Մեկնաբանություն

05.08.2015 15:40


Նիկոլ Փաշինյանի սերժամետ առաքելությունը

Նիկոլ Փաշինյանի սերժամետ առաքելությունը

Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանը դարձել է Սերժ Սարգսյանի թիվ մեկ հաճախորդը, կամ էլ՝ այդպիսին դառնալու հայտ է ներկայացրել (տվյալ դեպքում էական չէ, թե որ տարբերակի հետ գործ ունենք)։

Նա այնպիսի էնտուզիազմով է լծվել սերժական Սահմանադրության օգտին քարոզ անելու գործին, որ այլ եզրահանգման հնարավոր չէ գալ։

Պատահական չէ, որ «Հայկական ժամանակում» սահմանադրափոխության թեմայով այսօր հրապարակված Նիկոլի հոդվածը, մեկ կենտրոնից եկած հրահանգով, տարածվել է «անկախ» մամուլով։

«Կեղծ օրակարգի» տեսությունը և նեոգեղամյանությունը

Ի՞նչ է ասում Նիկոլն իր լավաշ հոդվածում։

Ասում է՝ պարզ է, որ ՀՀԿ ղեկավարը Սահմանադրությունն ուզում է փոխել, որպեսզի վերարտադրվի, բայց նաև ասում է, որ Սերժը գործող Սահմանադրությամբ էլ կարող է վերարտադրվել վարչապետի կարգավիճակով, ուստի անիմաստ է մտնել սահմանադրական հանրաքվեն տապալելու գործընթացի մեջ, քանզի դա հանրության պյուռոսյան հաղթանակը կլինի։

Ըստ «թունդ քաղաքացիական» Նիկոլի՝ քանի դեռ ինստիտուցիոնալ ընդդիմություն չկա (իսկ թե երբ կլինի, նա համեստաբար լռում է՝ «Է՛շ, մի՛ սատկի, գարուն կգա» ծրագրի շրջանակներում), Սերժը միշտ էլ կարող է վերարտադրվել թե՛ գործող, թե՛ փոփոխվելիք Սահմանադրությամբ։

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես ստում է՝ քաղաքական բլեֆ է անում, որպեսզի թաքցնի իր գեղամյանությունը։

Նա չի կարող չհասկանալ (եթե չի հասկանում, ապա քաղաքականապես անմեղսունակ է, և իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել), որ եթե սերժական Սահմանադրությունը տապալվի, ապա «Վերջի բոլշևիկը» կդառնա «կաղագույն բադիկ», քանզի որպես հեռացող նախագահ՝ չի կարողանա տնօրինել իշխանական բուրգը։

Սահմանադրական հանրաքվեի տապալումը Սերժին կստիպի քաղաքական ժառանգորդ փնտրել, ինչը, ներկա իրողությունները և ներիշխանական «ռասկլադը» հաշվի առնելով, կփլուզի տարատեսակ թևերի բաժանված ՀՀԿ–ին, և այդ փլատակների տակ առաջինը հենց Սարգսյանը կմնա։

Բացի այդ, Սերժ Սարգսյանն այնպես է կառավարել, որ եթե նույնիսկ իր կարծիքով ամենավստահելի մարդուն փորձի դարձնել նախագահ, ապա որևէ երաշխիք չունի, որ այդ մարդը կամ իշխող ուժը մեկ օրում «փուռը» չի տա իրեն։ Ավելին, Ս. Սարգսյանը վստահ է, որ ցանկացած մեկի նախագահ դառնալու պարագայում ինքը կորցնելու է իշխանության ղեկն իր ձեռքում պահելու հնարավորությունը (դա՝ լավագույն դեպքում)։

Որքան էլ Նիկոլը փորձի Սարգսյանին համեմատել Պուտինի հետ և պնդել, որ նա վերջինիս պես կարող է գործող Սահմանադրությամբ վարչապետ դառնալ ու այդպես վերարտադրվել, ու մեկ ժամկետ բաց թողնելուց հետո կրկին վերադառնալ նախագահի աթոռին, այդպես չէ։

Նախ՝ Սարգսյանը չի ունեցել, չունի և չի կարող ունենալ այնքան վարկանիշ Հայաստանում, որքան ունի Պուտինը Ռուսաստանում։ Սարգսյանի վարկանիշը գրեթե զրոյական է մեր հասարակության բոլոր շերտերի մոտ, ու ամենալավն այդ մասին գիտի ինքը՝ ՀՀԿ ղեկավարը։

Անգամ իշխող շրջանակներում հանրության լայն շերտերից ոչ պակաս են ուզում ազատվել Սարգսյանից։ Իսկ դա նշանակում է, որ սահմանադրական հանրաքվեի տապալումից հետո «կաղագույն բադիկի» կարգավիճակ ունեցող ՀՀԿ ղեկավարը անմիջապես կկորցնի ազդեցությունը, և, ամենայն հավանականությամբ, չի ձգի մինչև իր նախագահական լիազորությունների ժամկետի ավարտը։

Սարգսյանը գիտի, թե ինչպես է վարվել Ռոբերտ Քոչարյանի հետ, և հասկանում է, որ իր հետ ավելի վատ է լինելու, քանզի Քոչարյանը խնդիր չէր դրել խլել բոլորի սեփականությունն, ու այդպիսով թշնամիներ ձեռք չի բերել։ Մինչդեռ Սարգսյանի իդեա–ֆիքսը «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելն է, ինչը ձեռնտու է միայն իրեն ու իր նեղ շրջապատին։

Սարգսյանը չունի և չի էլ մտածում քաղաքական ժառանգորդ ունենալու մասին։ Դա էլ պատճառ է դարձել, որպեսզի նախաձեռնվի «սահմանադրական» հեղաշրջման գործընթացը։

Կրկնենք՝ այս ամենը Նիկոլը չի կարող չհասկանալ, բայց քանի որ ստանձնել է Արտաշես Գեղամյանի դերը, ուստի փրփուրը բերանին կոչ է անում հանրությանը չպայքարել սերժական Սահմանադրության ընդունման դեմ, այլ սպասել «ինստիտուցիոնալ ընդդիմության» գալուստին։

Այլ կերպ ասած՝ Նիկոլը կոչ է անում բոյկոտել սահմանադրափոխության գործընթացը։ Ճիշտ այնպես, ինչպես քարոզում են Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանն ու մյուս ՀՀԿ–ականները, որոնք ուզում են ցույց տալ, թե, իբր, Սերժի համար միևնույն է՝ կանցնի՞ արդյոք հանրաքվեն, թե՞ ոչ։

Նողկալին այն է, որ Նիկոլն իր այս գեղամյանությանը փորձում է տալ «սաստիկ ընդդիմադիր» տեսք, բայց դե, քանի՞ հոգի կա, որ կհավատա նրա այս «կռուտիտներին»։

Գեղամյանական ձայնային տվյալներ ունեցող Նիկոլին թվում է, թե ինքը շուստրի է, իրականում շուստրի հարիֆ է, քանզի իր «տրյուկներով» կարող է միայն ինքն իրեն համոզել, որ չի բռնվի «գործի» վրա։

Նիկոլի «ինստիտուցիոնալ» հաճախորդությունը երևում է անգամ կիլոմետրանոց հեռավորությունից, և պարզապես ծիծաղելի են քաղաքական կոմերցիա իրականացնելու նրա փորձերը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Իրեն ինստիտուցիոնալ ընդդիմություն հռչակած Նիկոլ Փաշինյանն ասում է, թե կապ չունի՝ ինչ է գրված Սահմանադրության մեջ։ Կարևորն այն է, որ կարողանաս ընտրություններում հաղթել։

Փաստորեն, եթե անգամ տեսականորեն ենթադրենք, որ սերժական Սահմանադրության ընդունումից հետո նիկոլենք են դառնում «խորհրդարանական կայուն մեծամասնություն», ապա ստացվում է, որ նա է ուզում դառնալ ցմահ շեյխ՝ հնարավորություն ստանալով ԱԺ–ի միջոցով ցանկացած պահի փոխել Սահմանադրությունն իր ուզած տարբերակով։

Թե ինչ է սա նշանակում, թողնում ենք ընթերցողների գնահատականին։

Հ.Գ.–2։ Նիկոլն այսօրվա իր «լավաշի» միջոցով կաշվից դուրս է եկել՝ ապացուցելու համար, որ գործող և առաջարկվող Սահմանադրությունները համարյա նույնն են։ Սա քողարկված PR է «սահմանադրական» հեղաշրջման օգտին, քանզի հնարավոր չէ չնկատել, որ գործող Սահմանադրությամբ մեկ մարդը չի կարող դառնալ ցմահ շեյխ՝ «գենսեկական» «զամաշկաներով»։ Իսկ ահա փոփոխություններից հետո լրիվ հնարավոր է, քանզի հենց դա է բառացի նախատեսված «խորհրդարանական կայուն մեծամասնության» միջոցով։

«Ինստիտուցիոնալ» Նիկոլը, սակայն, այս խնդիրները չի տեսնում։ Իրեն թվում է, թե ինքն ավելի շուստրի է, քան Գեղամյանն ու մյուս հաճախորդները, որոնց Սարգսյանը վերջում մտցրել է ՀՀԿ–ի «պադվալ», ապա՝ համամասնական ցուցակ։

Հ.Գ.–3: Սահմանադրափոխությունը Սերժ Սարգսյանի համար ունի ոչ միայն ռազմավարական, այլ նաև ընթացիկ մարտավարական նշանակություն։

Ինչպես հայտնի է, նա գտնվում է գործող Սահմանադրության 50–րդ հոդվածով նախատեսված ժամանակային ճնշման տակ, և եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա նա պետք է հեռանա իշխանության ղեկից։

ՀՀԿ ղեկավարն առայժմ տիրապետում է ուժային լծակներին ու այդպիսով կարողանում է մնալ Բաղրամյան 26–ում։ Բայց քանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, նա այնքան թուլանում է, ու քանի որ չունի քաղաքական ժառանգորդ, կարող է չհասնել մինչև 2018 թվական։

Սահմանադրական գործընթացով, ըստ այդմ, նա ցույց է տալիս իշխանական բուրգին, որ մտադիր չէ հեռանալ, ու պատրաստվում է ցմահ իշխել՝ այդպիսով փորձելով կանխել կենտրոնախույս տրամադրությունները բուրգի ներսում։ Այնպես որ, սահմանադրափոխության գործընթացը Սարգսյանին այսօր օգնում է պահել աթոռը, և եթե նա այդ գործընթացի ժամանակ տապալվի, ապա նույն պահին էլ կվերածվի հեռացող նախագահի՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Հ.Գ.–4։ Նիկոլն ասում է, թե գործող Սահմանադրությամբ վարչապետն այնպիսի լիազորություններ ունի, որ կարող է նախագահին անկյուն մղել։ Ասածն այն է, որ եթե «ոչ»–ը հաղթի, ապա Սերժը ընտրությունները կարող է կեղծել, ու վարչապետ նստել՝ իրեն կից պահելով խամաճիկ նախագահի։

Սա էլ է խոշորագույն քաղաքական բլեֆ։

Գործող Սահմանադրությամբ մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարը ՀՀ նախագահն է։ Ասել է թե՝ ուժային բոլոր կառույցները ենթարկվում են նախագահին։

Հայաստանի տիպի երկրներում ուժային կառույցները նաև ոչ ֆորմալ կարգավիճակ ունեն, և ով տիրապետում է այդ ուժայիններին՝ կարողանում է իր ձեռքում պահել ամբողջ իշխանությունը։

Սերժ Սարգսյանն այսօր ունենալով գրեթե զրոյական լեգիտիմություն՝ աթոռին մնում է զուտ ուժայինների միջոցով։ Ճիշտ է, ուժային համակարգում ճաքեր կան, բայց դեռ այնքան չեն, որ հանգեցնեն իշխանափոխության։

Ցանկացած նոր մարդ, ով գործող Սահմանադրությամբ կստանձնի նախագահի պաշտոնը, անմիջապես կստանա ուժայիններին տնօրինելու ֆորմալ հնարավորությունն, ու Սարգսյանին կուղարկի թոշակի (դա՝ լավագույն դեպքում)։ Հատկապես որ ցանկացած մարդ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի ամենամտերիմ մարդը, այսօր եթե գործող Սահմանադրության շրջանակներում իշխանությունը վերցնի, պետական կառավարման համակարգից կհեռացնի Սերժ Սարգսյանին, որպեսզի կարողանա ի՛ր բուրգը ձևավորել, համ էլ՝ հանրային լեգիտիմություն ձեռք բերել (Սարգսյանն այսօր այնքան հակահերոսի կերպար ունի, որ նրան հեռացնող ցանկացած մեկը հսկայական «ֆորա» կստանա)։ Այլ հարց է, որ մեկը կարող է Սարգսյանին կուլտուրական ձևով հեռացնել, իսկ մեկ ուրիշը՝ կոպիտ ձևով։ Բայց, ամեն դեպքում, Սարգսյանին հեռացնելու հարցը օրակարգային կլինի ցանկացած նոր նախագահի դեպքում, եթե անգամ այդ նախագահը համակարգի «ներսից» գա, ու դա հնարավոր չէ չհասկանալ։

Այնպես որ, էժանագին վերլուծություններով հնարավոր չէ մոլորեցնել հանրությանը և տանը նստելու կոչ անել։

Նոր Սահմանադրության անցկացումը կենսական նշանակություն ունի Սերժ Սարգսյանի համար, իսկ դրա տապալումը իշխանափոխության ուղիղ ճանապարհ է բացում։ Չտեսնել սա նշանակում է լինել կա՛մ անմեղսունակ, կա՛մ հաճախորդ։

Նիկոլն ակնհայտորեն քաղաքական անմեղսունակությամբ չի տառապում և շատ լավ տիրապետում է քաղաքական աճուրդի բոլոր նրբություններին։ Դրա համար էլ հաղթել է ներհաճախորդական պայքարում՝ դառնալով թիվ մեկ հաճախորդը, կամ էլ՝ ամեն ինչ անում է, որպեսզի հաղթի այդ ներտեսակային պայքարում։

Այս խորագրի վերջին նյութերը