Մեկնաբանություն

20.07.2015 22:30


Ինչո՞ւ «քցված» ես, դաշնա՛կ, ու չեն խայտար քո ալյակք

Ինչո՞ւ «քցված» ես, դաշնա՛կ, ու չեն խայտար քո ալյակք

Դատելով դաշնակացական վերնախավի լռությունից և դաշնակցական մամուլի պասիվությունից՝ Սերժ Սարգսյանի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների տեքստը նրանց շոկի մեջ է գցել։ «Քցվողներին» բնորոշ շոկ է դա։

ՀՅԴ–ում, երևի, հասկացել են, որ ՀՀԿ ղեկավարը նրանց դաժանաբար օգտագործել է, ու հիմա որևէ ձևով չի ուզում փոխհատուցել։ Սարգսյանն առաջարկում է բավարարվել ԼՂՀ ԱԺ–ում ունեցած դիրքով, և վե՛րջ։ Այնինչ դաշնակցական վերնախավը հույս ուներ, որ «Վերջի բոլշևիկի» հետ իրական կոալիցիա է ձևավորելու հետագայում՝ սահմանադրական փոփոխություններից հետո։

Նոր Սահմանադրության 89–րդ հոդվածով նախատեսված ընտրակարգը, սակայն, սահմանում է ընտրակեղծիքների ռեսուրսին տիրապետող քաղաքական ուժի կայուն քաղաքական մենաշնորհ, որի պայմաններում այդ ուժի ղեկավարը, սովետական «գենսեկների» պես, ցմահ պետք է իշխի։

Ինչ մնում է մյուս ուժերին, ապա սահմանադրական փոփոխություններով դրանց համար նախատեսված է կա՛մ մարգինալի, կա՛մ էժանագին՝ «ինստիտուցիոնալ», հաճախորդի կարգավիճակ։ Ասել է թե՝ կոալիցիայի մասին խոսք անգամ չի կարող լինել։

Տեքստի հրապարակումից հետո ՀՅԴ–ում սա հասկացել են ու դրա համար էլ ծպտուն չեն հանում։ Դե, ի՞նչ ձայն հանեն։ «Քցվողների» մոտ միշտ էլ լեզուն կապ է ընկնում, երբ բացահայտում են, թե ինչն ինչոց է։

Հիմա Հրանտ Մարգարյանի ու մյուսների մոտ այդ վիճակն է։ Մինչդեռ, ամիսներ շարունակ սրանք բլբուլ էին կտրել ու «սկզբունքային» դիրքերից նախ լքեցին ոչիշխանական տիրույթը, ապա բացահայտորեն լծվեցին Սերժ Սարգսյանի քաղաքական փաստաբանության գործին։

ՀՅԴ վերնախավը, փաստորեն, պատմությունից դասեր չի քաղում։ Երիտթուրքերից մինչև Սերժ Սարգսյան նրանց «քցում» են։

Ի դեպ, «քցման» ժամանակ նաև «քցվողն» է մեղավոր։ Հատկապես եթե «քցվելու» հսկայական փորձ ունի։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը