Մեկնաբանություն

01.08.2015 11:50


Սերժ Սարգսյանի քարոզչահնարքները և քարոզչագործիքները

Սերժ Սարգսյանի քարոզչահնարքները և քարոզչագործիքները

Սահմանադրական փոփոխությունների հետ կապված՝ Սերժ Սարգսյանի գլխավոր մտահոգությունն այն է, որ գործընթացը հանկարծ չվերածվի իր անվստահության հանրաքվեին։

Փորձը ցույց է տալիս, որ ՀՀԿ ղեկավարը բավական ադեկվատ ձևով տիրապետում է հանրային տրամադրություններին, ու դա է պատճառը, որ նա մտահոգված է, այլապես բաց ձևով կքարոզեր սահմանադրական փոփոխությունների օգտին՝ զուգահեռաբար դնելով իր վստահության հարցը։ Մինչդեռ, Սարգսյանը, այսպես ասած, պարտիզանություն է անում՝ ցույց տալով, թե, իբր, այլմոլորակայիններն են Գագիկ Հարությունյանի գլխավորած «սահմանադրագետների» հանձնաժողովին նեոբոլշևիկյան Սահմանադրություն գրելու պատվեր իջեցրել, իսկ ինքն էլ, ներքուստ դեմ լինելով, ստիպված համաձայնել է այդ նախագիծը ներկայացնել հանրությանը (լավ է, որ չեն ասում, թե չար Պուտինն է նոր Սահմանադրության նախագիծը մշակել, որպեսզի Սերժին հավերժ իշխանության ղեկին թողնելով՝ պատժի հայ ժողովրդին, և ուրեմն, պետք է պահանջել Պուտինի հրաժարականը)։

ՀՀԿ ղեկավարը շատ լավ հասկանում է, որ եթե հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիա տեղի ունեցավ, ապա հանրաքվեն կարող է վերածվել արտահերթ նախագահական ընտրությունների՝ այդտեղից բխող բոլոր կանխատեսելի հետևանքներով։

Սարգսյանի համար նոր Սահմանադրության ընդունումը շատ կարևոր է, և այդ իսկ պատճառով նա որոշել է քարոզել ... դրա դեմ, կամ անել ամեն ինչ, որ քիչ մարդու հետաքրքրի այդ գործընթացը։ Այսինքն, կրկին գործի է դրվել «մուտիլովկայի» տեխնոլոգիան։

Հաշվարկը պարզ է՝ եթե Սարգսյանը հայտարարի, որ նոր Սահմանադրության ընդունումն ինքն անձամբ կարևորում է, և կոչ է անում քվեարկել դրա օգտին, ապա հանրությունը հակառակ ռեակցիան կտա։ Բացի այդ, Սերժը շահագրգռված է, որպեսզի քիչ մարդ մասնակցի հանրաքվեին (այլ կերպ ասած՝ բոյկոտի այն), ինչը հնարավորություն կտա զուտ ընտրակեղծիքների տեխնոլոգիայով ապահովել անհրաժեշտ նվազագույն ձայների քանակն ու իրականացնել «սահմանադրական» հեղաշրջում։

«Վերջի բոլշևիկն» իր քարոզչահնարքները կիրառում է քարոզչագործիքների՝ ՀՀԿ–ականների ու հաճախորդների միջոցով։ Վերջիններիս մեջ հատկապես աչքի է ընկնում Նիկոլ Փաշինյանը, ով ամենօրյա ռեժիմով է աշխատում սերժական քարոզչակոդի շրջանակներում։

ՀՀԿ–ականների (Էդուարդ Շարմազանով, Մարգարիտ Եսայան և այլն) միջոցով Սերժը տարածում է, թե, իբր, սահմանադրական փոփոխություններն իր համար ճակատագրական նշանակություն չունեն՝ «Կանցնեն՝ լավ, չեն անցնի՝ էլի լավ» թեմայով։ Բայց դա, անշո՛ւշտ, բլեֆ է։ Բլեֆ, որի նպատակը, ինչպես վերևում նշեցինք, հանրությանը ցույց տալն է, թե, իբր, Սերժի համար նոր Սահմանադրության ընդունումը երկրորդական հարց է, հետևաբար չարժե լուրջ վերաբերվել այդ գործընթացին ու ակտիվանալ։

Նույն բանը, բայց այլ ձևակերպումներով, քարոզում է Նիկոլը։ Նա սահմանադրական փոփոխությունների հարցը համարում է կեղծ օրակարգ (սա փաստացի բոյկոտի ու տանը նստելու կոչ է) և ամեն օր, պարտաճանաչ հաճախորդի պես, հայտարարում, որ, միևնույն է, Սերժն անցկացնելու է սահմանադրական հանրաքվեն, հետևաբար պայքարի կարիք չկա։ Նիկոլի ասածը բանաձևային տեսքով հետևյալն է՝ «ՀՀ քաղաքացինե՛ր, դուրս չգա՛ք սերժական Սահմանադրության դեմ, քանզի դա կեղծ օրակարգ է, բայց եթե հանկարծ իմ նետած կուտը չկերաք, ու դուրս եկաք պայքարի, ապա իմացած եղեք, որ նա, միևնույն է, կեղծելու է, և դուք պարտվելու եք»։

Ահա այսպիսի պատկեր է իշխանամետ քարոզչական դաշտում։ Շարմազանովն ու Փաշինյանը համատեղ ուժերով փորձում են ապահովել ընտրակեղծարարների թիկունքը՝ կոչ անելով հանրությանը լուրջ չվերաբերվել Սերժ Սարգսյանի վերարտադրության ծրագրերին ու գերպասիվություն ցուցաբերել։

Եթե Շարմազանովի մոտիվները պարզ են ու հասկանալի, քանզի նա «Վերջի բոլշևիկի» թիմակիցն է, և ի պաշտոնե է սպասարկում Սարգսյանի շահերը, ապա նողկալի են Նիկոլի մոտիվները, ով բոցաշունչ ելույթներ է ունենում իշխանությունների դեմ, բայց գործնականում Արտաշես Գեղամյանից էլ «բեթար» ֆունկցիա կատարում։

Նույնիսկ Արթուր Բաղդասարյանն է դեմ արտահայտվում սահմանադրական փոփոխություններին՝ նշելով բոլոր այն վտանգների մասին, որոնք սպասվում են Հայաստանին նոր Սահմանադրության պայմաններում, բայց, արի ու տես, որ «թունդ հեղափոխական» Նիկոլն «ինստիտուցիոնալ» առումով գերազանցում է բոլոր տիպի հաճախորդներին։ Լավ, հասկացանք, որ նա կոմերսանտ է, բայց ո՞վ է ասել, որ կոմերսանտությունն անբարոյականության հոմանիշն է։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը