Մեկնաբանություն

04.08.2015 12:25


Սահմանադրագետների «վախճանը»

Սահմանադրագետների «վախճանը»

Սերժ Սարգսյանի բոլոր նախաձեռնությունները, լինեն դրանք արտաքին թե ներքին քաղաքական ոլորտներում, վնաս են հասցրել Հայաստանին ու Արցախին։

Տիգրանսարգսյանական բարեշրջումներ և «Հայկական աշխարհի» կառուցում, «Ֆուտբոլային» դիվանագիտություն, եվրաասոցացման արկածախնդրություն, եվրասիական վասալացում։ Սրանց արդյունքում մենք ոչինչ չենք շահել, ավելին՝ տուժել ենք։ Մարտավարական շահ ունեցել է միայն Սերժ Սարգսյանը՝ պահելով նախագահի աթոռը։

Սերժ Սարգսյանի ցուցմամբ գործող Տիգրան Սարգսյանի գործունեության արդյունքներն ամփոփված են ՀՀ վիճակագրական ծառայության գրասենյակում և միջազգային կառույցների հետազոտություններում։

Ամենասարսափելին արտագաղթի թվերն են։

«Ֆուտբոլային» դիվանագիտության մասին գրեթե ամեն ինչ ասվել է։ Ավելացնելու բան չկա։ Թուրքիան շահեց գործընթացից, իսկ մեզ մնացին միայն Գյուլի կնոջ պատրաստած քյաբաբները, որոնք հաճույքով համտեսել էր ՀՀԿ ղեկավարը։

Դե, իսկ եվրաասոցացումն ավարտվեց Կրեմլի «պադվալում»։

Ի դեպ, այս բոլոր նախաձեռնությունների ժամանակ մասնագիտական որոշակի շրջանակներ «խուրդվել» են ու չքվել հանրության աչքից։

«Հայկական աշխարհի» քարոզիչները

Այսպես, Տիգրան Սարգսյանի քայլերը գովերգելու համար մի քանի տնտեսագետ էին «մեյդան» հանել։

Հիմա սրանց իզն ու թոզը չկա։ Մեկը հայտնվել է մասնավոր բանկում, մյուսը կորել է ընդհանրապես, իսկ երրորդը գրանտային գումարներն է մսխում։

Գյուլի «վկաները»

«Ֆուտբոլային» դիվանագիտության փուլն էլ ուներ իր մասնագիտական «զոհերը»։ Դրանք, այսպես կոչված, թուրքագետներն ու արևելագետներն էին, որոնք, փրփուրները բերաններին, պաշտպանում էին Սարգսյանի «նախաձեռնողականությունը» և հարյուր տոկոսով պնդում, որ հայ–թուրքական սահմանը հայ–թուրքական արձանագրությունների շնորհիվ հաշված օրերի ընթացքում բացվելու է։

Հիմա սրանք նույնպես անհետացել են, թեև երբեմն բոցաշունչ ելույթներ են ունենում Թուրքիայի դեմ։

Տեղին է հիշեցնելը, որ նույն այդ մարդիկ «հեղափոխական» այն օրերին Թուրքիային քծնելու և Գյուլի ոտն օրհնելու ֆունկցիա էին կատարում։ Ու իրենց թվում է, թե հիմա ծածուկ տեղ աշխատելով կամ ազգային–ազատագրական մորուք թողնելով՝ կարող են մաքրվել էժանագին անցյալից։ Նողկալի է...

«Կեցցե՛ արևմտամետ Սերժը, աշխարհի ամենաարևմտամետ մարդը»

Եվրաասոցացման «վկաներ» էլ կային, ովքեր «փորձագետի» կարգավիճակով արդարացնում էին Սերժի օգտին արվող ընտրակեղծիքները՝ «Զատո նա արևմտամետ է ու մեզ տանում է դեպի լուսապայծառ ԵՄ» թեմայով։

Մենք բազմիցս էինք զգուշացրել, որ եվրաասոցացման այն տարբերակը, որն ընտրվել էր, արկածախնդրություն է, և ավարտվելու է Կրեմլի պատերի տակ։ Այդպես էլ եղավ։ Ու հիմա «արևմտամետ փորձագետներն» իրենց էշի տեղ են դրել ու «մոռացել» են, թե ինչեր էին ասում սեպտեմբերի 3–ի հայտնի իրադարձություններից հետո։ Ինչևէ

«Խորհրդարանական կայուն մեծամասնության» նեոբոլշևիկյան գաղափարն ու սահմանադրագետների «վախճանը»

Սերժ Սարգսյանը հիմա նախաձեռնել է սահմանադրափոխության գործընթաց։ Այդ գործընթացն էլ ի՛ր «հերոսներն» ունի։

Ինչպես տնտեսական բարեշրջումների, «ֆուտբոլային» դիվանագիտության, եվրաասոցացման ու եվրասիականության գործընթացների ժամանակ եղավ, այժմ էլ «խուրդվողներ» կան։ Դրանք, այսպես կոչված, սահմանադրագետներն են, ովքեր առավոտից երեկո պաշտպանում են Սերժ Սարգսյանի՝ «սահմանադրական» հեղաշրջման ծրագրերը։

Բացի Գագիկ Հարությունյանից, ով վաղուցվա «խուրդվածն» է՝ խաղի մեջ են ակտիվորեն մտել Վարդան Պողոսյանը և Հրայր Թովմասյանը, ովքեր պնդում են, թե նոր Սահմանադրությունը ժողովրդավարական մտքի խտացված արտացոլանքն է, ու Հայաստանը դրա ընդունումից հետո կհայտնվի դրախտում։

Պարզ է, որ Վարդանն ու Հրայրը ստում են։ Իրենք շատ լավ գիտեն, որ պատվեր են կատարում՝ կեղտոտ պատվեր։ Սակայն սույն սահմանադրագետներն իրենց մասնագիտական որակները որոշել են ծառայեցնել «Վերջի բոլշևիկին»։

Ափսոս էին տղաները։ Այդքան ջահել, բայց արդեն «վախճանված»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը