Մեկնաբանություն

27.07.2015 00:05


Էրդողանի նախընտրական ռմբակոծությունները

Էրդողանի նախընտրական ռմբակոծությունները

Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նախագահ Էրդողանին ոչ մի կերպ չի հաջողվում կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Դե, իսկ սահմանադրական փոփոխությունների մասին խոսելն անգամ անիմաստ է դառնում։

Պրոքրդական կուսակցության հաջողությանը զուգահեռ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրեց հսկիչ փաթեթը երկրի օրենսդիր մարմնում։ Դա ստիպեց գնալ կոալիցիոն կառավարություն ստեղծելու թեմայով բանակցությունների։ Սկզբում համաձայնություն ձեռք բերվեց Թուրքիայի ազգայնականների հետ, բայց հետո ամեն ինչ ջնջվեց։

«Արդարություն և զարգացում» կուսակցության համար ամենաճիշտը կլիներ քրդերի հետ լեզու գտնելը, բայց Էրդողանը գնաց այլ ճանապարհով։ Հիմա նա «Իսլամական պետության» (որին Թուրքիան է ֆինանսավորում) դեմ իմիտացիոն պայքարի հետ միաժամանակ ռմբակոծում է Իրաքում քրդական դիրքերն ու հարձակման պատրաստվում Սիրիայի տարածքում։

Սա Էրդողանի համար նախընտրական քայլ է։ Ամենայն հավանականությամբ, Թուրքիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչն այդ երկրի Սահմանադրության պահանջն է (եթե խորհրդարանական ընտրություններից հետո կառավարություն չի ձևավորվում, ապա նշանակվում են նոր ընտրություններ)։

Խփելով քրդերին՝ Էրդողանն ուզում է ջարդել նրանց ողնաշարը Թուրքիայում, ինչպես նաև էլեկտորատ վերցնել ազգայնական շրջանակներից, որոնք դժգոհ էին Էրդողան–Դավութօղլու զույգի չափավոր քաղաքականությունից։

Հիմա իշխող ուժի ներսում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի տեսակետներն են գերիշխող դառնում։ Իսկ դա նշանակում է, որ «Արդարություն և զարգացումը» փորձելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններում հսկիչ փաթեթ ունենալ։ Պարզ է, որ այդ դեպքում թիրախ պետք է դառնա քրդական ուժը։

Էրդողանին հիմա փոքրիկ հաղթական պատերազմ է պետք։ Դրա համար էլ Թուրքիայի օդուժը քրդական հենակետերի ռմբակոծություններով է զբաղված։ Դրանք նախընտրական ռմբակոծություններ են։ Թե ինչպիսին կլինի քրդերի պատասխանը, շուտով կիմանանք։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը