Մեկնաբանություն

22.07.2015 13:19


Ինչ է ուզում և ինչ չի ուզում Սերժ Սարգսյանը

Ինչ է ուզում և ինչ չի ուզում Սերժ Սարգսյանը

Ուզելու մասով ամեն ինչ պարզ է։ Սերժ Սարգսյանն ուզում է 2018թ. հետո էլ ունենալ իշխանություն, բայց այնպիսի իշխանություն, որն օժտված կլինի բազմաթիվ արտոնություններով ու լիազորություններով, և միաժամանակ չի կրի որևէ պատասխանատվություն Հայաստանում տիրող վիճակի համար։

Սարգսյանն իր այդ ցանկությունը ձևակերպել է Գագիկ Հարությունյանի գլխավորած սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի միջոցով։

Ինչ վերաբերում է չուզենալուն, ապա այստեղ խճճված պատկեր ունենք։

Եթե հավատալու լինենք Սարգսյանի ու նրա թիմակիցների հայտարարություններին, ապա ՀՀԿ ղեկավարը 2018թ. հետո չի ուզում լինել նախագահ կիսանախագահական մոդելի պահպանման դեպքում, չի ուզում լինել վարչապետ նոր Սահմանադրության պայմաններում։ Վերջերս էլ հանրությանը միջնորդավորված ձևով փոխանցվեց, որ Սարգսյանը նաև ԱԺ նախագահի աթոռին չի հավակնի, եթե հանրաքվեով որոշվի անցնել խորհրդարանական մոդելի։

Թե ինչ արժեք ունի խոսքը Սարգսյանի համար, բազմիցս առիթ ունեցել ենք տեսնելու։ Նրա համար ստելն ու իր ասածի հակառակն անելը աչք թարթելու պես մի բան է։

Բայց եկեք մի պահ ենթադրենք, որ «Վերջի բոլշևիկն» ու իր թիմակիցներն այս անգամ չեն ստում, ու նաև հիշենք ՀՀԿ մամլո խոսնակ Շարմազանովի խոսքերը Մելիք–Ադամյան փողոցի քաղաքական դերի մասին։ Ստացվում է, որ Սարգսյանն այնպիսի սահմանադրական փոփոխություններ է առաջարկել, ըստ որոնց՝ ինքը ՀՀԿ նախագահի՝ «գենսեկի» կարգավիճակում կկարողանա ստվերային կառավարում իրականացնել։

Սահմանադրական նախագծում, բացի այլ սցենարներից, նաև այդ սցենարն է երևում։

Նկատենք, որ դա մի սցենար է, որը կարող է պերմանենտ մեծ ավերածությունների, հեղաշրջումների, հեղափոխությունների և արյունահեղությունների պատճառ դառնալ, քանզի իշխանության ուղղահայացն այլ կերպ չի կարող հաստատվել ըստ առաջարկվող նախագծի։

Եթե մի պահ վերանանք Սերժից և դիտարկենք սահմանադրական նոր նախագիծը զուտ պետական կառավարման մարմինների փոխհարաբերությունների առումով, ապա ակնհայտ երևում է քաոսը։

Նոր Սահմանադրության հիմքում դրված է ոչ թե իշխանության ճյուղերի զսպման ու հակակշիռների ժողովրդավարական համակարգերին ներհատուկ մեխանիզմը, այլ իրար փոր թափելու հիմնադրույթը։ Ընդ որում՝ չկայացած ժողովրդավարության ու մրցակցության բացակայության պայմաններում տեղի ունենալիք փոր թափոցիների ժամանակ շատ ավելի ուժգին կրակոցներ կհնչեն, քան 1999թ. հոկտեմբերի 27–ին։

Մեր երկրի տակ, ըստ այդ նախագծի, մի մեծ ական է դրվում, որը մեծ պայթյունի ու պետության փլուզման պատճառ կարող է դառնալ։

Սերժը մտածել է, որ իրար փոր թափելու մեխանիզմը հնարավորություն կտա իրեն «խորհրդարանական կայուն մեծամասնության» միջոցով և ՀՀԿ նախագահի կարգավիճակով ստանձնել արբիտրի դերն ու զրո պատասխանատվության պայմաններում փաստացի կառավարել, բայց դա չի աշխատելու։ Սերժի ծրագրերի չաշխատելը դեռ ջհանդամը։ Ավելի լավ, որ չի աշխատելու։ Բայց խնդիրը մեր պետությունն է, որը սահմանադրորեն անտերության ու կառավարման ճգնաժամի է մատնվում։

Կրկնեմ՝ եթե անգամ հավատանք Սերժի խոսքերին, որ ինքը պաշտոն չի ուզում, ապա, միևնույն է, սահմանադրական նախագիծը մերժելի է, քանզի այն համակարգային ճգնաժամի բուն է։ Ճգնաժամ, որը կարող է բերել պետության փլուզման։

Մենք հո կրակը չե՞նք ընկել, որ Սերժ Սարգսյանը չի ուզում հեռանալ, և ուզում է շարունակել փող աշխատելը։ Նա պատրաստ է հանուն իր անձնական շահերի «փուռը տալ» մեր երկիրը, բայց հայ ժողովուրդը պարտավոր չէ սպասարկել ՀՀԿ ղեկավարի ծրագրերը։

Սարգսյանի բոլոր նախաձեռնություններն էլ պետական շահին դեմ են եղել։ Այս մեկն ամենահակապետականն է։ Այնպես որ, պետք է մերժել սահմանադրական փոփոխությունները՝ անկախ այն բանից՝ Սերժը երդվում է, որ պետական բարձրագույն պաշտոն կզբաղեցնի՞, թե՞ ոչ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը