Մեկնաբանություն

04.08.2015 10:40


Քավության նոխազ «forever»

Քավության նոխազ «forever»

Բաղրամյան 26–ում որոշեցին ՀԷՑ–ին փող տալ Որոտանի վաճառքից ստացած միջոցներից։ Այսինքն, որոշեցին փողը պտտեցնել իրենց գրպաններում՝ հերթական անգամ խառնելով պետական ու սեփական «բուրդը»։

Բացահայտ թալանի այս պատմության համար, բնականաբար, քավության նոխազ կամ քննադատության թիրախ է պետք։ Դատելով «անկախ» լրատվամիջոցների հրապարակումներից և սաստիկ «քաղաքացիական» տղաների ու հատկապես «աչոնիկների» պահվածքից՝ նախագահական նստավայրում գտել են այդ կերպարին։ Դա Հովիկ Աբրահամյանն է։

«Անկախ» մամուլը «լացում» է, թե Որոտանի վաճառքի «գյոզալական» գործարքը, որը հայ–ամերիկյան համագործակցության փայլուն օրինակ է, և կարող էր հանրությանն ահագին օգուտ տալ, ստիպված ծառայեցվում է ՀԷՑ–ի շահերին, ու դրա մեղավորը վարչապետն է։

«Քաղաքացիականներն» էլ կուրծք են ծեծում, թե բա՝ տեսա՞ք՝ ինչ վատն է Կառավարությունը, որ Որոտանի փողով տարբեր հոգսեր հոգալու փոխարեն այն տալիս է ՀԷՑ–ին։

Այն, որ Կառավարությունը վատն է, ու Հովիկ Աբրահամյանին հասնում է «Քավության նոխազ «forever»»–ի դերը, քննարկման թեմա չէ։ Ի վերջո, գործող վարչապետն ինքն է ընտրել մշտական քավության նողազի դերն ու առանձնապես չի դիմադրում, երբ իրեն «պոդստավկա» են անում։ Դե, «պոդստավկա» է լինում, թող լինի։ Ինչպես ժողովրդական խոսքում է ասվում՝ գլուխը քարը։

Այստեղ մեկ այլ ուշագրավ պահ կա։ ՀԷՑ–ի թեմայով բոցաշունչ ելույթ ունեցողներն ու հոդվածներ «թխողները» ծպտուն չեն հանում Որոտանի վաճառքի թեմայով։ Նախագահական նստավայրի այս հաճախորդների մոտ կարմիր թելով անցնում է այն միտքը, որ Որոտանի վաճառքը լավն էր, բայց վատ տնօրինվեց վաճառքի արդյունքը, և մեղավորը Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունն է (խե՜ղճ Սերժ Սարգսյան. մարդուն չեն թողնում, որ բարի գործեր անի, ա՛խ, այդ չար Հովիկ Աբրահամյանն ու Բիբինը)։

Հաճախորդները ցավ են ապրում, որ Որոտանի վաճառքից ստացված փողերը տրվելու են ՀԷՑ–ին, բայց ոչ մի խոսք այն մասին, թե ինչու ցածր ինքնարժեքով հոսանք արտադրող այդ կառույցը կոպեկներով սեփականաշնորհվեց, ինչու ամերիկյանի անվան տակ թաքնված հայաստանյան հայտնի շրջանակները ստիպում են ՀԷՑ–ին թանկ գնով հոսանք գնել Որոտանից, ու հիմա էլ նույն այդ Որոտանի փողը ՀԷՑ–ի միջոցով հետ են ստանում, ինչու բոլորի հրաժարականները պահանջում են ու բոլորին անարգանքի սյունին գամում, բայց «մոռանում» են Սերժ Սարգսյանի ու նրա մերձավոր շրջապատի մասին, ովքեր և՛ Որոտանի սեփականաշնորհման գործարքի իրական շահառուներն են, և՛ ՀԷՑ–ի միջոցով Որոտանի փողերը հետ ստացողները, և՛ պետբյուջեի իրական մսխողները։

«Ինչուները», ի դեպ, հռետորական են։

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Հովիկ Աբրահամյանին քավության նոխազ սարքելու գործընթացը շարունակական բնույթ ունի։ Ըստ ամենայնի՝ վարչապետին կվերապահվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացնելու շտաբային գործառույթը։ Դա արդեն նրա վերջնական «փչացման» ակտի կվերածվի։ Բայց դե, կրկնենք՝ գլուխը քարը։

Հ.Գ.–2։ Եթե հիշողությունը մեզ չի դավաճանում, իսկ այն չի դավաճանում երբեք, Բաղրամյան փողոցի կրակոտ դեմքերը խոստացան մեկ գումարած մեկ քայլերով հասնել Բաղրամյան 26 ու պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Հիմա նրանք «զադնիով» հասել են Հանրապետության հրապարակ ու պահանջում են բոլորի հրաժարականը՝ բացի Սերժ Սարգսյանից։

Մեկնաբանությունները թողնում ենք Հովիկ Աբրահամյանին և բազմաչարչար ՀՀ քաղաքացիներին։

Այս խորագրի վերջին նյութերը