Մեկնաբանություն

31.07.2015 09:25


Ուր ուղարկել սերժական Սահմանադրությունը

Ուր ուղարկել սերժական Սահմանադրությունը

Ցանկացած երկրի Սահմանադրություն ցույց է տալիս հանրության և իշխանության միջև առկա ուժերի հարաբերակցությունը։

Բոլոր երկրներում էլ իշխանություններն ուզում են ավելի շատ վերահսկողություն ունենալ հասարակական հարաբերությունների վրա։ Քաղաքացիների դիրքորոշումից է կախված լինում, թե մինչև ուր կմտնի իշխանությունը։

Օրուելի «1984» անտիուտոպիայում նկարագրված է մի վիճակ, երբ իշխանության թիվ մեկ դեմքն ամենուրեք է, ու հսկում է բոլորի հանրային և մասնավոր կյանքը։ Ստալինի օրոք այդ պատկերն էր։

Նորանկախ Հայաստանում իշխանության ու հանրության միջև որոշակի խաղի կանոն հաստատվեց 1995–ի առաջին Սահմանադրությամբ։

Հետո այդ Սահմանադրությունը բարեփոխվեց 2005–ին։ Տեղի ունեցավ ոչ թե կառավարման մոդելի փոփոխություն, այլ գործող մոդելի բարելավում։

Հիմա խնդիր է դրվել փոխել Սահմանադրությունը, բայց ոչ թե հօգուտ հանրության ու մարդու իրավունքների, այլ իշխանության, ավելի ճիշտ՝ մեկ անձի՝ Սերժ Սարգսյանի։

Անկախ այն հանգամանքից, թե ինչ գեղեցիկ ու ճոռոմ բաներ են ձևակերպվում Սահմանադրության սկզբնամասում՝ կարևորն իշխանության ձևավորման մեխանիզմներն են և հանրության սուբյեկտայնության ապահովման հարցը։ Այդ երկու կետերում էլ Սերժ Սարգսյանն իր նախագծով ոչնչացրել է ՀՀ քաղաքացուն՝ նրան «սահմանադրորեն» զրկելով իշխանություն ձևավորելու բացառիկ իրավունքից։

ՀՀԿ ղեկավարը ցմահ իշխելու հայտ է ներկայացնում։ Նրա այդ վարքագիծը հնարավոր դարձավ փետրվարյան հայտնի իրադարձությունների արդյունքում։

Նրանք, ովքեր այն օրերին ծափահարում էին «հակաօլիգարխիկ» պայքարի հակաօրինական դրսևորումներին, այսօր պետք է իմանան, որ, կամա թե ակամա, աջակցել են սերժական Սահմանադրության ստեղծմանը։ Ինչևէ։

Սերժի պայքարը գործող Սահմանադրության 50–րդ հոդվածի դեմ է։ Այդ հոդվածի էությունը հետևյալն է. «Պետության առաջին դեմքին հնարավորություն է տրվում երկու անգամ անընդմեջ մնալ այդ կարգավիճակում։ Եթե ՀՀ քաղաքացիները դժգոհ են մնում նախագահից, ապա կարող են առաջին ժամկետից հետո փոխել նրան, իսկ եթե տեղի են ունենում ընտրակեղծիքներ, և հանրությունը չի կարողանում տեր կանգնել իր ձայնին, ապա նախագահի պաշտոնը երկու անգամ անընդմեջ զբաղեցրած մարդը հեռացվում է սահմանադրական նորմի պարտադրանքով»։

Սարգսյանը կեղծել է ընտրություններն ու զբաղեցրել նախագահի աթոռը երկու անգամ անընդմեջ։ Նա հաղթել է ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև թուլացրել, վերացրել կամ գնել է քաղաքական ուժերին։

ՀՀԿ ղեկավարը չի ուզում հեռանալ իշխանության ղեկից, բայց Սահմանադրությունը ստիպում է դա անել։ Նա քաղաքական ժառանգորդ չունի, չի կարող ունենալ և չի ուզում ունենալ։ Դրա համար էլ Գագիկ Հարությունյանն ու Բ26–ի մյուս կամակատարները լուծում են գտել՝ փոխել Սահմանադրությունն ու Սերժի համար ներմուծել «խորհրդարանական կայուն մեծամասնության» գաղափարը։

Սարգսյանն ու իր նեղ շրջապատը շատ–շատ են սիրում փող և անկեղծորեն համոզված են, որ չի կարելի ձեռքն ընկած իշխանությունը հանձնել, քանզի դա փողի անսպառ աղբյուր է։

«Վերջի բոլշևիկն», ըստ այդմ, փորձում է փոխել Սահմանադրությունն ու հաղթել 50–րդ հոդվածին, որը ՀՀ քաղաքացիների՝ բռնապետությունից խուսափելու երաշխիքներից մեկն է։

Պետք է, հետևաբար, «Աշոտյան» անել սերժական սահմանադրությունն ու «Ո՛չ» ասել Սերժ Սարգսյանին։

Պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության է։ Այն ունի, այսպես կոչված, անվտանգության բարձիկներ։ Սերժն ուզում է վերացնել դրանք՝ դատապարտելով Հայաստանը քաոսի կամ կոշտ ավտորիտար ռեժիմի։ Երկու դեպքում էլ Հայաստանի համար լավ բան չի սպասվում, քանզի մենք ո՛չ քաոսի, ո՛չ կոշտ ավտորիտարիզմի ռեսուրս չունենք։

Մի խոսքով, մենք սերժաստանի վերածելու հայրենիք չունենք։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը