Մեկնաբանություն

24.07.2015 00:05


Հին ավանդույթի համաձայն

Հին ավանդույթի համաձայն

Հայոց լեզուն, ինչպես հայտնի է, ճկուն է և բարբարոս։ Այն դանակի պես է գործում՝ կարող ես հաց կտրել ու նաև մարդ սպանել։ Նայած թե ում ձեռքն է ընկնում լեզուն։

Օգտագործելով մեր լեզվի տված այդ լայն հնարավորությունները՝ ՀՅԴ փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանը պաշտպանել է Սերժ Սարգսյանի նախաձեռնած «սահմանադրական» հեղաշրջման ծրագիրը՝ հայտարարելով, որ «խորհրդարանական կայուն մեծամասնությունը» լավ բան է, և որ կայունը չի նշանակում արհեստական։ Քիչ էր մնում հայտարարեր, թե արդար է, արդա՜ր, ժողովուրդ ջա՛ն. խաղացե՛ք և շահե՛ք։

Մի խոսքով, Հրանտը մտել է իր դերի մեջ։ Մենք էլ անհանգստանում էինք՝ հո բան չէ՞ր պատահել նրան, քանզի սահմանադրական նախագծի մի մասը հրապարակվել էր, իսկ ահա դաշնակցական հայտնի շրջանակներից մի քանի օր ծպտուն չէր լսվում։

Դատելով ամենից՝ մի քանի օր տևած «բանակցություններն» ավարտվել են, «Սկումբրիևիչը» չի դիմացել առերեսմանն ու տրվել է «պո պոլնոյ պռագռամմե»՝ վերահաստատելով ստանձնած պարտավորությունները։ Ինչպես միշտ։

Փաստորեն, հին ավանդույթի համաձայն՝ ոմանք գոռգոռացին, մի քիչ քացի տվեցին, սպառնացին դիմել «դատախազություն», բայց նույն հին ավանդույթի շրջանակներում էլ սկսեցին գովերգել «խորհրդարանական կայուն մեծամասնության» գաղափարը՝ այն հույսով, որ հետագայում իշխանական կերակրատաշտակը «կոալիցիոն» սկզբունքով կլինի։

Դե ինչ, Հրանտն իր անձնական հարցերը լուծեց։ Սերժն էլ լուծեց ՀՅԴ–ի հարցերը։

Թե ինչ է շահել «երկխոսությունից» Հրանտը, դժվար չէ կռահել։ Սերժի շահն էլ է ակնհայտ երևում։ Իսկ թե ինչ է շահում այս ամենից ՀՅԴ–ն՝ որպես կուսակցություն, թող ներսի ու դրսի դաշնակցականները մտածեն։

Ամեն դեպքում, ափսոս էին տղերքը։ Թեև, ինչ ափսոս։ Ամեն մարդ ինքն է ընտրում իր ուղին։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը