Լրահոս

22.09.2010 18:11


Շարունակվում է ՀՀ վարչապետի այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում այսօր առավոտյան ՀՀ վարչապետը և նրա գլխավորած պատվիրակությունը Շանհայից ժամանել են Սիչուան նահանգի Չենգդու կենտրոն, որտեղ Տիգրան Սարգսյանն իր կեցավայրում հանդիպել է Սիչուանի նահանգապետ Ցզյան Ցզույ Ֆենին։ Վերջինս շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարության ղեկավարին Սիչուան նահանգում 2008թ. տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում Հայաստանի տրամադրած օգնության համար։ Նա ներկայացրել է նահանգի սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Իր համախառն ներքին արդյունքով նահանգն իններորդն է ՉԺՀ-ում։ Այժմ ակտիվորեն վերականգնվում է' տարեկան 16,3 տոկոս աճ արձանագրելով։ Ցզյան Ցզույ Ֆենը հույս է հայտնել, որ նահանգի այդ ներուժը կօգտագործվի երկկողմ համատեղ ծրագրերում։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել, որ Սիչուանում գնահատում են բարեկամ չին ժողովրդին Հայաստանի ցուցաբերած օժանդակությունը։ Նա զրուցակցին շնորհավորել է Չինաստանում այս օրերին նշվող Լուսնի տոնի կապակցությամբ։ Վարչապետը նշել է, որ այցի նպատակը տնտեսական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելն է. հետաքրքրական շատ մտահղացումներ կան, և պետք է փնտրվեն տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղիներ' դրանք բարձրացնելով քաղաքական մակարդակի։
Մատնանշելով հայ-չինական առաջին խոշոր համատեղ «Շանսի-Նաիրիտ» սինթետիկ կաուչուկի ձեռնարկության հաջողված օրինակը, վարչապետն ընդգծել է համանման փոխգործակցության հնարավորությունը ֆիզիկայի, շինանյութերի, քիմիայի, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում, նմանատիպ ծրագրերի իրականացման պատրաստակամությունն ու կարևորությունը։ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ պատրաստված է համատեղ գործունեության ծրագրերի փաթեթ, որի իրականացման ուղղությամբ հարկ է ակտիվ աշխատանք տանել։
Նահանգապետը նշել է, որ իրենք պատրաստակամ են ծանոթանալ այդ ծրագրերին, նոր տնտեսական կապեր հաստատել, այդ թվում' ձեռնարկությունների անմիջական համագործակցության մակարդակով։ Երկուստեք ընդգծվել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել տնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։
Օրվա ընթացքում ՀՀ վարչապետը և նրան ուղեկցող պատվիրակությունը այցելել են «Sichuan Aerospace Tuoxin Basalt» գործարան, «Tuoxin» ընկերության հարավ-արևմտյան օդանավակայանի տարածքում ստեղծված տնտեսական զարգացման գոտի, որտեղ ծանոթացել են նաև արեգակնային մարտկոցներ արտադրող ընկերություններից մեկի աշխատանքին։
Ինչպես նշել է ՀՀ էնոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՉԺՀ իր այցի ընթացքում ունեցած հանդիպումների ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կոնկրետ ծրագրեր է ներկայացրել, մասնավորապես' բազալտի ձուլման գործարանի կառուցման, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ազգային կենտրոնի վերաբերյալ, նաև ենթակառուցվածքներին, նոր տեխնոլոգիաներին առնչվող ներդրումային նախագծեր։ Դրանցից մեկն արևային մարտկոցների արտադրությունն է, որի առնչությամբ էլ տեղի է ունեցել ճանաչողական այց համապատասխան ընկերություններից մեկը։ Այս առումով, ըստ Ներսես Երիցյանի, Հայաստանն ունի համապատասխան գիտական ներուժ, ինժեներական պատրաստված մասնագետներ, և այսօր փնտրվում են դրսից ներդրումներ ու տեխնոլոգիաներ ներգրավելու հնարավորություններ։ Սա միջանկյալ փուլ կլինի հանրապետությունում ինքնուրույն տեխնոլոգիաների զարգացման համար։
Անդրադառնալով բազալտի վերամշակման ուղղությամբ համագործակցությանը, Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ չինական կողմի հետ արդեն տարվում են աշխատանքներ. ուսումնասիրվել են Հայաստանի հանքերը, ու չինացի մասնագետներն արձանագրել են, որ Հայաստանում առկա են որակյալ բազալտի մեծածավալ պաշարներ' դրանցից մանրաթելի ստացման համար։ Այժմ աշխատանքները գտնվում են նախապատրաստական փուլում։
Սեպտեմբերի 23-ի երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան։

Այս խորագրի վերջին նյութերը