Մեկնաբանություն

22.07.2015 10:45


Լիսկաների և գագիկների նմանություններն ու տարբերությունները

Լիսկաների և գագիկների նմանություններն ու տարբերությունները

Սյունիքի տխրահռչակ մարզպետ Լիսկայի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, պատգամավոր Շմայսի, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի, շուլուխչի Սեյրան Սարոյանի և սահմանադրագետ Վարդան Պողոսյանի ու մյուսների նմանությունն այն է, որ բոլորն էլ ծառայում են Սերժ Սարգսյանին։ Ամեն մեկն իր չափով։

Լիսկաները տեղական նշանակության օդիոզ ֆիգուրներ են, որոնց օգտագործում են տոկոս «խփելու» բուն գործընթացի ժամանակ և այլ հակաօրինական դեպքերում։ Սրանք կատարողներ են և գործում են այն համակարգի շրջանակներում, որի իրավական ու գաղափարական տեսքը տալիս են Սերժ Սարգսյանին կից, այսպես կոչված, ուսյալ–կրթյալները՝ գագիկհարությունյանները։ Իսկ դա նշանակում է, որ վերջիններիս տված վնասը հանրությանն անհամեմատ մեծ է, քան բոլոր տիպի լիսկաներինը, շմայսներինը, սեյրաններինը ու մանվելներինը՝ միասին վերցրած։

Լիսկաները հանցագործներն են և պետք է հեռու մնան պետական կառավարման համակարգից։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Հարկ է, սակայն, հստակ սահմանել պատճառն ու հետևանքը, մեծ ու փոքր չարիքը։

Լիսկաները չեն «Ֆուտբոլային» դիվանագիտություն քարոզել, լիսկաները չեն Հայաստանն առևտրի առարկա դարձրել միջազգային ասպարեզում, լիսկաները չեն մեր երկիրը վարկային բեռի տակ մտցրել, լիսկաները չեն հարյուր հազարավորների արտագաղթի պատճառ դարձել, և վերջապես լիսկաները չեն «սահմանադրական» հեղաշրջման տեքստ գրել ու դեմ տվել հանրությանը։

Ասելս այն է, որ Սերժի թիմի «ուսյալ–կրթյալ» հատվածի գործունեությունը շատ ավելի հակապետական ու հակահասարակական բնույթ ունի, քան մանվելներինն ու լիսկաներինը։

«Գեբելսյան» քարոզչամեքենան փորձում է հանրությանը կեղծ երկընտրանք պարտադրել, թե պետք է ընտրություն կատարել Վարդան Պողոսյանի ու Սեյրան Սարոյանի միջև, մինչդեռ այստեղ ընտրության հարց չկա։ Վարդան Պողոսյանն ու նրա նմանները ստեղծում են մի համակարգ, որտեղ սեյրաններն ու լիսկաները պետք է վխտան, ու ամեն մեկն իր տարածքում հակաօրինական ձևերով ծառայի Սերժ Սարգսյանին։

Բաղրամյան 26–ին կից լրատվամիջոցներն անընդհատ «փչացնում» են լիսկաներին ու սեյրաններին՝ նրանց եթերից տուն չուղարկելով ու նրանց ամեն մի փռշտոցը «ռասկրուտկա անելով», որպեսզի հանրության մոտ ալերգիա առաջացնեն, ու նաև պահանջարկ ստեղծեն, որ եթե այդ օդիոզ դեմքերին վերացնեն, ապա ամեն ինչ լավ կլինի։

Իրականությունն այն է, որ «անկախ» լրատվամիջոցներին քսի են տվել լիսկաների վրա, քանզի ուզում են խլել նրանց սեփականությունը, խլման գործընթացը հանրությանը ներկայացնել որպես «հակաօլիգարխիկ» պայքարի դրսևորում ու հետագայում ստեղծել շատ ավելի կեղտոտ համակարգ, քան հիմա ունենք։

Գագիկ Հարությունյանին ու մյուսներին վերապահված է ապագա սուլթանատին «սահմանադրական» տեսք տալու խնդիրը։ Ահա այստեղ է այն հսկայական տարբերությունը, որը կա լիսկաների ու գագիկների միջև։ Առաջինները բութ գործիքներ են, որոնց հինգ րոպեում կարելի է կարգի հրավիրել, եթե համապատասխան կամք ու ցանկություն լինի։

Իսկ ահա գագիկհարությունյանները բութ չեն։ Սրանք շատ լավ հասկանում են, թե ինչի գործառույթ ունեն, ու շատ լավ գիտեն, որ հանուն Սերժի ցմահ իշխանության ապահովման ու «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման՝ իրենք հանրության և պետության դեմ գործիք են ստեղծում «Սահմանադրության» տեսքով։

Եթե ավելի պատկերավոր արտահայտվենք, ապա լիսկաները դահիճներ են, իսկ գագիկները՝ դահիճների համար գործունեության «իրավական» հիմքեր ու պարարտ հող ստեղծողներ։ Եթե գագիկներն իրենց կեղտոտ գործը չանեն, ապա լիսկաները ոչ մի բան էլ չեն կարող անել։

Լիսկաների տված վնասը լոկալ է, իսկ գագիկներինը՝ համապետական մասշտաբի։

Լիսկաները գոնե իրենց փոքր հայրենիքի քյարթու ընկալում ունեն։ Գագիկներն անհայրենիք են, քանզի միայն անհայրենիքը կմտներ այնպիսի պատվերի տակ, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների խայտառակ տեքստ մշակելն է։

Ի դեպ, գագիկները հետագայում չեն կարող արդարանալ, թե իրենք ընդամենը պրոֆեսիանոլ գործունեությամբ են զբաղվել, և իրավական տեսք են տվել Սերժ Սարգսյանի պատվերին։ Նացիստական պարագլուխները Հիտլերի հետ հավասար պատասխանատվություն են կրել տեղի ունեցածի համար։

Այնպես որ, հանրությունը պետք է հստակ գնահատականներ տա և չմտնի կեղծ երկընտրանքների դաշտ։ Հայաստանը սուլթանատ դարձնող «ուսյալ–կրթյալներն» ավելի վատն են, քան բոլոր տիպի լիսկաները։ Հետևաբար, չի կարելի ընտրություն կատարել վատի ու ավելի վատի միջև։

Նույն բանաձևը պետք է գործի նաև, այսպես կոչված, հին հանրապետականների ու դրանց հաշվին և դրանց գնով առաջ գնալ փորձող նեոկոմսոմոլների պարագայում։ Երկուսն էլ զիբիլ են, պարզապես վերջիններն ավելի զիբիլ են։

Մի խոսքով, իրական ընտրությունն այլ տեսակների միջև պետք է լինի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը