Մեկնաբանություն

30.07.2015 11:25


Սերժական Սահմանադրությունն՝ ընդդեմ ՀՀ անկախության ու Արցախյան հաղթանակների

Սերժական Սահմանադրությունն՝ ընդդեմ ՀՀ անկախության ու Արցախյան հաղթանակների

Նոր Սահմանադրության օգտին քարոզը Բաղրամյան 26–ը դժվարությամբ է իրականացնում։ «Մահապարտների» պակաս չկա, բայց հոդաբաշխ ասելիքն է բացակայում։ Սա էլ եվրաասոցացում չէ, որ ճամարտակես ուզածիդ չափ՝ ժողովրդավար ու քաղաքացիական խաղալով, բայց հետո սուտ լաց դնես, որ չստացվեց նախագիծը։

Սահմանադրական քարոզը մի փոքր այլ ենթատեքստ ունի։ Հաճախորդներն այնքան էլ հարմար չեն այդ գործի համար, իսկ ՀՀԿ–ականների ամեն մի ասածը շուռ է գալիս իշխանության դեմ։ Մնացել է միայն Նիկոլ Փաշինյանը, բայց դե, նա էլ արդեն վաղուց բացահայտված է, հետևաբար աչքի է ընկնում ցածր արդյունավետությամբ։

Նախագահականում նստել մտածել մտածել են ու, իրենց կարծիքով, գտել են ելքը։ Ուշագրավն այն է, որ իշխանությունների մոտ ամեն ինչ ստացվել է բավական պարզունակ մակարդակի ու նաև՝ ըստ Ֆրեյդի։

Այսպես, նոր Սահմանադրության օգտին քարոզողներն ասում են, թե մենք ուզում ենք լավ Սահմանադրություն, որովհետև գործողը վատն է։ Ու ոչ մի հիմնավորում, թե ինչու է գործողը վատը, և ինչու է սերժական Սահմանադրությունը լավը։

Կիրառվում է նաև դեմագոգիայի տեխնոլոգիան։ Ասում են՝ առաջարկվող Սահմանադրության նախագիծը խաղաղ և անցնցում իշխանափոխության հնարավորություն է տալիս։

Սերժ Սարգսյանը, փաստորեն, շատ լավ գիտի ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության ցանկությունը և փորձում է ընդդիմադիր հռետորաբանությունը գողանալ՝ իր ցմահ մնալու ծրագրերը ներկայացնելով որպես «խաղաղ և անցնցում իշխանափոխության հնարավորություն»։

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ուզում է հեռանալ, բայց դրա հնարավորությունը գործող Սահմանադրությունը չի տալիս, և ահա, գտնվել է լուծումը՝ փոխել Սահմանադրությունը և հեռանալ։ Ահա այսպիսի «մարդակենտրոն» դեմագոգիա։

Այս դեմագոգիային կարելի էր ուշադրություն չդարձնել, եթե դրա հետ նաև հանրությանը վտանգավոր միտք չհրամցվեր։

Պարզվում է, որ Սերժ Սարգսյանն ուզում է այս Սահմանադրությունը փոխել, քանզի Հայաստանում առկա համակարգի արմատները կապված են 88–ի Արցախյան շարժման և Հայաստանի անկախացման շրջանի հետ։ Այ, սա արդեն ըստ Ֆրեյդի է ստացվել նեոբոլշևիկների մոտ։

Սրանց համար գիտակցության ու ենթագիտակցության մակարդակով ատելի են ՀՀ անկախությունն ու արցախյան հաղթանակը, քանզի իրենք անկախության արժեքների կրող չեն եղել ու չեն, ինչպես նաև արցախյան հաղթանակն իրենց խորթ են համարում, թեև կապիտալի նախնական կուտակման ու այսօրվա իրենց պաշտոնական դիրքերի համար պարտական են բացառապես այդ հաղթանակին ու անկախությանը։

Սրանք հաղթանակի ու անկախության մսխողներն են, բայց հոգու խորքում ատում են այդ ամենն այն քաղքենու պես, ով գտնում է, որ «գյոզալական» երկիրը (ԽՍՀՄ–ը) քանդեցին անկախականները, իսկ պատերազմն էլ ցածր կրթությամբ տղաները հաղթեցին, ու դրա համար այն չի կարելի սիրել։ Ահա այսպիսին է այսօրվա գերիշխող մտածողությունը անվանական Նժդեհական համարվող կուսակցությունում։

Եվ այսպես, «սահմանադրական» հեղաշրջման քարոզն իշխանությունները տանում են հակաանկախական ու հակաարցախյան կոդերով։ «Վերջի բոլշևիկից» այլ բան չէր էլ սպասվում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը