Մեկնաբանություն

23.07.2015 09:45


ՀԷՑ–ի ու սերժական Սահմանադրության աուդիտը

ՀԷՑ–ի ու սերժական Սահմանադրության աուդիտը

Հոսանքի գինը թանկացնելուց և հանրային որոշակի դիմադրության հանդիպելուց հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ սակագնի վերանայում չի անի, բայց փոխարենը՝ ՀԷՑ–ում աուդիտ կանցկացնի, իսկ թանկացման փոխհատուցման մասին էլ թող Կառավարությունը մտածի։ Լրիվ սարգսյանական ոճի որոշում. օգուտն իրեն, վնասը՝ հայ ժողովրդին։

Իրականում աուդիտի կարիք չկա։ Աուդիտով հերթական փողերի լվացումն է արվելու հայ ժողովրդի հաշվին, ու վերջում հայտարարվի, որ սակագինը ոչ թե 6,93, այլ 69,3 դրամով պետք է թանկանա։

ՀԷՑ–ի «Լույսն» ու ստվերը

Հոսանքի գինը թանկացել է հայտնի մեխանիզմով, այն է՝ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը ներկայացնող սուբյեկտները ստիպել են (նույնը շարունակվում է հիմա) ՀԷՑ–ին թանկ գնով հոսանք գնել իրենցից, հետո այդ թանկ հոսանքը ՀԷՑ–ը վերավաճառել է ՀՀ բնակչությանը՝ զուգահեռաբար փողերի լվացման ու «ատկատների» հսկայական արտադրամասի վերածելով ՀԷՑ–ը՝ Բաղրամյան 26ի աչալուրջ հայացքի ներքո։

Թալանը ՀԷՑ–ում «պետպատվերով» է։ Թալանում են ու հետո գալիս տխրահռչակ Նազարյան Ռոբերտի դակիչ հանձնաժողով։ Վերջինս սահմանում է այն գինը, որը թելադրում են նախագահականից։

Ասել է թե՝ Բիբինը «տուտ նի պրիչոմ»։ Ավելի ճիշտ՝ «պրիչոմ», բայց ոչ այն չափով, ինչ չափով որ «անկախ» լրատվամիջոցներն են ներկայացնում։ Նա շատ չի տարբերվում ՀՀԿ–ական այն պաշտոնյաներից, որոնք հրահանգով թալան են իրականացնում, ու հասցնում վերև։ Ճիշտ է, Բիբինին էլ է փայ հասնում թալանից, բայց դա արդեն չորրորդական հարց է։ Գլխավոր հարցն այն է, որ ՀԷՑ–ին Բաղրամյան պողոտայից են դրդում թալան իրականացնել, ու բացի այդ՝ նաև փողեր փոխանցել պարտադրվող հասցեներով, օրինակ՝ Սերժ և Տիգրան Սարգսյանների ստեղծած «Լույս» հիմնադրամին։

Այստեղ երևում է նաև նշյալ զույգի փարիսեցիական ու դեմագոգիկ էությունը՝ ստվերային գործունեություն իրականացնող ու բնակչության թալանով զբաղվող ՀԷՑ–ի փողերից բաժին հանել «Լույսին»։

Պատկերացնո՞ւմ եք՝ նախկին վարչապետը, թալանի մեշոկի վրա կանգնած, տերտերական առոգանությամբ խոսում էր բարձր մատերիաներից։

«Հետքը» պարզել է, որ վնասով աշխատող ու բնակչությունից անընդհատ ավելի շատ փող պահանջող ՀԷՑ–ը «Լույս» հիմնադրամին տասնյակ միլիոնավոր դոլարներ է փոխանցել։ Պարզ է, որ այդ կազմակերպությունն իր հոժար կամքով դա չի արել։ ՀԷՑ–ի տնօրենին «խնդրել» են մուծվել։ Իսկ երբ Բիբինն ասել է, որ փող չկա, նրան հանգստացրել են, որ փող միշտ կարելի է գտնել՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելով։ Այդպես էլ արել են։

Ու հիմա, երբ Բաղրամյան 26–ը ցանկացավ Բիբինին սարքել քավության նոխազ, ու դեռ մի բան էլ «գեոպոլիԾիկ» աստառ տալ հոսանքի գնի թանկացմանը, պարզապես նողկանք ես ապրում։

ՀԷՑ–ի տնօրենը հասկացրեց, որ թույլ չի տա իրեն շոուի մեջ ներքաշել, ու եթե պետք լինի, ապա կպատմի թալանի մասին։

Բիբինի թեման այժմ փակել են և բացել են նոր թեմա՝ սահմանադրական փոփոխություններ, ավելի ճիշտ՝ «սահմանադրական» հեղաշրջում։

Նոր Սահմանադրությունն այն մասին է, թե ինչպես ամբողջ Հայաստանը դարձնել ՀԷՑ, և ցմահ փողեր քամել ՀՀ քաղաքացիներից։

ՀԷՑ–ի ու սերժական Սահմանադրության աուդիտը կարելի է անցկացված համարել։ Եկել է աուդիտի գնահատականը տալու քաղաքական պահը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը