Մեկնաբանություն

25.07.2015 00:08


Իրերն իրենց անվանումներով կոչելու անհրաժեշտությունը

Իրերն իրենց անվանումներով կոչելու անհրաժեշտությունը

Նոր Սահմանադրության նախագծի թեմայով քննարկումները, քարոզչությունն ու հակաքարոզչությունն արդեն սկսվել են։ Արժե, հետևաբար, մի շարք հստակեցումներ մտցնել, որպեսզի իրերն իրենց անվանումներով կոչվեն, և, բացի այդ, քարոզչական դաշտում խառնաշփոթ չառաջանա։

«Սահմանադրական» հեղաշրջման կողմնակիցների մասով ամեն ինչ պարզ է։ Այստեղ հստակեցումների խնդիր չկա։ Ինչպես ուզում են՝ թող աշխատեն, մանավանդ որ առանձնապես չեն էլ կարողանում աշխատել։

Ինչ վերաբերում է «ոչ»–ի կողմնակիցներին, ապա պետք է մի շարք բաներ հաշվի առնել տարբեր հարթակներում բանավեճի մեջ մտնելիս կամ պարզապես տեսակետ ներկայացնելիս։

Եվ այսպես,

1. նոր Սահմանադրության նախագծով լուծվում է ոչ թե վերացական իշխանության, ոչ էլ անգամ ՀՀԿ–ի վերարտադրության, այլ անձամբ Սերժ Սարգսյանի՝ իշխանությունն իր ձեռքում պահելու հարցը։ Հետևաբար, պետք է խուսափել «ՀՀԿ–ի վերարտադրություն» ձևակերպումից, քանզի նախագծով առաջարկվում է Սարգսյանի համար «գենսեկի» կարգավիճակով ցմահ իշխանություն ապահովելու մոդելը, իսկ ՀՀԿ կոչվածն ընդամենը օգտագործվող իր է։

Իրին քննադատելու փոխարեն, պետք է թիրախավորել իրի տիրոջը։

2. Պետք է դեմ արտահայտվել Հայաստանում անձնիշխանության ձևավորմանը, այլ ոչ թե մտնել «Պետական կառավարման ո՞ր մոդելն է լավը» թեմայով անպտուղ քննարկումների դաշտ։

Առաջարկվող սահմանադրական նախագիծը ոչ թե խորհրդարանական մոդել է, որ կողմ կամ դեմ արտահայտվես այդ մոդելին, այլ նեոբոլշևիկյան «սոուսով» սուլթանատ կառուցելու փորձ։ Հետևաբար, մոդելային բանավեճն «էս գլխից» պետք է մերժել և չմտնել բովանդակային քննարկման դաշտ։

Եթե մեկը բոցաշունչ ելույթ ունենա և հայտարարի, թե ինքը դեմ է սահմանադրական փոփոխություններին, բայց եթե այս մի կետը այսպես գրվի, իսկ այնտեղի ստորակետն էլ բութի փոխարեն դրվի, ապա ինքը կողմ կլինի, ապա իմացեք, որ առնվազն գործ ունեք ՀՅԴ–ական Հրանտ Մարգարյանի կամ նման մեկի հետ։

3. Սպասվող հանրաքվեն ոչ թե պետք է բոյկոտել, այլ ակտիվ մասնակցել ու «ոչ» քվեարկել։ Այդ «ոչ»–ը կդառնա ՀՀ քաղաքացիների միասնական թեկնածուն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի։ Վերջինս հենց այդ սցենարից է վախենում ու դրա համար չի երևում հանրության աչքին, ու համ էլ իր թիմակիցների միջոցով ուզում է մոլորեցնել, թե, իբր, պետական բարձր պաշտոնների չի գնալու նոր Սահմանադրության պայմաններում։

Սերժը նաև բոյկոտի ուղղակի և անուղղակի քարոզ է տանում, քանզի լուրջ մտավախություն ունի, որ հանրաքվեի ժամանակ կարող է դառնալ ՀՀ քաղաքացիների միասնական հակաթեկնածու։ Եվ ուրեմն, բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն դեմ են «սահմանադրական» հեղաշրջմանը, պետք է միասնաբար քարոզեն հանրաքվեին մասնակցելու և «ոչ» քվեարկելու օգտին։ Միայն այդպես է հնարավոր հանրաքվեն վերածել Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու համապետական միջոցառման։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը