Մեկնաբանություն

28.07.2015 10:44


Սերժ Սարգսյանի վտանգավոր նախաձեռնությունը

Սերժ Սարգսյանի վտանգավոր նախաձեռնությունը

Գործող Սահմանադրությունը չի՛ կարելի փոխել։ Խոսքը Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրափոխության մասին է։

Մայր օրենքն, անշո՛ւշտ, քարացած փաստաթուղթ չէ, և ենթակա է փոփոխման, բայց ամեն մի փոփոխությունը պետք է լինի պետության ու հանրության շահերից ելնելով, այլ ոչ թե մեկ մարդու։

Գործող Սահմանադրության 50րդ հոդվածում ամրագրված դրույթը, ըստ որի՝ նույնը անձը չի կարող երկու անգամ անընդմեջ նախագահ լինելուց հետո անմիջապես հավակնել երրորդ ժամկետին, նպատակ է հետապնդում կանխել կոշտ բռնապետական ռեժիմի ստեղծումը։ Այդ հոդվածը, այսպես ասած, հակաբռնապետական է։

Հայաստանը համարվում է անցումային ժողովրդավարության կամ անցումային ավտորիտարիզմի երկիր։ Քաղաքական ինստիտուտները և մրցակցային միջավայրը դեռ կայացած չեն։ Անձերն իրենցով են փոխարինում ինստիտուտները, և եթե նույն անձը երկար մնա պետական կառավարման ղեկին, ապա դա անխուսափելիորեն կհանգեցնի բռնապետության։

Չկայացած կուսակցական համակարգի պայմաններում պետության առաջին դեմքի պարտադիր փոփոխության նորմը թույլ չի տալիս լճացում, եթե անգամ ընտրությունները կեղծվեն, ու իշխանությունը դրսից չփոխվի։

Մեզանում իշխանության մուտքը ներսի կողմից է։ Իշխանությունները միշտ վերարտադրվել են, բայց առաջին դեմքի փոփոխությունը թույլ չի տվել տոտալ վերահսկողություն սահմանել տնտեսական ու քաղաքական դաշտի վրա։

Անկախ այն հանգամանքից, թե ինչպես են կառավարել ու ինչպես են իրենց աթոռները զիջել ՀՀ առաջին ու երկրորդ նախագահները՝ փաստն այն է, որ նրանք չեն գերազանցել սահմանադրորեն իրենց վերապահված կառավարման ժամկետները։

Սերժ Սարգսյանը, արձանագրելով խայտառակ ցուցանիշներ ինչպես ներքին կյանքում, այնպես էլ արտաքին քաղաքական ոլորտում, ոչ միայն չի ուզում սահմանադրական ժամկետների մեջ տեղավորվել, այլ դեռ մի բան էլ ձգտում է պահել կառավարման ղեկն իր ձեռքում ու ցմահ մնալ այդ դերում։ Հենց այդ նպատակով է նախաձեռնվել նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։

Սա, ըստ էության, «սահմանադրական» հեղաշրջման փորձ է, քանզի նախագահության երկրորդ ժամկետի ավարտին նման նախաձեռնությանն այլ գնահատական հնարավոր չէ տալ։ Ընդ որում, Սարգսյանն իր առաջարկած Սահմանադրության միջոցով վերացնում է մեր երկրի ղեկավարման ժամկետային սահմանափակումն ու նաև փոխում կառավարման համակարգը՝ այն հարմարեցնելով անձամբ իր պատկերացումներին։ Նախագծից պարզ է դառնում, որ ՀՀԿ ղեկավարը ցանկանում է «գենսեկի» կարգավիճակը համատեղել «պռեդսեդածել վեռխովնովո սովետայի» պաշտոնի հետ, ինչը հնարավորություն կտա զրոյական պատասխանատվությամբ իշխել՝ «Թուքումուրը բոլորին, փողերը՝ ինձ» տարբերակով։

Սարգսյանին, հետևաբար, պետք է զրկել Սահմանադրության 50–րդ հոդվածը չեղյալ հայտարարելու հնարավորությունից։ Դա կկանխի նաև իշխանության յուրացման փորձը, որը, ըստ Սահմանադրության 2–րդ հոդվածի, ծանրագույն հանցագործություն է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը