իշխանություն և պաշտոն

Անցումային ու ավտորիտար պետություններում ֆորմալ և ոչ ֆորմալ համակարգերը միախառնված են։ Շատ հաճախ մարդու ֆորմալ կարգավիճակը կարող է շատ ավելի բարձր կամ ցածր լինել այն իրական կարգավիճակից, որը նա ունի։

Մեր հարևան Իրանում ժողովուրդն ընտրում է նախագահին։ Թվում է, թե դա առաջնային մանդատ ունեցող ամենաուժեղ ֆիգուրը պետք է լինի պետության մեջ, բայց համակարգն այնպիսին է, որ այդ երկրի իրական իշխանությունը գտնվում է շիական հոգևորականության ձեռքում։

Լիբիայում Քադաֆին ֆորմալ պաշտոն չուներ։ Նա համարվում էր հեղափոխության առաջնորդ։ Քադաֆին գնդապետ էր, ով ապրում էր վրանում, բայց ամբողջ իշխանությունն իր ձեռքում էր։

Ստալինը կուսակցական գործիչ էր Լենինի կենդանության օրոք և համարվում էր բոլշևիկյան հեղափոխական էլիտայի ամենագորշ դեմքերից մեկը, սակայն տիրապետելով կուսակցական ապարատին՝ նա հսկայական ոչ ֆորմալ իշխանություն էր ձեռք բերել, ինչը նրան հնարավորություն տվեց ցմահ իշխել և դառնալ աշխարհի ամենադաժան տիրաններից մեկը։

Ուկրաինայում Յանուկովիչի տղան՝ Սաշիկը, պաշտոն չուներ, բայց կարողանում էր փայ մտնել բոլոր խոշոր բիզնեսներում։

Նմանատիպ շատ այլ օրինակներ կարելի է բերել, որոնցից պարզ կդառնա, որ ժողովրդավարական կայացած ինստիտուտներ և մրցակցային տնտեսաքաղաքական համակարգ չունեցող երկրներում պաշտոնը և իրական իշխանությունը տարբեր բաներ են։

Ավտորիտար երկրներում իրական ազդեցությունը և պաշտոնական կարգավիճակը կարող են համապատասխանել, բայց կարող են նաև չհամապատասխանել։

Օրինակ՝ Հայաստանում ԱԺ նախագահը գործող Սահմանադրությամբ թիվ երկրորդ պաշտոնյան է, բայց արդյոք Գալուստ Սահակյանն իր ազդեցությամբ երկրո՞րդն է իշխանական բուրգում։ Իհարկե, ոչ։ Մանվելն ու Սեյրանը, Շմայսն ու երիտբոլշևիկներն ավելի ազդեցիկ են, քան Գալուստը։

Սերժի եղբայր Սաշիկն ընդհանրապես որևէ պետական պաշտոն չունի, բայց ԱԺ նախագահն ու վարչապետը չեն կարող նրա պես մխրճվել բիզնեսի մեջ։ Սերժի վարորդ Վաչոն ավելի ազդեցիկ է, քան բոլոր նախարարները՝ միասին վերցրած։

Սերժի մանկության ընկերները, որոնք սիրում են կարմիր ներկով գծեր քաշել Երևանի փողոցներում, ավելի ազդեցիկ են, քան Հայաստանի բոլոր դատավորները՝ միասին վերցրած։

Որևէ պետական պաշտոն չունեցող և համատեղությամբ Սերժի թղթաղախային ընկեր «Ֆլեշի» Բարսեղը շատ ավելի ազդեցիկ է, քան ԱԺ նախագահն ու վարչապետը։

Սերժի մյուս մերձավորներն էլ ֆորմալ պաշտոն չունեն, բայց ունեն հսկայական ոչ ֆորմալ ազդեցություն։

«Գեբելսյան» քարոզչամեքենան աշխատացնողներն ավելի մեծ ազդեցություն ունեն իշխանական համակարգում, քան բոլոր տիպի մանվելները, սեյրանները, շմայսներն ու լիսկաները՝ միասին վերցրած, և նրանք շատ ավելի մեծ վնաս են տալիս Հայաստանին, քան մանվելները, սեյրանները, շմայսներն ու լիսկաները միասին։

Հիմա Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների տեքստ (իրականում՝ իշխանության յուրացման ճանապարհային քարտեզ) է ներկայացրել հանրությանն ու համոզում է կողմ քվեարկել դրան՝ խոստանալով ֆորմալ պաշտոններ չզբաղեցնել։

Նախ՝ պետք է նկատել, որ իշխանության յուրացման ծրագիրն արդեն հանցագործություն է, և կապ չունի, թե ինչպիսի խոստումներ ես տալիս։

Բացի այդ, Սերժ Սարգսյանը գործով ապացուցել է, որ իր խոսքը որևէ արժեք չունի։ Նա կարող է ստել առանց աչք թարթելու։

Եվ ամենակարևորը՝ առաջարկվող նախագծով հստակ երևում է, որ երկիրը Սերժը որոշել է կառավարել «գենսեկական» մոդելով, ասել է թե՝ ուզում է ունենալ անպաշտոն իշխանություն։ Նման ցանկությունները կարող են Հայաստանը դարձնել արևելյան տիպի բռնապետություն՝ բոլշևիկյան «սուոսով» համեմված։ Սակայն այդպիսի ռեսուրս մեր երկիրը չունի։

Մենք չենք կարող մեզ թույլ տալ տնաբույծ թուրքմենբաշի կամ «գենսեկ» պահել, այն էլ՝ ցմահ։ Իշխանության յուրացման ծրագիրը, հետևաբար, պետք է մերժել՝ «ոչ» ասելով դրան։

Եթե նախագիծը դրվի հանրաքվեի, ապա պետք է գնալ ընտրատեղամաս, քվեարկել «ոչ»–ի օգտին ու գալ հրապարակ։ Դե, իսկ մինչև այդ պետք է քաղաքական լուրջ գործընթաց նախաձեռնել՝ քաղաքական ու քաղաքացիական կոնսոլիդացիայի և հանրային լայն մոբիլիզիացիայի միջոցով։

«Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կարգախոսն առավել քան երբևէ արդիական է դարձել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը